Ես մեղավոր եմ, որ 2018-19 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ՝ բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդարանում ունեցած նրա ելույթի՝ Ղարաբաղյան խնդրին, 2020 թվականի պատերազմին և հետպատերազմական զարգացումներին, հայ-ադրբեջանական ընթացիկ բանակցություններին վերաբերող հատվածները՝ ստորև․
— Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար։ Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո՝ հողեր հանձնելու և դավաճանության մեջ։
Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ։
Հանձնելով գուցե փրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա։
Սրանով պատմությունը չի ավարտվում։ Որովհետև մի հարց է՝ ժամանակին հանրության, ժողովրդի հետ խոսելը, երկրորդ հարցն է՝ զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը, երրորդ հարցն է այդ ամենը կյանքի կոչելը։
— Այսօր ասում են՝ կարո՞ղ էին կանխել պատերազմը։ Կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի։
— Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Միջազգային հանրությունն ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում մեզ վրա հույս չդնեք:
— Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել․ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է:
Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք ԼՂ կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները:
— Այստեղ, իհարկե, հարց է առաջանում նաև ԼՂ-ում ՌԴ խաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։ Ինչու է տարակուսանքի տեղիք տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանքը նախատեսված է ՀՀ և ԼՂ կապը պահելու համար։ Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու․․․
—Ուկրաինայի իրադարձությունների բերումով Մինսկի խմբի համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են․ սա սկիզբ է առել դեռ 2011թ. Սիրիայի իրադարձություններից, ինչը անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանային զարգացումների վրա։
— Բանակի երկարամյա քաղաքականացումը, նրա լիարժեք ներգրավումը կոռուպցիոն շղթաներում դարձան այն համակարգային խոցերից, որոնք կանգնեցրին մեզ աղետի առաջ։
Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը [2021-ի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ներխուժումը], անշուշտ, զինված ուժերի և կառավարության բացթողումն է: Բայց այն, թե ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ՝ ձախողում էր նաև կազմակերպության համար:
Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել:
— 44-օրյա պատերազմի հայկական կողմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է: