Մարտի 24-ի Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախում գազի մատակարարման խնդրին։
Արդեն 3 օր է՝ Արցախի հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից։ Մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը և ի վերջո նորոգեց։
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ գազատարի վրա տեղադրվել է փական և մարտի 18-ին 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո, Ադրբեջանը մարտի 21-ին արդեն առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը, այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը։
«Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին․․․ Բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի»,- ընդգծում է Փաշինյանը։
«Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում։ Ադրբեջանը արդեն շուրջ մեկ ու կես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44 օրյա պատերազմում։ Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր հենց այս պահին շուրջ 117000 հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը և խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար։
Այս իմաստով խիստ խորհրդանշական և խոսուն է Ադրբեջանի արտգործնախարարության նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է։ Եթե դիվանագատիկան լեզվից թարգմանել այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այս կողմ մի նայեք և թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ չակերտավոր հակաահաբեկչական գործողությունների անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը։
Սիրելի հայրենակիցներ, իհարկե շատերն այս իրադրությանը արձագանքում են հիշեցնելով և քննադատելով՝ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքանությունը։ Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած քաղաքականությունը այլընտրանք չունի։ Ընդհակառակը՝ իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմազցնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար։ Բայց մենք չպետք է տրվենք այդ և այդօրինակ սադրանքներին»։
Վարչապետը նաև նշել է, որ հայկական կողմը առաջարկել է սահմանից զորքերը հայելային ձևով հետ քաշել՝ հաշվի առնելով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը, և սպասում է Ադրբեջանի արձագանքին։
«Մասնավորապես՝ Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից։ Այսպիսով, երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,- ասել է նա։