Հայաստանի կառավարությունն անտեսում է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունները սկսելու վերաբերյալ հայտարարությունները, պնդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԵՄ մի շարք երկրների արտգործնախարարների հետ զրույցում:
«Հայաստանի կառավարությունը անտեսում է մեր ցանկացած հայտարարություն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունները սկսելու վերաբերյալ: Սակայն հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին: Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք»։
Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ «Ղարաբաղի հակամարտությունը լուծված է», և այդ հարցում բանակցելու ոչինչ չկա։ Փոխարենը՝ Ալիևը շարունակում է խաղաղասիրական կոչեր անել։
«․․․Եթե Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր չունենք, դա նշանակում է, որ չկա նաև խաղաղություն: Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջև, այլև Հարավային Կովկասում: Մեզ պետք է խաղաղություն և կայուն զարգացում, կանխատեսելիություն, պատերազմի զրոյական ռիսկ: Մեզ պատերազմ պետք չէ»,- ասել է պաշտոնյան:
Ալիևը շեշտել է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սոսկ հրադադարի համաձայնագիր չէ
«Ով կարդա այս փաստաթուղթը, կտեսնի, որ այն ընդգրկում է շատ այլ հարցեր: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Մենք շրջեցինք այս էջը և պատրաստ ենք առաջ գնալ և նպաստել տարածաշրջանային կայունությանը»,-ասել է Բաքվում ապրող նախագահը: