Բելառուսցի լրագրող Ռոման Պրոտսևիչին և նրա ընկերուհուն՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգային տեղափոխել են տնային կալանքի։ Այս մասին BBC-ի հետ զրույցում պատմել են քաղբանտարկյալների ծնողները։
Պրոտասևիչի հայրը՝ Դմիտրին, դժվարանում է մեկնաբանել Լուկաշենկոյի և նրա վարչախմբի այս քայլն ու դրա նպատակները։ Մեղադրանքներն, ըստ Դմիտրի Պրոտասևիչի, դեռ հանված չեն ոչ Ռոմանի, ոչ Սոֆյայի վրայից։
«Գուցե ինչ-որ քաղաքական խաղ է ընթանում․․․Նրանք, միևնույնն է, իշխանությունների ամբողջական հսկողության տակ են։ Քննությունը կատարվում է։ Մենք ակնհայտորեն չենք ուրախացել։ Փաստաբանը ոչինչ չի ասում, իշխանությունները ոչինչ չեն ասում։ Եթե խափանման միջոցն են փոխել, ապա դա նրանց կենցաղային պայմանների բարելավում է։ Մնացած մասով՝ անհայտ է, թե հետագայում ինչ կլինի», – ասել է քաղբանտարկյալ լրագրողի հայրը։ Բելառուսը ղեկավարող ռեժիմը թույլ չի տալիս լրագրողին հանդիպել իր ընտանիքի հետ, ինչը Պրոտասևիչ-ավագը «ծաղր» է համարում։
Սապեգայի ծնողների համար այս լուրը անակնկալ է եղել։
«Մենք շոկի մեջ ենք․․․Իհարկե, ուրախ ենք, որ նա մեկուսարանում չէ։՝ դա կյանքի բոլորովին այլ պայմաններ է [ենթադրում]: Առանձնակի հավատ չունեինք, որ սա տեղի կունենա։ Սոֆյայի տրամադրվածությունը առայժմ դրական է»,- պատմել է Սապեգայի խորթ հայրը։ Սոֆյա Սապեգան, ի տարբերություն Ռոման Պրոտասևիչի, օրերս կարողացել է ընտանիքին հանդիպել։
Ըստ Սապեգաների ընտանիքի փաստաբան Անտոն Գաշինսկու՝ Սապեգան ընտանիքին հանդիպելիս եղել է տղամարդու հետ, ով նման է Պրոտասևիչին։ Փաստաբանը պնդում է, որ այս փոփոխությունը տեղի է ունեցել շնորհիվ Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների, ինչպես նաև Մինսկում Ռուսաստանի դեսպանի ջանքերի, ով, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատրաստվում է հնարավորինս շուտ այցելել Սապեգային։ Գաշինսկու տվյալներով քաղբանտարկյալին շուրջօրյա հսկում է ԿԳԲ-ի երկու ներկայացուցիչ։
Պրոտասևիչը ևս հսկողության տակ է։ Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետանա Տիխանովսկայայի խորհրդական Ֆրանակ Վիաչորկան գրել է, որ չնայած տեղափոխությանը՝ Պրոտասևիչը հիմա «մեկ այլ տիպի բանտում է»։
«ԿԳԲ-ի աշխատակիցները նրա հետ նույն սենյակում են ապրում։ Ռոմանի հետ ծնողները կոնտակտ չունեն, և վախենում են, որ նա Արևմուտքի հետ սակարկության առարկա կդառնա»։
I just spoke to Raman Pratasevich's parents. He was moved to house arrest. But it's not freedom. It is a prison of different type. KGB people live in the same room with him. Parents dont have contact with Raman, & they are afraid that he will be for bargaining with the West. pic.twitter.com/bQwZvVkCrb
— Franak Viačorka (@franakviacorka) June 25, 2021
Վյաչորկան պնդում է նաև, որ Բելառուսի արտգործնախարարը զանգահարել է ԵՄ մի շարք երկրների ԱԳՆ ցեկավարներին՝ խոստանալով որոշ քաղբանտարկյալների տեղափոխել տնային կալանքի։
Ընդդիմադիրները ենթադրում են, որ սա սակարկություն է՝ Բելառուսի և այն ղեկավարող ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման ակնկալիքով։
Երեկ ԵՄ-ն Մինսկի նկատմամբ սահմանել էր պատժամիջոցների հերթական փաթեթը՝ սահմանափակելով Բելառուսից նավթամթերքի և կալիումի քլորիդի արտահանումը դեպի ԵՄ երկրներ, ինչպես նաև հաղորդակցային սարքավորումների ներմուծումը՝ դեպի Բելառուս։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին Մինսկում ձերբակալվել են Nexta տելեգրամ-ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչը և իր ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան։
Բելառուսում «ծայրահեղական կազմակերպություն» ճանաչված ընդդիմադիր լրատվամիջոցի նախկին խմբագիրը բերման է ենթարկվել Մինսկում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռից։ Աթենքից Վիլնյուս թռչող օդանավը (Ryanair) Լիտվայի սահմանը հատելուց մի քանի րոպե առաջ կտրուկ շրջադարձ է կատարել և բելառուսական կործանիչների ուղեկցությամբ վայրէջք իրականացրել Մինսկի օդանավակայանում։ Ryanair-ից հայտարարել են, որ օդանավին իբր սպառնացող վտանգի մասին իմացել են բելառուսական կողմից, ստուգումների արդյունքում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Լրագրողի և իր ընկերուհու ձերբակալությանը հաջորդել են Արևմուտքի մի շարք պատժամիջոցները, այդ թվում՝ գրեթե ամբողջությամբ «փակելը» Բելառուսի երկինքը՝ դադարեցնելով ավիահաղորդակցությունը Մինսկի և Արևմուտքի երկրների միջև։
Այս թեմայով՝ Ի՞նչ է Ալեքսանդր Լուկաշենկոն