Բելառուսում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների և գալիք նախագահական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին Յութուբի իր հերթական հոլովակում անդրադարձել է ռուսական բլոգեր, «Сталингулаг» և «Саня из Дагестана» հանրահայտ տելեգրամ֊ալիքների հեղինակ Ալեքսանդր Գորբունովը։
Լուկաշենկոն ծնվել է 1954 թվականի օգոստոսի 30-ին Վիտեբսկի մարզի Արշանսկի շրջանի Կապիս գյուղում։ Մեծացել է առանց հոր։ Բարդ աշակերտ էր, հաշվառված էր ոստիկանությունում։ 1975 թվականին ավարտել է Մանկավարժական համալսարանը, որից հետո ծառայության է անցել Պետական անվտանգության ծառայության (ԿԳԲ) սահմանապահ զորքերում։ Ըմբոստ չէր, իրեն միանգամայն խորհրդային ձևով էր պահում, մտադիր էր դասական խորհրդային կարիերա կառուցել։ Առանց վառ արտահայտված մասնագիտական ընդունակությունների, բայց մեծագույն եռանդով, ծառայությունից հետո նա սկսում է ակտիվ հասարակական աշխատանքով զբաղվել: Մտնում է ԽՄԿԿ (Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն) և 1987 թվականին հասնում խորհտնտեսության տնօրենի պաշտոնին։
Երկու տարի անց նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում՝ աշխատավայրում ծեծի հոդվածով։ Լրագրողական հետազոտությկան արդյունքում պարզ է դառնում, որ խորհտնտեսության ղեկավարը հասցրել էր ծեծի ենթարկել մեքենայացման 12 մասնագետներից 8-ին: Բայց քանի որ 90-ականներին նա Գերագույն խորհրդի պատգամավոր է դառնում ու անձեռնմխելիություն ձեռք բերում, գործը կասեցվում է։
1993 թվականին Լուկաշենկոն գլխավորում էր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը։ Գործնական օգուտ դա չուներ, բայց պատգամավորը սիրում էր պարբերաբար ամբիոնից հռետորական ելույթներ ունենալ ու վատաբանել պաշտոնյաներին։ Իր ճառերում նա միշտ արդարության և կաշառակերներին պատժելու կողմից էր։ Լինելով գյուղական միջավայրից դուրս եկած մարդ, ով միշտ ասում է այն, ինչ բոլորն ուզում են լսել, 1994 թվականին նա լիակատար հաղթանակ է տանում Բելառուսի առաջին նախագահի ընտրություններում։ Նախագահության առաջին երդման ժամանակ նա Լինկոլնին է մեջբերում․ «Ժողովրդավարությունը ժողովրդի կառավարությունն է՝ ընտրված ժողովրդի կողմից և ժողովրդի համար», և հայտարարում, որ Բելառուսում հնարավոր միակ դիկտատուրան օրենքի դիկտատուրան կարող է լինել։
Ընդհամենը մեկ տարի անց, սակայն, թագավորությունը ղեկավարելը Լուկաշենկոյին քիչ թվաց։ 1995 թվականին նա որոշեց հանրաքվե իրականացնել, որպեսզի նախագահին, այսինքն՝ իրեն, հնարավորություն տրամադրվի վաղաժամ լուծարելու հանրապետության Գերագույն խորհուրդը։ Իսկ Լուկաշենկոյի ձևակերպումների հետ անհամաձայնություններ հայտնող պատգամավորները, ովքեր հացադուլ էին հայտարարել և նիստերի դահլիճում էին մնում, ծեծի ենթարկվեցին Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՈՆ) ծառայողների կողմից։
Հանրաքվե կազմակերպելը Լուկաշենկոյին այնքան դուր եկավ, որ հենց հաջորդ տարի նա ևս մեկ հանրաքվե հայտարարեց, որի արդյունքներով նախագահի համար իրական թագավորական իշխանություն է ապահովվում․ նախագահը միանձնյա որոշմամբ կարող է լուծարել խորհրդարանն ու անձամն նշանակել նախարարներին։ Այս հանրաքվեի անց կացման դեմ էին խոսում թե՛ Գերագույն խորհուրդը, թե՛ Սահմանադրական դատարանը։ Ի վերջո Սահմանադրական դատարանը համաձայնեց ընդունել հանրաքվեի արդյունքները՝ առանց Մայր օրենքում փոփոխություններ մտցնելու։ Նման մանրուքները Լուկաշենկոյին կանգնացնել չէին կարող․ փոփոխություններն այնուամենայնիվ հաստատվեցին։
Այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Վիկտոր Գոնչարը՝ Լուկաշենկոյի նախկին դաշնակիցը։ Գոնչարը բաց հայտարարեց, որ քվեարկության ժամանակ հաստատված մեծ թվով ընտրախախտումների պատճառով չի կարող հաստատել հանրաքվեի արդյունքները։ Նույն օրը Լուկաշենկոն Գոնչարին աշխատանքից ազատելու հրաման արձակեց և բռնի դուրս վռնդեց գրասենյակից՝ ևս մեկ անգամ խախտելով Սահմանադրությունը․ Բելառուսի նախագահը ԿԸՀ ղեկավարին աշխատանքից հեռացնելու լիազորություններ չունի։ Սահմանադրության համաձայն, դա կարող է իրականացնել միայն Գերագույն խորհուրդը։
Հենց այդ ժամանակ Բոբրույսկից Մինսկ էր գալիս իրավաբանական խորհրդատու Լիդիա Երմոշինան, ով ԿԸՀ֊ում աշխատում էր Մագիլյովի մարզի քվոտայով։ Ահա թե ինչպես է նա այդ մասին հիշում հարցազրույցներից մեկում․ «Ճիշտն ասած ընտրություններով նախկինում երբեք չէի զբաղվել և շատ աղոտ պատկերացում ունեի ԿԸՀ աշխատանքի մասին։ Մեծ հաշվով քաղաքականությամբ էլ ընդհանրապես չէի հետաքրքրվում։ Համաձայնեցի ԿԸՀ անդամ դառնալ բացառապես դեպի Մինսկ հաճախակի գործուղումների պատճառով»։ Այսպիսի բարձր որակավորմամբ Երմոշինան 1996 թվականին զբաղեցնում է Բելառուսի ԿԸՀ նախագահի պաշտոնը։ Ի տարբերություն Գոնչարի, Երմոշինան առանց տատանվելու ընդունում է նախագահի առաջարկն ու հաստատում քվեարկության արդյունքները, որոնցով Լուկաշենկոն զրոյացնում է իր ժամկետները հեռավոր 1996 թվականին։ Արդեն այն ժամանակ նրա նախագահական ժամկետների հաշվարկը սկսվում է զրոյից։
ԿԸՀ նախագահի պաշտոնից բռնությամբ հեռացված Գոնչարին և հանրաքվեի արդյունքերի հետ անհամաձայն պատգամավորներին հաջողվել էր ստորագրություններ հավաքել Լուկաշենկոյի իմպիչմենթի համար։ Գերագույն խորհրդի ու Սահմանադրական դատարանի հետ անհամաձայնությունները հարթեցնելու համար պատվիրակություն էր ժամանել Մոսկվայից՝ Վիկտոր Չեռնոմիրդինի գլխավորությամբ։ Գերագույն խորհրդի և Սահմանադրական դատարանի ներկայացուցիչները համաձայնեցին դադարեցնել իմպիչմենթի գործընթացը՝ հանրաքվեի արդյունքների չեղարկման դիմաց։ Մինչ բանակցություններն ընթանում էին, 12 պատգամավորներ ստիպված եղան հետ վերցնել իրենց ստորագրությունները՝ իրենց և իրենց ընտանիքների վրա գործադրված ճնշման պատճառով։ Ստորագրությունների անբավարարության պատճառով իմպիչմենթի գործընթացը կասեցվեց։
Հանրաքվեի արդյունքների բռնի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական ներկայացրեց։ Կարճ ժամանակ անց Լուկաշենկոն ցրեց Գերագույն խորհուրդը։ Այս որոշման հետ անհամաձայն պատգամավորները միևնույն է հայտարարեցին այլընտրանքային խորհրդի և այլընտրանքային ԿԸՀ֊ի ստեղծման մասին, որը ղեկավարում էր Վիկտոր Գոնչարը։ Այս ամենից հետո նախաձեռնության բոլոր մասնակիցները ձերբակալվեցին, իսկ Գոնչարն անհետ կորավ։
Հետագա տարիներին Լուկաշենկոյի հետ սկզբունքային անհամաձայնություններ հայտնած մարդիկ շարունակում էին անհետ կորել։ Նրանցից շատերի ճակատագրի մասին տեղեկություններ չկան մինչև օրս։
2004 թվականին՝ 16 տարի առաջ, ևս մեկ հանրաքվե հայտարարվեց, որի արդյունքների համաձայն Բելառուսի բնակչության 79.5 տոկոսը թույլ է տալիս Լուկաշենկոյին կառավարել հավերժ։ Բելառուսի Սահմանադրությունը նույն մարդուն արգելում էր նախագահի պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու անգամ, ինչի պատճառով 2006 թվականին Լուկաշենկոն առաջադրվել չէր կարող։ 2004-ին նախագահության ժամկետները սահմանափակող կետը Սահմանադրությունից վերացվեց։ Մայր օրենքը Բելառուսում արգելում է նախագահի ընտրության հետ կապված հարցերի հետ կապված հանրաքվե հայտարարել, և իրավաբան Երմոշինան այդ մասին չիմանալ չէր կարող։ Այնուամենայնիվ, 2004 թվականին Լուկաշենկոյի ժամկետները ևս մեկ անգամ զրոյացան, այս անգամ արդեն՝ հավերժ։
2006 թվականի նրա երրորդ ընտրությունները հիշարժան դարձան ընդդիմության կոպիտ ճնշմամբ։ Բողոքի ակցիաներին մասնակցում էին քվերակության արդյունքների հետ անհամաձայն շուրջ 200 հազար քաղաքացի։ Մինսկի գլխավոր հրապարակում ցուցարարները վրանային ճամբար էին ստեղծել։ Հանրահավաքվերի չորրորդ օրը Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները բիրտ ուժի կիրառմամբ ցրեցին բողոքի ակցիան։ Տուժեցին տասնյակ ցուցարարներ, ավելի քան 500 մարդ ձերբակալվեց։ Լուկաշենկոն վերընտրվեց՝ հավաքելով ընտրողների ձայների 82 տոկոսը։
ԿԸՀ֊ն քարոզարշավի և ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների մասին 231 ահազանգ էր ստացել, որոնցից ոչ մեկը քննության չենթարկվեց հանձաժողովի կողմից։ Աշխատանքը գործընկերներին չթողնելով, Լիդիա Երմոշինան անձամբ էր պատասխանում լրագրողների հարցերին, նշելով, որ ընտրակեղծարարության մասին հայտարարություններ չեն ստացվել, ապացույցներ չկան։
Այն մասին, որ ընտրությունների արդյունքները 2006 թվականին կեղծվել են, 2010 թվականին հայտարարել է ինքը՝ Լուկաշենկոն, պնդելով, որ իրականում իր օգտին քվեարկածների թիվն ավելի մեծ է եղել։ «Այդ ընտըրություններին իմ օգտին քվեարկել է ընտրողների 93 տոկոսը, բայց մենք 83 գրանցեցինք»։
2010-ին Լուկաշենկոյի չորրորդ ընտրություններն էին։ Ընդդիմադիր թեկնածուների կազմակերպած ցույցերին մասնակցում էին մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ։ Ներքին գործերի նախարարության զորքերն այս անգամ ևս բիրտ ուժ կիրառեցին։ 639 մարդ ձերբակալվեց։
Լուկաշենկոյի հինգերորդ ընտրությունները անցան նմանատիպ ձևով։ Սկզբում թեկնածուների գրանցումը հույս էր ներշնչում։ Սակայն անկախ թեկնածուների մեծ մասը իրենք ինքնակամ հանեցին թեկնածությունը մինչև քվեարկությունը։ Իսկ Լուկաշենկոն, ում վարկանիշը 50 տոկոսի էլ չէր հասնում, վերընտրվեց՝ Երմոշինայի թեթև ձեռքով ապահովելով իր 83 տոկոսը։ Ընտըրությունների արդյունքներն անհապաղ ճանաչվեցին Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ նահանգների կողմից։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հրաժարվեց այդ ընտրությունները ժողովրդավարական ճանաչել։ Ոչ դա, ոչ էլ մարդաշատ բողոքի ակցիաներն առանձնակի ուշադրության չարժանացան։
Այս տարվա օգոստոսի 9-ին նախատեսվում է անց կացնել Լուկաշենկոյի 6-րդ ընտրությունները։ Հունիսի 19-ին ավարտվեց անկախ թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ ստորագրահավաքն ու թեկնածուների գրանցումը։ Այս պահին Լուկաշենկոն 10 հակառակորդ ունի, որոնցից առավել ազդեցիկ են ինքնառաջադրված թեկնածուները։ Գրանցված թեկնածուներից է Վալերի Ցեպկալոն՝ Բելառուսի բարձր տեխնոլոգիաների պարկի հիմնադիրը, Վիկտոր Բաբարիկոն՝ Բելգազպրոմբանկի նախկին կառավարիչը, ով ձերբակալվել է հունիսի 18-ին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել վեց հոդվածներով։ Երրորդ թեկնածուն Սվետլանա Տիխանովսկայան է, ում ամուսնուն՝ բլոգեր Սերգեյ Տիխանովկայային, հաճախ բելառուսական Ալեքսեյ Նավալնի (ռուսական ընդդիմության առաջնորդ) են անվանում։ Բելառուսի ԿԸՀ֊ն Տիխանովսկու գրանցումը մերժել է։
Երկրում բողոքի ակցիաները շարունակվում են ավելի քան մեկ ամիս։ Բերման է ենթարկվել ավելի քան 100 քաղաքացի։
Ի դեպ, Լիդիա Երմոշինան գլխավորում է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ օրս, նշելով, որ իր վրա երբևէ ճնշումներ չեն գործադրվել պետական պաշտոնյաների, առավել ևս՝ նախագահի կողմից։
հոլովակն ամբողջությամբ՝ Ստալինգուլագի յութուբի ալիքում