Home / Մշակույթ / Նահանգներում ցուցարարներն ապամոնտաժում են ստրկատիրության խորհրդանիշերի արձանները

Նահանգներում ցուցարարներն ապամոնտաժում են ստրկատիրության խորհրդանիշերի արձանները

Միացյալ Նահանգներում ռասայական հիմքով խտրականությունների և ոստիկանական ամենաթողությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են տապալել ռասիզմը և ստրկատիրությունը փառաբանող արձանները։

Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում, որը 1861-65 թվականներին քաղաքացիական պատերազմում պարտություն կրած ստրկատիրական կոնֆեդերացիայի նախկին մայրաքաղաքն էր, իջեցվել է Կոնֆեդերացիայի նախագահ Ջեֆերսոն Դևիսի արձանը։

Պորտսմութ քաղաքում հեռացվել են նույն կոնֆեդերացիայի անդամներին նվիրված չորս հուշարձաններ։

Ռիչմոնդում ցուցարարների կողմից ապամոնտաժվել է նաև Քրիստափոր Կոլումբոսին նվիրված հուշարձանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ Կոլումբոսը, ով ավանդապես համարվում է եվրոպացիների համար ամերիկյան մայրցամաքը բացահայտողը, Ամերիկայի բնիկ ժողովուրդների ճնշման խորհրդանիշն է դարձել։

Կոլումբոսի արձանն իջեցվել է նաև Մինեսոտա նահանգի մայրաքաղաք Սեյնթ Փոլ քաղաքում։ Ավելի վաղ ցուցարարները կտրել էին Բոստոնում տեղակայված Կոլումբոսի արձանի գլուխը։

Նշված բոլոր դեպքերում արձաններն ապամոնտաժվել են առանց համապատասխան գերատեսչությունների թույլտվության։ Ոստիկանությունը, սակայն, չի փորձել կանգնեցնել ցուցարարներին։

Վիրջինիայի նահանգապետ, Ժողովրդավարական կուսակցության անդամ Ռալֆ Նորթեմը խոստացել է մոտ ժամանակներում պաշտոնապես ապամոնտաժել ստրկավաճառների կոնֆեդերացիայի անդամ Ռոբերտ Լիի արձանը։

«Սև կյանքերը կարևոր են» խորագրով բողոքի ակցիաները սկսվել են ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից։ ԱՄՆ մի շարք նահանգներում պետական մակարդակում քննարկվում է ստրկավաճառության և ռասայական խտրականությունների խորհրդանիշ դարձած հասարակական գործիչների արձանների ապամոնտաժման հարցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստրկավաճառների կոնֆեդերացիայի անդամների անուններով անվանակոչված ռազմական բազաները չեն վերանվանվի։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին վրդովմունք է հայտնել կոնֆեդերացիայի գեներալների անուններով կոչված բազաները (օրինակ Ֆորտ Հուդը Տեխաս նահանգում կամ Ֆորտ Բրեգը Հյուսիսային Կարոլինայում) ռասիստական համարելու հետ կապված։ Նրա խոսքով, ԱՄՆ հիմնադիրներից շատերն են ստրկատերեր եղել, «հիմա պետք է առաջին նախագահների անունները կրող ինստիտուտներն է՞լ անվանափոխենք»։

https://twitter.com/realDonaldTrump/status/1270787974880526337

Ստրկավաճառների արձաններից փորձում են ազատվել նաև Եվրոպայում։ Բրիսթոլի բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները տապալել էին ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի արձանը։ Լոնդոնում գրաֆիթիներ էին պատկերել Ուինսթոն Չերչիլի արձանի վրա։ Երեքշաբթի օրը Անտվերպենում ապամոնտաժվել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ Երկրորդի արձանը․ ցուցարարներն այն կարմիր էին ներկել ու այրել։