Իսրայելը և Համասը այսօր Եգիպտոսում ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկած հրադադարի ծրագրի առաջին փուլի փաստաթղթերը։ Պայմանագիրը նախատեսվում է վավերացնել հոկտեմբերի 9-ին, իսկ գերիների փոխանակության առաջին փուլը կկայանա երկու օր անց։
Truth Social-ում Թրամփը գրել է, որ «բոլոր գերիները շուտով ազատ կարձակվեն», իսկ Իսրայելը «զորքերը հետ կտանի մինչև համաձայնեցված գիծը»։
Թրամփը բազմիցս հանրայնորեն խոսել էր Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու իր ցանկության մասին։ Այս տարվա մրցանակաբաշխությունը կայանալու հոկտեմբերի 10-ին։ Որոշ քաղաքական մեկնաբաններ Իսրայել-Համաս համաձայնագրի արագացված ստորագրումը կապում են այս «դեդլայնի» հետ։ Հատկանշական է, որ Truth Social-ում Թրամփը պայմանագրի մասին գրառումն ավարտել է «Օրհնված են խաղաղարարները» արտահայտությամբ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ այսօր կառավարական նիստ կգումարի, որի շրջանակներում կվավերացնեն փաստաթուղթը՝ որակելով այն որպես «դիվանագիտական, ազգային և բարոյական հաղթանակ Իսրայել պետության համար»։ Պատերազմին վերջ դնելու և խաղաղության հասնելու մասին Իսրայելի վարչապետը ոչինչ չի ասել։
Համասի ներկայացուցիչները ևս հաստատել են համաձայնության գալու փաստը, նշելով, որ այս անգամ «Գազայում պատերազմն իրոք կավարտվի», իսկ «իսրայելական զորքերն ամբողջությամբ դուրս կգան» Գազայի տարածքից։ Համասը հույս է հայտնել, որ պայմանագրի վավերացումից հետո հումանիտար աջակցությունը կհասնի պաղեստինցիներին, իսկ իսրայելական բանտերում պահվողները կվերադառնան։ Բի-բի-սիի աղբյուրը՝ բարձրաստիճան պաղեստինական պաշտոնյա, հայտնել է, որ Իսրայելը հենց առաջին օրերին Գազա ներս կթողնի հումանիտար աջակցության ավելի քան 400 բեռնատար։ Թեև Գազայի բլոկադան այս պատերազմով չի սկսվել՝ 2023-ի ռազմական ներխուժումից հետո անկլավը զրկվել է սննդի մատակարարման գրեթե բոլոր ուղիներից, մնալով իսրայելական բանակի թույլատրած հումանիտար օգնության հույսին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայում մասսայական սով է, բնակչության մեծամասնությունը կանգնած է սովամահ լինելու եզրին, ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են, որ իսրայելական բանակը կրակ է բացում նաև հումանիտար օգնության համար հերթ կանգնած մարդկանց վրա (վերջին չորս ամսում սննդի հերթերում մոտ հազար հինգ հարյուր մարդ է սպանվել՝ ահազանգում են ՄԱԿ-ի առաքելությունները)։
Պայմանագրի կետերը համաձայնեցնելու շուրջ բանակցությունները ուղիղ չէին. միջնորդներն էին Մերձավոր Արևելքում Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և ներկայացուցիչներ Եգիպտոսից, Քաթարից և Թուրքիայից։
Վերլուծաբանները զգուշացնում են, որ այս համաձայնագիրը որևէ տեսակի տևական խաղաղության երաշխիք չէ։
«Սա ընդամենը համաձայնություն է առաջին կետի շուրջ։ Գերիների փոխանակություն կլինի, կդադարեցվի Գազայում ընթացող լայնածավալ սպանդը, կտրամադրվի հումանիտար աջակցություն։ Բայց դեռևս պարզ չէ՝ կշարունակվի՞ ցեղասպանությունը, թե՞ ոչ։ Պարզ չէ, թե արդյո՞ք Իսրայելը թույլ կտա, որ Գազան վերակառուցվի», – Al Jazeera-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Օմար Բադարը։
համասը չգիտի պատանդների տեղը
2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատանդառված 251 հոգուց այժմ գերության մեջ են 48-ը։ Իսրայելական կողմի գնահատմամբ, նրանցից 20-ը կենդանի են։
Պայմանագիրը վավերացնելու դեպքում Իսրայելը պարտավորվում է զորքերը հետ քաշել մինչև համաձայնեցված գիծը։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը CBS News-ին հայտնել է, որ զորքերի տեղաշարժը նախատեսվում է իրականացնել 24 ժամում, որից հետո Համասը գերիներին պետք է վերադարձնի 3 օրվա ընթացքում։ Այսինքն, CBS-ի զրուցակցի գնահատմամբ, գերիները Իսրայել կվերադառնան եկող երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին։ Associated Press-ի տվյալներով, Համասը պատրաստվում է կենդանի մնացած պատանդներին ազատ արձակել այս շաբավա վերջ։
Ըստ CNN-ի, պաշտոնական Թել Ավիվը ենթադրում է, որ Համասը չի կարողանա օպերատիվ ձևով վերադարձնել մահացած գերիների մարմինները. որոշների գտնվելու վայրի մասին խմբավորումը տեղեկություններ չունի։ Հեռուստաընկերության գնահատմամբ խոսքը 7-15 մարմինների մասին է։ Սա հայտնի էր դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք։ Քաղաքացիների մի մասին գերեվարել էր ոչ թե Համասը, այլ ուրիշ խմբավորումներ, որոնք ամբողջությամբ չեն ենթարկվում Համասին։
Իսրայելը կռուտիտի տեղ ունի/Իսրայելը երկարացնում է
Համասը և Իսրայելը դեռևս համաձայնության են եկել Թրամփի ծրագրի միայն առաջին փուլի մասով։ Պայմանագիրը 20 կետ ունի. Իսրայելը համաձայն է ամբողջությամբ, Համասը՝ մասամբ։
Առաջին փուլի մեջ չեն մտնում ամենախնդրահարույց կետերը։ Դրանցից է Համասի ամբողջական զինաթափման հարցը. խմբավորումը հայտարարել է, որ վայր կդնի զենքերը միայն Պաղեստին պետություն ստեղծելու դեպքում։ Խաղաղ պայմաններում Պաղեստինի կառավարման հարցը ևս օդում է։
Al Jazeera-ի ավագ քաղաքական վերլուծաբան Մարվան Բիշարայի խոսքով, թեև համաձայնագրի «նախնական փուլի նախնական փուլը» կարծես թե տեղից շարժվում է, Իսրայելի և Համասի միջև դեռևս կան «լուրջ անհամաձայնություններ»։ Այդ թվում են իսրայելական զորքերի հետ քաշման ժամկետներն ու ծավալները, Գազայի անկլավում հետպատերազմական վարչակազմի ձևավորումը, Համասի հետագա ճակատագիրը։
Պայմանագրի երկրորդ կետը, որը դեռևս համաձայնեցման փուլում է, պետք է ներառի իսրայելական ուժերի ամբողջական դուրս բերում, Համասի զինաթափում և նոր անվտանգային և կառավարական մարմինների հիմնում Գազայում։
Բի-բի-սիի պաղեստինական աղբյուրը պատմել է, որ Համասը դեռևս իսրայելական կողմից չի ստացել գերիների դիմաց վերադարձվող դատապարտյալների հստակ ցանկը։ Associated Press-ը գրում է, որ խմբավորումը ցուցակ է փոխանցել Իսրայելին, բայց Իսրայելն այն դեռևս չի հաստատել։
Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսիանը շեշտել է, որ իսրայելական կողմը չի պատրաստվում որպես փոխանակման մաս ազատ արձակել պաղեստինական առաջնորդ Մարվան Բարղութիին, որը ձերբակալվել է 2002 թվականին, բայց մինչ օրս ամենացանկալի առաջնորդն է պաղեստինցիների համար։ Բեդրոսիանը նշել է, որ պայմանագրի առաջին փուլից հետո Իսրայելը դեռ վերահսկողություն է ունենալու Գազայի տարածքի կեսից ավելիի վրա։
կենացներ
Վաղ առավոտից համաձայնագրի շուրջ տոնակատարություններ են։ Թել Ավիվում գերիների հարազատները շամպայնով տոնում էին պայմանագրի ստորագրման մասին լուրը, վանկարկում էին «Նոբելյան մրցանակ Թրամփին»։
Տոնում են նաև Գազայում, բայց իսրայելական զինվորականները զգուշացրել են տեղացիներին, որ սեկտորի հյուսիսային մասեր դեռ վաղ է վերադառնալ, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը ողջունել է հակամարտության կարգավորման այս առաջընթացը։ Նա կողմերին կոչ է արել «օգտվել այս հնարավորությունից և հուսալի քաղաքական ուղի ստեղծել օկուպացիայի դադարեցման, Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և երկու ժողովուրդների համար երկու պետություն ստեղծելու որոշմանը հասնելու համար, որպեսզի իսրայելցիներն ու պաղեստինցիները կարողանան ապրել խաղաղության և անվտանգության միջավայրում»։
Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով, Իսրայելի ներխուժումից ի վեր սպանվել է ավելի քան 67 հազար պաղեստինցի։
Epress.am Լուրեր Հայաստանից