Հումանիտար օգնություն ստանալու համար հավաքված պաղեստինցիների զանգվածային սպանությունից հետո հաղորդվել է, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ պաշարված Գազայի բնակչությանը սնունդ են մատակարարել օդային ճանապարհով։ Պարենային փաթեթները ռազմական ուղղաթիռներից նետվել են պարաշյուտներով։ Գազայի կառավարության և հումանիտար կազմակերպությունների գնահատմամբ, սովամահության եզրին կանգնած բնակչությանը պարեն մատակարարելու համար բեռնատարներն ավելի արդյունավետ են, քան ռազմական ուղղաթիռները․ ընդամենը պետք է հարկադրել դաշնակից Իսրայելին չխոչընդոտել մարդասիրական բեռների մատակարարմանը և չկրակել ալյուրի հերթում կուտակված բնակչության վրա։
Շաբաթ օրը Վաշինգտոնից հաղորդել են՝ ամերիկյան երեք C-130-երը Գազայի պաշարված բնակչությանը պարենի մոտ 38 հազար պորցիա են մատակարարել։
ՄԱԿ-ի տվյալներով՝ իսրայելական բանակի կողմից ավերակների վերածված պաղեստինյան անկլավի բնակիչների մեծ մասը սովի է մատնված, ավելի քան 576 հազար մարդ կանգնած է սովամահության եզրին։
Գազայի բոլոր սահմանները փակ են՝ ռմբակոծվող բնակչությունը փախչելու տեղ չունի։ Հյուսիսային շրջաններն անցած ամիսների ընթացքում փլատակների են վերածվել, ժողովուրդը գաղթել է դեպի Եգիպտոսի սահման։ Սահմանամերձ Ռաֆահի ժամանակավոր ճամբարներում միլիոնից ավել մարդ է ապրում։ Անցած ամսվանից իսրայելական բանակը թիրախավորում է նաև այդ քաղաքը։ Խոսվում է հնարավոր ցամաքային օպերացիայի մասին։
Եգիպտոսից Ռաֆահի անցակետով երբեմն հումանիտար բեռներ են մտնում՝ ալյուր, շաքար, նպար, նվազագույն դեղորայք։ Հյուսիսային շրջաններում մնացած մարդկանց օգնությունը հաճախ չի էլ հասնում։ ՄԱԿ-ից անցած ամիս ահազանգում էին՝ հունվարից սկսած իսրայելական բանակը ավելի հաճախ է միջամտում մատակարարման պրոցեսին։ Նրանք են որոշում, թե ում և ինչպես է հասնելու Եգիպտոսից եկած օգնությունը։ Անկլավի հյուսիսում ապրող երեխաների ավելի քան 15 տոկոսը քրոնիկ սոված է՝ օրերով սնունդ չի ստանում, 300 հազար մարդ կտրված է օգնությունից։ Շուկաներն ու խանութները վաղուց դատարկ են։ Հյուսիսում նաև ջուր չկա՝ Իսրայելից եկող երեք ջրատար խողովակներից երկուսը փակ են, երրորդը՝ վթարված։
Իսրայելական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, որին պատվիրակվել է համակարգել հումանիտար օգնության հետ կապված գործընթացները, դեռ հունվարին հայտարարել էր՝ «Գազայում սով չկա և վերջ»։ Դրանից հետո, ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության, իրավիճակն էլ ավելի է վատթարացել՝ հյուսիսային շրջաններ ուղարկված բեռների 56 տոկոսը տեղ չի հասել։
«վտանգավոր» սովածները
Հինգշաբթի առավտյան հարյուրավոր մարդիկ (մեծամասամբ Գազա քաղաքի և հարակից բնակավայրերի ժողովուրդը) շրջափակել էին հումանիտար շարասյունը՝ փորձում էին ալյուր և առաջին անհրաժեշտության պարեն ստանալ։ Իսրայելցի զինվորականները, ըստ ականատեսների, կրակ են բացել հումանիտար շարասյունը գրոհած ժողովրդի վրա՝ գրել է AFP-ն։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական ռազմական օպերացիայի հետևանքով հերթի մեջ կանգնած մարդկանցից 110-ը զոհվել է, 760-ը՝ վիրավորվել։
Իսրայելի անվտանգության ծառայության ներկայացուցիչները հաստատել են՝ իսրայելցի զինվորականները իսկապես կրակել են հումանիտար բեռնատարների մոտ հավաքված մարդկանց վրա։ Զինվորականները, ըստ նույն աղբյուրի, համարել են, որ հումանիտար օգնության շարասյունը «գրոհող» մարդկային «ամբոխն իրենից վտանգ է ներկայացնում»։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի աշխատակազմի խոսնակն էլ հայտարարել է, թե զոհերից շատերը մեքենաների տակ են ընկել կամ մահացել են հրմշտոցից։
Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը արդարացել է, թե ստեղծված իրավիճակում բեռնատարներից մի քանիսը շարժվել են իսրայելցի զինվորականների ուղղությամբ, տասնյակ քաղաքացիական անձինք վազել են այդ բեռնատարների հետևից և հայտնվել ՑԱԽԱԼ-ի զինվորների մոտակայքում։ Վերջիններս էլ կրակ են բացել ամբոխի վրա։ «Խոսքը սահմանափակ քանակով կրակոցների մասին է․․․ մեր կարծիքով, դա մասշտաբային իրադարձություն չէր», – հայտարարել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը զանգվածային սպանդ էր՝ իրագործված Իսրայելի զինված ուժերի կողմից։
ՄԱԿ-ից և Եվրամիությունից դատապարտել են։ Իսրայելի դաշնակից Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն էլ տեղի ունեցածից հետո մտահոգություն է հայտնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր զինադադարի հեռանկարի կապակցությամբ։ Իսրայելը մեղադրանքները ինչպես միշտ հերքել է և հայտարարել՝ զինադադարի շուրջ բանակցություններին չի՛ մասնակցում, քանի որ ՀԱՄԱՍ-ը (Գազայի իշխանությունները) չի տրամադրում պատանդների ցուցակը։ Ըստ իսրայելական աղբյուրների, հոկտեմբերի 7-ից հետո Գազայում, ենթադրաբար, 134 իսրայելցի պատանդ է պահվում։ Մինչ այս փոխանակումներ էլ են եղել․ գերիների դիմաց Գազայի իշխանությունները պահանջել են ազատ արձակել Իսրայելի բանտերում ապօրինաբար պահվող պաղեստինացիներին։
օդով ուտելիք հասցնելը սխալ է
Ռազմական ուղղաթիռներից պարեն գցելու օպերացիան ԱՄՆ-ն Հորդանանի ռազմաօդային ուժերի հետ համատեղ է իրագործել։ Մինչ այս օդային ճանապարհով հումանիտար բեռներ էին մատակարարել նաև այլ երկրներ․ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Եգիպտոս, Հորդանան։
Միացյալ Նահանգներում օդային ճանապարհով սնունդ մատակարարելու մասին սկսել են խոսել այն բանից հետո, երբ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան հայտարարել է՝ համաձայնեցրել են Գազայի հատվածում 6 շաբաթ ժամկետով զինադադար հաստատելու շուրջ համաձայնության շրջանակները։ Արդեն երեկ Իսրայելից հերքել են, որ մասնակցում են զինադադարի շուրջ բանակցություններին:
Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները հետագայում նկատել են՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած ողբերգական միջադեպը ընդգծել է «հումանիտար օգնության ընդլայնման և շարունակականության կարևորությունը»:
Ավելի վաղ հումանիտար կազմակերպությունները քննադատել են ուղղաթիռներից պարենային փաթեթներ ցած նետելու գաղափարը, որը չափազանց «ծախսատար է» և «անարդյունավետ»:
Գազայի բնակիչներն էլ այս օպերացիայի արդյունավետությանը չեն հավատում:
«Արդյո՞ք այս օգնությունը կհերիքի մեկ դպրոցի համար։ Արդյոք այն բավական է տասը հազար մարդու կերակրելու համար։ Ավելի լավ է հումանիտար օգնություն ուղարկել անցակետով, քան թե նետել պարաշյուտներով», – Reuters-ի հետ զրույցում ասել է Մեդհատ Թահերը, Գազայի տեղահանված բնակիչներից մեկը։
Անցած շաբաթվա վերջին Բայդենը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն պնդելու է, որ Իսրայելը թույլ տա բեռնատարների մուտքը և նոր երթուղիներ ստեղծի։ Նման հայտարարություններ նախկինում էլ են հնչել։ ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցներից նկատում են, որ իրավիճակը շարունակել է միայն վատթարանալ։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Վաշինգտոնում այսօր ընդունելու է Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բեննի Հանցին։ Ըստ Reuters-ի աղբյուրի, քննարկվելու է հնարավոր զինադադարը և այլ հարցեր: Բայդենը հույս է հայտնել, որ մինչև Ռամադանի մեկնարկը՝ մարտի 10-ը, հնարավոր կլինի հասնել ժամանակավոր զինադադարի հաստատման։ Իսրայելում և Գազայում այս խոսակցություններին թերահավատորեն են վերաբերվում:
Հաագայի միջազգային քրեական դատարանը դեռ քննելու է հայցը, որով ՀԱՀ-ը Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ։
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում 30 հազար 400 պաղեստինցի է զոհվել, մեծ մասը՝ կանայք և երեխաներ։
տե՛ս
— Իսրայելի պատերազմը հասել է Գազայի սահման․ էլ էվակուացվելու տեղ չկա
— Մարդկանց փակել են Պաղեստինում ու շարունակում են սպանել
— Սպանում են հիվանդանոցներում, դպրոցներում. պաղեստինցիները փախնելու տեղ չունեն
— Պատկերացնել կյանքը Պաղեստինում
— ՀԱՄԱՍ-ի հենքն ու հիմքը
— Հին ազգի նոր պետությունը
— «Իմ անունը Էյրն Բուշնել է, ես այլևս չեմ մեղսակցելու ցեղասպանությանը»