Ամերիկյան ռազմաօդային ուժերի զինծառայող Էյրն Բուշնելը ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան դիմաց։
Դեսպանատան մոտ Բուշնելը՝ Միացյալ Նահանգների բանակի համազգեստը հագին, տեսաուղերձ է ձայնագրել․
«Իմ անունը Էյրն Բուշնել է։ Ես Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի գործող ծառայող եմ և այլևս չեմ մեղսակցելու ցեղասպանությանը։ Դիմում եմ բողոքի ծայրահեղ միջոցի, բայց համեմատած նրան, թե ինչի միջով է անցնում Պաղեստինի ժողովուրդն իր գաղութարարների պատճառով, սա ծայրահեղ չէ ամենևին։ Սա այն է, ինչ մեր իշխող դասակարգը որոշել է, որ պետք է լինի նորմալ»։
Հետո կանգնել է դեսպանատան դարպասների մոտ, բենզին լցրել գլխին և ինքնահրկիզվել։ Այրվելիս տղամարդը գոռում էր՝ «Ազատություն Պաղեստինին»։
Միացյալ Նահանգների գաղտնի ուժերի աշխատակիցները որոշ ժամանակ անց մարել են կրակը, այրված զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։ Ավելի ուշ Պենտագոնից հաստատել է՝ 25-ամյա Բուշնելը մահացել է։
Վաշինգտոնի ոստիկանության հայտարարության մեջ նշվում է՝ «միջադեպը» տեղի է ունեցել կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 13։00-ին՝ Ինթերնեյշն-դրայվ փողոցում։
Անկախ լրագրող Թալիա Ջեյնը X-ում գրել է, որ Բուշնելի հարազատները համաձայնել են, որ նրա նկարահանած տեսանյութի լղոզված տարբերակը հրապարակվի սոցիալական մեդիաներում։
LinkedIn-ի օգտահաշվում, որը ըստ ամենայնի պատկանում էր հենց Էյրն Բուշնելին, նշված է՝ ծրագրավորող է, 2020 թվականից ծառայում է ԱՄՆ ռազմաօդային ուժերում, առնվազն մինչև վերջերս՝ որպես DevOps ինժեներ։
Սա Միացյալ Նահանգներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց ինքնահրկիզման առաջին դեպքը չէ՛։ Անցած տարվա դեկտեմբերին մի կին ինքնահրկիզվել էր Ջորջիա նահանգում Իսրայելի հյուպատոսության դիմաց։ Դեպքի վայրում, ըստ տեղական ոստիկանության, հայտնաբերել էին Պաղեստինի դրոշը։
Հոկտեմբերից ի վեր Իսրայելի բանակը, որին աջակցում են նաև Միացյալ Նահանգները, լայնածավալ պատերազմ է վարում պաղեստինյան Գազայի դեմ։ Պաշարված Գազայի զգալի մասը վերածվել է ավերակների։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, պաղեստինյան անկլավում մոտ 30 հազար մարդ է զոհվել, վիրավորների թիվը անցել է 70 հազարը։ Մեծ մասը կանայք ու երեխաներ են։ Մոտ երկու միլիոն մարդ տեղահանվել է տնից։ Գազայում սով է։ Ջարդեր և սպանություններ են լինում նաև պաղեստինյան Արևմտյան Ափին, որը մեծամասամբ օկուպացված է իսրայելցի վերաբնակների և նրանց աջակցող բանակի կողմից։