Զինծառայող Ավագ Զաքարյանին սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ի երեկոյան՝ Հայաստանի «հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքի» խրամուղում։
«Ժամը 17։55-ի սահմաններում [․․․] անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ա․ Զաքարյանի միջև։ Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ», – գրել է Քննչականը։
Վիրավոր զինծառայողը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 18։05 սահմաններում, մահացել է։
Համածառայակցին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությունը։ Նա կալանավորվել է։
Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էր։ Գյուղի վարչական ղեկավար խոսքով, նա մի քանի ամսվա զինծառայող էր՝ ընդամենը 19 տարեկան։
Հայաստանյան իրավապաշտպանները Զինված ուժերում մահերի չնվազող վիճակագրությունն են մատնացույց անում։ Անցած տարվա ընթացքում պաշտոնական աղբյուրներն ու ԶԼՄ-ները հաղորդել են առնվազն 83 մահվան դեպքերի մասին՝ ինքնասպանություններ, սպանություններ, դժբախտ պատահարներ, հրդեհներ, առողջական խնդիրներ․․․
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահերի 18 տոկոսը ինքնասպանություն է որակվել, 10 տոկոսը՝ սպանություն։ Ընդ որում, 2018-2023 թվականներին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։
Անցած ամսվա ընթացքում բանակում երեք զինծառայող է մահացել․ դեպքերից մեկը ինքնասպանություն, մեկը՝ սպանություն է որակվել, մեկն էլ՝ դժբախտ դեպք։ Փետրվարին ընթացքում սա արդեն 7-րդ մահվան դեպքն է բանակում․ Ներքին Հանդում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 4 երկրապահ կամավորականներ զոհվել էին, մեկ կամավորական մինչ այդ սպանվել էր ծառայակցի կողմից, հաղորդվել էր նաև վարժական հավաքների մասնակցի ներբանակային սպանության մասին։