Ներքին Հանդում 4 հայ դիրքապահները զոհվել են ադրբեջանցի դիպուկահարների կրակոցից՝ ասել է Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։ 4-ն էլ Երկարապահի անդամներ են եղել։ Կամավորականներից ևս մեկը վիրավոր է։ Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։
Վկաներից մեկը՝ ԵԿՄ անդամ Արսեն Հակոբյանը, զոհված Գագիկ Մանուկյանի հուղարկավորության արարողությունից հետո հաստատել է՝ դիպուկահարներն են խփել։
Զոհերը, ըստ նրա, միևնույն դիրքում չեն եղել՝ ադրբեջանցիները թիրախավորել են ամբողջ գիծը։ Հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանի տեղեկություններով՝ դեպի Ներքին Հանդ տանող ճանապարհը վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից, և եվրոպական դիտորդական առաքելությունն այդ հատված մուտք չունի։
«Չորսը, որ սպանված են, մեկ դիրքից չեն, տարբեր դիրքերից են։ Մեր դիրքից մահացել է մենակ Գագոն [Մանուկյան]։ Մի վիրավոր, մի զոհ մեր դիրքում է եղել, 3 զոհ էլ ուրիշ դիրքերից: Ամեն դիրքից մի հոգու են խփել։ Բոլոր դիրքերի վրա էլ խփել են, ինչքան լինյա ունենք՝ խփել են», – «Ազատությանը» պատմել է Արսեն Հակոբյանը:
Ադրբեջանցիները հարձակվել են փետրվարի 13-ի վաղ առավոտյան, կռիվը մոտ 2 ժամ է տևել։ Ընդ որում, Հակոբյանի պնդմամբ, կոնկրետ իրենց դիրքի
ց մինչ այդ որևէ կրակոց չի արձակվել։ Հայ դիրքապահները պատասխան կրակ են բացել, երբ ադրբեջանցիները սկզբից դիպուկահարների, իսկ հետո՝ արդեն նաև այլ զինտեխնիկայի կիրառմամբ անցել են հարձակման։
«Հիմնականում սպանել են սնայպերով։ Սկզբից իմ ընկերոջը խփեցին, ինքը ձեռքից վիրավորվեց, դրանից հետո սկսվեց ամբողջ դիրքին խփելը», – ասել է կամավորականը։
Քասախում այսօր վերջին հրաժեշտն էին տալիս Ներքին Հանդում զոհված՝ 3 երեխաների հայր, 41-ամյա Գագիկ Մանուկյանին։ Արսեն Հակոբյանը պատմել է՝ դիպուկահարի կրակոցից նա տեղում մահացել է։ «Ռուստամը [Վարդանյան] վիրավորվեց, Գագիկը Ռուստամին տարավ, ձեռքը կապեց, դեղ տվեց, ետ եկավ, տղերքից մեկը պահի տակ ձայն հանեց, Գագոյին թվաց, թե իրան խփեցին, պտտվեց նայեց մեր ընկերոջը ու հետևից Գագոյին խփեցին։ Սրտին են խփել։ Ես, որ իրան տանում էի, խրամատի մեջ ստուգեցի, տեսա, որ մահացել էր, բայց իմ սրտի հովարանքի համար մինչև վերջ տարա», – պատմել է կամավորականը:
Ադրբեջանական հարձակման նախորդ օրը` փետրվարի 12-ին, այս հատվածում Ներքին Հանդի հատվածում մեկ այլ միջադեպ էր եղել։ Հայաստանցի դիրքապահները, ըստ Բաքվի, կրակ էին բացել և վիրավորել ադրբեջանցի սահմանապահներից մեկին։ Հայկական կողմը խոստացել էր հետաքննություն անել։ Հայաստանի Ռազմական ոստիկանությունը ըստ էության չէր հերքել, որ հայկական դիրքերից են կրակոցներ արձակվել: Գերատեսչությունից հավաստիացրել էին՝ եթե ադրբեջանական մամուլում տարածված այս տեղեկությունը հաստատվի, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Ադրբեջանը հետաքննության արդյունքներին սպասելու փոխարեն հաջորդ օրը՝ փետրվարի 13-ի վաղ առավոտյան, անցել էր ռազմական հարձակման։ 4 հայ զինվորական է սպանվել, մեկը՝ վիրավորվել։ Ադրբեջանը սա անվանել է «Հատուցում» օպերացիա, Եվրոպական Միության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նկատել է՝ «պատասխանն անհամաչափ էր»։
տե՛ս Հեռացումներ և նշանակումներ բանակում՝ Ադրբեջանի հարձակման ֆոնին
Ինչո՞ւ էր սահմանային դիրքի պաշտպանությունը վստահվել Երկրապահի կամավորականներին և ո՞ւր էր կանոնավոր զորքը՝ պարզ չէ։ Պաշտպանության նախարարությունից հարցերին չեն պատասխանում։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է՝ «հարավային սահմանային մեր երկայնքը ամենամեծն է», մարդկային ռեսուրսի պակաս կա, «կամավորները շատ դեպքերում Զինված ուժերին օգնում են»։
ռուսները եվրոպացիներին չեն թողնում
Դեպի Ներքին Հանդ տանող ճանապարհը վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից՝ առավոտյան գրել է հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանը։
«Ամբողջ հայ-ադրբեջանական սահմանին կա միայն մի տեղ, որտեղ ԵՄ դիտորդները չեն կարողանում մոտենալ, և դա Ներքին Հանդն է։
Մայրուղուց դեպի Ներքին Հանդ գնացող ճանապարհի խաչմերուկում ռուսաստանյան սահմանապահները արգելափակոց են տեղադրել և ԵՄ դիտորդներին չեն թողում մոտենալ գյուղին։
Արդյունքում ադրբեջանցիներն Ներքին Հանդում ինչ ուզում` անում են, հետո հայտարարում, թե բա «ԵՄ դիտորդների պատասխանատվության գոտում է», թեև շատ լավ գիտեն, որ իրենց դաշնակից ռուսները ԵՄ դիտորդներին այդտեղ մոտ չեն թողում», – ասել է Իոաննիսյանը։
Փաշինյանը պատերազմի հոտ է առնում
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեպքից մանրամասներ չեն հրապարակել։
Փաշինյանը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսել։
«Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում, ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը», – ասել է վարչապետը։
Ռազմական վերջին էսկալացիայից հետո իր առաջին հրապարակային ելույթում Փաշինյանը շեշտել է՝ Բաքուն խոսում է 4 գյուղերի տարածքի մասին, միևնույն ժամանակ հրաժարվում ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի տարածքները․
«Մենք ասում ենք՝ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծից։ Սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է ետ քաշվեն։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան»։
Սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991-ի Ալմաթիի հռչակագիրը՝ այդ ժամանակ գոյություն ունեցող սահմանով, վերահաստատել է Հայաստանի վարչապետը։ Նույն սկզբունքով էլ պետք է լուծվի հայկական ու ադրբեջանական անկլավ-էքսկլավների հարցը։ Ադրբեջանը, սակայն, համաձայն չէ այս տարբերակի հետ։ «Սրա համար կարող է լինել մեկ պատճառ։ Օրինակ՝ ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում», – նշել է Փաշինյանը։։
Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի արտգործնախարարությունը «անհիմն մեղադրանքներ» է որակել և պահանջել հստակեցնել՝ «ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի պաշտպանության նախարարության խոստումը՝ ադրբեջանցի զինվորի վիրավորման փաստով հետաքննությունը, չի իրականացվել» և «ինչի՞ հիման վրա են Հայաստանի սահմանային դիրքերում տարբեր զորամիավորումներին պատկանող վարձկանները ենթարկվում Պաշտպանության նախարարությանը»։
շապիլի լուսանկարը՝ «Հետքից»