00:00 — Պաշտպանության նախարարությունը երեկոյան հրապարակել է զոհված զինծառայողների անունները, քիչ անց՝ հայտարարել, թե ի սկզբանե զոհվածների ցանկում ներառված Նարեկ Պողոսյանի «սրտի զարկը ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում զարկը վերականգնվել է», զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: ՊՆ-ն ներողամտություն է հայցել զինծառայողի ընտանիքից։
Ճշգրտված տեղեկությունների համաձայն, օգոստոսի 1-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 3 զինծառայող է զոհվել՝ Անդրանիկ Արշակի Անտոնյան, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյան, Վաչագան Սարոյի Վարդանյան։
Երկու զինծառայող վիրավորվել է։ Վիրավորներից մեկի կյանքին վտանգ չի սպառնում, մյուսը գտնվում է ծայ
16։10 — Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր՝ գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը։
«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո»։
Դավիթ Համբարձումյանը հրապարակել է զոհված զինծառայողներից երկու անունները՝ Անդրանիկ Արշակի Անտոնյան և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյան: Նրանք երկուսն էլ Մասիս համայնքից էին։
37-ամյա Արսեն Մկրտչյանը Ռանչպար գյուղից էր, 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը՝ Նորաբացից։ Երկուսն էլ պահեստազորային էին՝ 25-օրյա վարժական հավաքների մասնակից։
14։50 — Ժամը 14։00-ի դրությամբ հրաձգային և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ շարունակվել է, ժամը 14։15-ից կրակի ինտենսիվությունը, ըստ հայկական ՊՆ-ի, նվազել է․ «Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է»։
13։17 — Ինտենսիվ կրակոցներ Սոթքի և Նորաբակի հատվածում. հայկական կողմը հաղորդում է 2 զոհի և 1 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 վիրավորի մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, երեկ պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․․․ Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառում է նաև ականանետ», – առավոտյան գրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ժամը 10։30-ի սահմաններում Բաքվից հայտարարել են, թե հայկական Զինված ուժերի կողմից հարձակողական ԱԹՍ-ի կիրառման հետևանքով ադրբեջանական բանակի երեք զինծառայող է վիրավորվել։ Հրադադարի ռեժիմը խախտելու մեջ Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին։
Քիչ անց Երևանը հաղորդել են՝ հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր․ «Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ»:
Կեսօրից հետո Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է ադրբեջանական տեղեկությունները, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում․ «Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու համար»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր «սրելով իրավիճակը սահմանին՝ Հայաստանը փորձում է շեղել երկրում ստեղծված քաղաքական և սոցիալական լարված իրավիճակից ու մոլորեցնել միջազգային հանրությանը»։
Քիչ անց հայկական կողը տեղեկացրել է՝ ժամը 12:25-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ», – գրել է Հայաստանի ՊՆ-ն: Բաքվից ռազմական տեխնիկայի կուտակման վերաբերյալ մեղադրանքները անմիջապես հերքել են։ Երևանը քիչ անց տեսանյութ է հրապարակել, որում «հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ»։
«Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են անօդաչու թռչող սարք և ականանետ», – գրել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։ Բաքվից հերքել են նաև այս հաղորդագրությունը։