Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, և խաթարել Բրյուսելում կայանալիք բանակցությունները՝ կառավարության այսօրվա նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առավոտյան ժամը 06։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ վաղ առավոտյան հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հրադադարի խախտման մեջ Բաքուն, իր հերթին, մեղադրել է հայկական կողմին։
Ժամը 10։25-ի դրությամբ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է 4 վիրավորի (երկուսի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում), Ադրբեջանի ՊՆ-ն՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին։
«խաթարել բանակցությունները»
Սոթքում Ադրբեջանի այսօրվա գործողությունները Փաշինյանը սադրիչ է որակել։
Ըստ նրա, դրանք նպատակ ունեն խաթարել կիրակի օրը Բրյուսելում կայանալիք՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ բանակցությունները և հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված հնգակողմ բանակցությունները, որոնց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից բացի մասնակցելու են նաև ԵԽ նախագահը, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները։
«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա», – նշել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի ԱԳՆ-ն էլ կոչ է արել «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:
նոր ճգնաժամ ստեղծելով մոռացության են տալիս հինը
Փաշինյանը մտացածին է համարել հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի երեկվա պնդումները՝ շեշտելով՝ նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։
«Եթե իրադրությունը սրելն Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել՝ գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով», – հավելել է Հայաստանի վարչապետը։
Բաքուն, ըստ նրա, այս կերպ միջազգային հանրության ուշադրությունը շեղում է նաև Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստից՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության են փորձում տալ հինը։
Բրյուսելում պայմանագիր չի ստորագրվի
Փաշինյանը հավելել է՝ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։
«Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, կրկնում եմ՝ ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ շատ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման», – նշել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով՝ Ադրբեջանն այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են Պրահայում և Սոչիում։
Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը՝ հաղորդել է Հայաստանի ՊՆ-ն․ Ժամը 10։00-ից իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: