Արդեն 12 օր է՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ոչ մի շարժ չի իրականացնում Լաչինի միջանցքով։ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Կոմիտեն ընդամենը երկու անգամ է հատել միջանցքը․ ապրիլի 28-ին Հայաստան են տեղափոխել 13 բուժառուների, ապրիլի 29-ին՝ ևս 16-ի։ Հետագայում հիվանդների տեղափոխությունը դադարեցվել են։ Դեղորայք էլ չեն մատակարարում։
«Դա մեր որոշումն է։ Մենք բոլոր պատկան մարմիններին տեղյակ ենք պահել դրա մասին։ Հիմա գտնվում ենք բանակցությունների փուլում ․․․ քանի որ պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար, որպեսզի մենք՝ որպես չեզոք կազմակերպություն, կարողանանք շարունակել մեր մարդասիրական դերը․․․ Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք է այս նոր իրավիճակում հասկանալ՝ արդյոք պայմանները նույնն են մնում, արդյոք ընդունելի է բոլորի համար այդ պայմանները », – ասել է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։
տե՛ս «Ադրբեջանի ցուցակներում սաղս էլ սև ենք»․ Ղարաբաղում կանչում են փողոց
Ինչո՞ւ են բանակցությունները ձգձգվում՝ պարզ չէ։ Ղարաբաղում ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, նրանց Երևան չեն տեղափոխում, նախօրոք սահմանված ժամկետները արդեն խախտվել են, նոր ժամկետներ չեն էլ նշվում։
«Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ապրիլի 29-ից արգելափակել է նույնիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Այժմ էլ Ադրբեջանը փորձում է հիվանդների և Կարմիր խաչի աշխատակիցների անձնագրերը ստուգել։ 30 հիվանդ սպասում է տեղափոխությանը», – թվիթերում գրել է Ղարաբաղի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Էթերի Մուսայելյանը հակադարձել է՝ Լաչինի միջանցքով հիվանդների չտեղափոխելը Կարմիր պաչի որոշումն է։ Աշխատանքը կշարունակեն, երբ բոլոր հարցերը պարզաբանված լինեն։
Ինչ հարցերի մասին է խոսքը՝ Մուսայելյանը չի մանրամասնում։ Ասում է՝ բանակցությունների դետալները հրապարակման ենթակա չեն։
Ալիևի հոր արև «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է»
Ադրբեջանական անցակետը տեղադրվել է Հակարիի կամրջին՝ Լաչինի միջանցքում, որը, համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, պետք է գտնվեր ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Հայտարարության այս դրույթը փաստացի այլևս չի գործում։
տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա
Ռուսական զորախմբի հրամատարները (սկզբում Անդրեյ Վոլկովը, իսկ Վոլկովի պաշտոնանկությունցի հետո՝ նորանշանակ Ալեքսանդր Լենցովը) շաբաթներ շարունակ բանակցում էին, որպեսզի անցակետը հեռացվի։ Օրեր առաջ հայտարարվեց, որ այդ բանակցությունները արդյունք չեն տվել։
տե՛ս Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է
Նոր անցակետն արդեն ներառվել է Ադրբեջանի պետական սահմանի անցակետերի ցանկում։ Հոր՝ Ադրբեջանի նախորդ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա առթիվ Իլհամ Ալիևն այսօր մեկնել էր Շուշի՝ մասնակցելու «տոնական» միջոցառումներին։ Առավոտյան տեսաուղերձում նա հպանցիկ հիշատակել է նաև Հակարիի հսկիչ կետը․ «Ապրիլի 23-ին մենք հայ-ադրբեջանական սահմանին տեղադրել ենք անցակետ, բարձրացրել այնտեղ Ադրբեջանի դրոշը, ամբողջությամբ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է Ալիևը՝ ներկայացնելով սա որպես հոր («Մեծ առաջնորդի») պատգամ և արդեն կայացած իրականություն։
Ադրբեջանական անցակետում հերթափոխում են զինված սահմանապահները, այն արդեն կահավորվել է և համալրվել բեռների պարունակությունը ստուգող շարժական ռենտգենով։
Տեղաշարժ, սակայն, չկա։ Չնայած Բաքուն հայտարարում է, թե ճանապարհը բաց է, ղարաբաղյան և հայաստանյան մեքենաներն այստեղով չեն անցնում։
տե՛ս Ղարաբաղը ապահայաֆիկացվում է
Անցակետը հատելու միայն մեկ դեպք է եղել՝ Շուշիի շրջանի 4 հայկական գյուղերի բնակիչներն էին։ Ապրիլի 23-ից հետո Հին Շենը, Մեծ Շենը, Լիսագորն և Եղծահողը մնացել են ադրբեջանական նոր անցակետի ու Շուշի-Քարինտակ խաչմերուկը փակած ադրբեջանցի ուժայինների արանքում։ «Էկոակտիվիստական» բլոկադայի ամիսներին գյուղացիները կարողանում էին գոնե Գորիս հասնել, այժմ երկու կողմից շրջափակված են։
Ռուս խաղաղապահները սնունդ չեն մատակարարում, Կարմիր խաչի մեքենաներն էլ չեն գալիս։ Տեղացիները ահազանգում են՝ ուտելիքն արդեն սպառվում է, դեղերի պակաս կա, անասունի կերն էլ է պրծնում։
Նրանցից մի քանիսը՝ ռուս խաղաղապահների հետ նախօրոք պայմանավորվելով, մայիսի սկզբին հատել էին նոր անցակետը։ Մարդկանց տեղաշարժը նկարահանվել էր և տարածվել ադրբեջանական լրատվամիջոցներով։ Տեսանյութում երևում էր, ոնց են ադրբեջանցի սահմանապահները ստուգում գյուղացիների փաստաթղթերը և մեքենաների պարունակությունը, ինչ-որ հարցեր տալիս ու թողնում անցնել։
Տեսանյութի հրապարակումից հետո շարժը դադարեցվել է։ Ղարաբաղի ոստիկանությունը փակել է ճանապարհը, որպեսզի «մարդիկ չհայտնվեն ադրբեջանական քարոզչության թակարդում» և այլևս չօգտվեն անցակետից։
Ստեփանակերտում խոսակցություններ են շրջանառվում, թե նոր անցակետում կարող են նոր պահանջներ էլ դնել, օրինակ՝ որ Արցախից դուրս գալ կարող եք, հայկական անձնագրով ներս գալ՝ ոչ։ Պաշտոնապես նման բան չի հայտարարվել, բայց Իլհալ Ալիևի վերջնագրերի ֆոնին նման սցենարներն էլ են հնարավոր թվում։ Շրջափակման մեջ մնացած մարդիկ հիշեցնում են նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին՝ ոչ մի երաշխիք չկա, որ տղամարդկանց անցակետից չեն առևանգի։
տե՛ս Ամերիկյան բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից
Ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշնակ հրամանատար, գեներալ Ալեքսանդր Լենցովը ապրիլի վերջին Ղարաբաղ ժամանելուց անմիջապես հետո մեկնել էր Բաքու՝ բանակցելու։ Ղարաբաղցիներին գեներալը հավաստիացրել էր, թե փորձելու է հասնել Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի հեռացմանը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը։ Բանակցությունները, սակայն, արդյունք չեն տվել։
«Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել», – մայիսի 8-ին գրել է Ղարաբաղի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
թարմացում — Մարտի 17-ին՝ 18-օրյա դադարից հետո, Կարմիր Խաչը վերսկսել է մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով․ «Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին»։