Հատվածներ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման շուրջ Հոդված 3-ում տեղի ունեցած ասուլիսից․
Ալեքսանդր Իսկանդարյան (քաղաքագետ, Երևան) — …Ադրբեջանը ճնշում է գործադրում հայկական կողմերի վրա՝ հասանելի բոլոր մեթոդներով։ Առաջին հերթին, դիսկուրսիվ ճնշում՝ անվերջ հայտարարություններ այն մասին, որ Ղարաբաղ այլևս գոյություն չունի, հարց գոյություն չունի, ղարաբաղցիներ գոյություն չունեն, հիմա էլ «Լեռնային» բառը չգիտես ինչու չի կարելի օգտագործել և այլն։ Երկրորդ մեթոդը ռազմական ակցիաներն են՝ հրաձգություններ, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում։ Վերջին անգամը բառացիորեն մի քանի օր առաջ էր, վերջին խոշորը՝ սեպտեմբերին։ Դրանք ակցիաներ են և՛ Հայաստանի հետ սահմանին, և՛ Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին։ Խոսքը նաև դիվանագիտական ճնշման տարբեր ձևերի մասին է, որոնց միջոցով փորձում են ստիպել Հայաստանին անել գործողություններ և ձևակերպումներ, որոնք կբավարարեին Ադրբեջանին։
Իհարկե, նաև շրջափակումը՝ Ղարաբաղի, Արցախի շրջափակումն այնպես, որ Ադրբեջանը որոշակի վերահսկողություն ունենա այն բեռների և մարդկանց նկատմամբ, որոնք հասնում կամ մասամբ չեն հասնում Լեռնային Ղարաբաղ։
Հսկիչ անցակետն իրականում դեկտեմբերին է դրվել։ Դե ֆակտո դա եղել է այդպես։ Այն ժամանակ այն անցակետ չէր կոչվում։ Մարդկանց, որոնք այնտեղ կանգնած էին, ինչ-որ էկզոտիկ անվանումներ էին տալիս, չէին ասում՝ Ադրբեջանի Հանրապետության զինծառայողներ, բայց փաստացի նրանք ուղարկվել էին ադրբեջանական կառավարության կողմից, որպեսզի ում պետք է՝ թողնեն, ում պետք չէ՝ չթողնեն անցնել։
Այս իրավիճակը կար։ Հիմա այդ իրավիճակը ֆորմալիզացվել է, նախևառաջ։ Այժմ այդ մարդիկ ուղղակիորեն կոչվում են Ադրբեջանի Հանրապետության սահմանապահներ։ Երկրորդ հերթին՝ անցակետը աշխարհագրորեն տեղաշարժվել է, և այժմ այն ավելի մոտ է Հայաստանի Հանրապետության տարածքին։
Չգիտեմ, ինչ կլինի այն մարդկանց հետ, որոնք կանգնած էին Շուշիի մոտ, արդյո՞ք նրանք կհանվեն այնտեղից, թե՞ ինչ-որ այլ կերպ կշարունակեն կանգնել։ Ամեն դեպքում՝ սա այս գործընթացի շարունակությունն է, ոչ թե մի բան, որ տեղի է ունեցել անակնկալ կերպով։
Տիգրան Գրիգորյան (քաղաքագետ, Երևան) — …Ադրբեջանի ղեկավարն այս գործողությունն ազդարարել է մոտ երկու ամիս առաջ։ Փաշինյանի հետ մյունխենյան հանդիպումից հետո Ալիևը հայտարարել էր, որ Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին անցակետ պետք է տեղադրվի։ Առհասարակ՝ [Ղարաբաղի] շրջափակումը կազմակերպվել է հենց այս նպատակով։ Կարելի է հիշել, թե ինչ նարատվիներ էր Բաքուն օգտագործում բլոկադայի սկզբում, ինչ պահանջներ էր դնում ռուսական խաղաղապահ զորախմբի առջև։ Պահանջները նույնն էին՝ ադրբեջանական հսկիչ անցակետ և այլն։
Սա իրապես ավելի մեծ ռազմավարության մի մաս է։ Նրանք դա անվանում են «ինտեգրացիա»։ Ստեփանակերտի ներկայացուցիչներին Բաքու հրավիրելը, Բաքու-Ստեփանակերտ բանակցային ֆորմատից միջազգային ներգրավվածության մեխանիզմները բացառելու փորձերը և այլն։
Վերջին ակցիան, ամեն դեպքում, շարքային չէ։ Այս իրավիճակը, եթե այն չփոխվի, և խոսքը նախևառաջ Ռուսաստանի արձագանքի մասին է, եթե ադրբեջանական անցակետը մնա այն տեղում, որտեղ հիմա գտնվում է, այս իրավիճակը հարցականի տակ է դնելու անվտանգության ամբողջ ճարտարապետությունը, որը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո։
Նոյեմբերի 9-ի հայտարարության առանցքային դրույթը չի իրագործվում, և Ադրբեջանն այլևս չի էլ թաքցնում, որ խախտում է այն։ Երեկ կարդում էի մեր ադրբեջանցի գործընկներներին։ Նրանք չեն հերքում, որ սա եռակողմ հայտարարության խախտում է, այլ օգտագործում են այն նարատիվը, որ Ադրբեջանի Սահմանադրությունը վեր է բորոլ հայտարարություններից և պայմանավորվածություններից։ Բայց եթե նոյեմբերի 9-ի հայտարարության առանցքային դրույթը չի կատարվում, դա հարցականի տակ է դնում բոլոր այն գործընթացները, որ եղել են մեր տարածաշրջանում և կլինեն․․․
Թոմաս դե Վաալ (վերլուծաբան, Լոնդոն)— Իրավիճակը վերջին ամիսներին վատթարացել է, անցակետի տեղադրումը ևս մեկ քայլ է դեպի նոր կոնֆլիկտը, որը դեռ պարզ չէ՝ ինչ տեսքով կդրսևորվի։
Բոլորս էլ գիտենք, որ ամենագլխավոր միջազգային խաղացողն այստեղ Ռուսաստանն է՝ միակը, որը ֆիզիկապես կարող է որևէ բան անել։ Ինչ-որ հայտարարություններ կան Պետդեպից, Ֆրանսիայից, ինչ-որ նշումներ Ժոզեֆ Բորելից, բայց եվրոպական ֆորմատը Պրագայի հանդիպումից հետո փաստացի չի գործում։
Ի՞նչ է հիմա լինելու։ Կբացվի՞ ճանապարհը այսպես ասած միակողմանի կարգով, որպեսզի ղարաբաղյան հայերը կարողանան դուրս գալ Ղարաբաղից։
Մի բան էլ, որ պետք է նկատել՝ ինչո՞ւ է նախագահ Ալիևը շտապում։ Գուցե Թուրքիայում կայանալիք ընտրությունների պատճառով նաև։ Հավանական է, որ մայիսի 17-ին Էրդողանը պարտվի, և դա կարող է նոր գործոն դառնալ թուրք-ադրբեջանական հարաբերություններում․․․
Սերգեյ Մարկեդոնով (քաղաքագետ, Մոսկվա) — Այստեղ շատ էր խոսվում նոյեմբերի 9-ի հայտարարության, դրա խախտման, Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հարաբերությունների ուրվանկարի փոփոխության մասին։
Առաջին բանը, որին կուզեի ուշադրություն հրավիրել՝ ոչ ոք կայունություն կամ հակամարտության ամբողջական լուծում չի խոստացել եռակողմ հայտարարությամբ, որը համաձայնագրի կարգավիճակ նույնիսկ չունի։
Ի՞նչ է՝ Ադրբեջանը 2020-ին ամբողջապես համաձայնե՞լ է այն թեզերի հետ, որոնք զետեղված են այդ հայտարարության մեջ, օրակարգից հանե՞լ է Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերահսկողության կամ տարածքային ամբողջականության հաստատման հարցը։ Նրա համար այդ հայտարարությունները հավատքի ինչ-որ սիմվոլ են եղե՞լ։ Իհարկե, ոչ։ Նրանց համար տարածքային ամբողջականությունը ամենակարևորն է։ Եվ եթե 2020-ին որոշակի ռեսուրսներ չեն եղել, այժմ փորձ է արվում այդ բանկը պտտացնել։ Հաշվի առնելով, որ անցած գրեթե երեք տարիների ընթացքում Ռուսաստանի կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից էականորեն մեծացել է և՛ Արևմուտքի հետ առճակատման, և՛ Ուկրաինայի գործոնի պատճառով․․․
Եկեք չմոռանանք նաև, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների միանշանակ մեկնաբանություն չկա։ Չկա որևէ հանձնաժողով, որը ստորագրող կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, ճանաչում են որպես լեգիտիմ և որը կարող է ասել՝ գիտեք, այ այս դրույթները խախտվել են։
Ադրբեջանը ձեզ կասի, և արդեն իսկ ասել է անցակետ դնելուց, թե՝ մենք դա արել ենք, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական տեղաշարժեր են եղել, իսկ նույն այդ հայտարարություններում գրված է, որ պետք է ապառազմականացում լինի։ Կասեն՝ մենք ամեն ինչ կատարում ենք։
Դուք հիմա կհակադարձեք, թե դա անհեթեթություն է, իրականությանը չի համապատասխանում։ Բայց մենք խոսում ենք պաշտոնական դիսկուրսի մասին։ Ձեզ համար փաստարկներ կգտնեն, թե ինչու դա այդպես չէ, ինչու է դա ոչ թե խախտում, այլ իրականացում։ Հայկական կողմը սրա հետ, իհարկե, չի համաձայնի։ Ռուսական կողմը, գուցե, այս հարցում որոշակի նշաձող վերցնի։ Բայց ինչ-որ հաստատություն, որ կասի՝ «երեխեք, կան հստակ մեկնաբանություններ և հարկավոր է անել այսպես», չկա։
Ինչո՞ւ է Ադրբեջանը սա անում։ Որովհետև հանգամանքները նրա համար բարենպաստ կերպով են դասավորվել։ Ռուսաստանը զբաղված է, նպատակներից շատերը, որոնք Ուկրաինայի հարցում դրվել են փետրվարի 22-24-ին, մեղմ ասած իրագործված չեն։ Միացյալ Նահանգները հետաքրքրված է Իսրայելի և Ադրբեջանի տանդեմի ամրացմամբ, և շատ բան կարող են ներել։ Գիտեմ՝ երեկ հայկական բլոգերում, մեդիաներում շատ էին գրում [ամերիկացի կոնգրեսական] Ադամ Շիֆի մասին, որը հայտարարել է, թե հասնելու է Արցախի ճանաչմանը։ Դե՝ նա մոտ 70 հազար ընտրողներ ունի Կալիֆորնիայում, փորձում է նրանց համակրանքը շահել, իսկ այդ «ճանաչումը», բնականաբար, ստորին պալատից անգամ դուրս չի գա․․․
Իրավիճակը, ուստի, հետևյալն է՝ Ռուսաստանին ուղղված գանգատներ, իհարկե, կան, ես ինքս քննադատական մեծ պոտենցիալ եմ տեսնում, բայց ստեղծված իրավիճակում ավելի լավ այլընտրանքներ չկան։ Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ֆրանսիան այստեղ ըստ էության ոչինչ չեն փոխելու։
Ֆրանսիական խորհրդարանի երկու պալատներն էլ քվեարկել են Արցախի ճանաչման օգտին՝ դեռևս 2020-ին, և ի՞նչ։ Ինչ-որ կերպ խնդիրը տեղից շարժվե՞լ է։ Ո՛չ։ Որովհետև և՛ Արևմուտքը, և՛ ԵՄ-ն արդեն հայտարարել են, որ դա Ադրբեջան է։ Եվ Մակրոնը որքան ուզի կարող է խոսել այն մասին, որ սա չի համապատասխանում գեղեցիկի մասին իր պատկերացումներին։ Բաքուն էլ կարող է հիշեցնել, որ Ադրբեջանը կարևոր էներգետիկ գործընկեր է։ Կա, իհարկե, նաև ներքին կողմնորոշում, որի տրամադրությունը հետևյալն է՝ ավարտել այս պատմությունը։ Նույնիսկ եռակողմ հայտարարություններն են այստեղ փոքրիկ անհարմարություն, որը հարկավոր է վերացնել․․․
Ինչ վերաբերում է ընտրություններին և Էրդողանի հնարավոր հեռացմանը։ Այն տրամաբանության շրջանակներում, որտեղ Ադրբեջանը դիտարկվում է որպես Թուրքիայի [խամաճիկ], գուցե։ Բայց դա այդքան էլ այդպես չէ։ Ադրբեջանը իր սեփական ֆիքսվածություններն և տարածքային ամբողջականության վերականգնման սեփական ազգային գաղափարն ունի։ Եվ Թուրքիան այստեղ հարմար գործընկեր է։ Բացի այդ՝ թուրք-ադրբեջանական ռազմավարական փոխգործակցության հիմքերը կառուցվել են Էրդողանից առաջ։ Թող լինի, ասենք, Քըլըչդարօղլուն։ Նա, իհարկե, ավելի քիչ է քննադատելու Արևմուտքը, չի խոսելու Արևմուտքի և հատկապես Միացյալ Նահանգների՝ Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մասին, ավելի շատ է սոլիդարիզացվելու ՆԱՏՕ-ի հետ։ Բայց Ադրբեջանի հետ համագործակցության գործոնը ոչ մի տեղ չի անհետանալու, այն մնալու է նույնքան հիմնարար թուրքական քաղաքականության համար։ Թուրքիան ճանաչել է Ադրբեջանը նույնիսկ Բելովեժյան համաձայնագրերից առաջ։ Թուրքական քաղաքականության առաջնագծում այն ժամանակ Էրդողան չկար։ Կան բաներ, որ համակարգային են։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին։ Պատկերացրեք սրացում Կովկասում, որին ներգրավված է նաև Թուրքիան։ Ռուսաստանի համար նման սրացումը, եթե այն լինի, չի սահմանափակվելու միայն Ղարաբաղով։ Թուրքիան ազդեցության բավական ռեսուրսներ ու հնարավորություններ ունի նույնսիկ Կովկասի սահմաններից դուրս։ Սա է նաև պատճառը, որ Մոսկվայի դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին որ կա։
Մի բան էլ, որի մասին մեր գործընկերները չեն խոսում։ Նույնիսկ եթե Ադամ Շիֆը, երազանքին համապատասխան, հաջողության հասնի, նույնիսկ եթե նախագահ Մակրոնի թվիթերը վերածվեն Ղարաբաղի ճանաչման հարցի, ենթադրենք, թե նման բան կլինի, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նման ճանաչման։ Դատելով ապրիլի 18-ի նրա հայտարարություններից՝ այդքան էլ չէ։ «Միջազգային հանրությունը չի կարող ապահովել մեր մաքսիմալիստական նշաձողը»․․․ Նման ռևանշի պատրաստ չէ նույնիսկ Հայաստանի ղեկավարությունը։
______
տե՛ս նաև.
Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է
Ադրբեջանական անցակետ՝ «ռուսական» Լաչինի միջանցքում