փակել են նաև Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը այսօր փակել է Ղարաբաղ-Հայաստան սահմանին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Բաքուն անցակետ է տեղադրում
Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին՝ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի մուտքի մոտ, անցակետ է տեղադրել, ինչի մասին, ըստ հաղորդագրության, տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությունը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։
Չնայած հայկական կողմերն այս մեղադրանքները արդեն բազմիցս հերքել են, Բաքուն վերստին հայտարարել է, թե Լաչինի ճանապարհն անօրինական է օգտագործվել՝ միջանցքով «զենք և զինամթերք է տեղափոխվել, բնական ռեսուրսներ են արտահանվել, ականներ են տեղադրվել»։ Անցակետն, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, դրվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Բաքուն հավաստիացրել է, թե անհրաժեշտ պայմաններ կստեղծի «Ղարաբաղի հայ բնակիչների՝ այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ և կանոնավոր անցնելու համար»։
«Վերահսկողության այս մեխանիզմը կիրականացվի ռուսական խաղաղապահ առաքելության հետ համագործակցությամբ», – հավելել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։
էթնիկ զտում
Ամիսներ տևող շրջափակման պայմաններում Հակարիի կամուրջն էր ապահովում Հայաստանից Ղարաբաղ բեռների տեղափոխումը, որն իրականացնում էին հիմնականում Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, երբեմն՝ նաև Կարմիր խաչը:
«Կոռնիձոր-Արցախ հատվածում՝ հենց Լաչինի միջանցքում ադրբեջանցիները տեղադրում են հսկիչ անցագրային կետ։ Սա նոր կամրջի այն հատվածն է, որ պիտի շահագործվեր։ Այստեղով Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են անցնում։ Այսպիսով՝ ադրբեջանցիները կկարողանան ստուգել Արցախ մտնող յուրաքանչյուր բեռ։ Այսինքն՝ այն, ինչը ոչ բացահայտ էին անում ու բացում մեքենաները, հիմա, ըստ ադրբեջանցիների՝ օրինականացրել են այդ գործընթացը», – «Ազատության» հետ զրույցում ասել Ղարաբաղի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Սա 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտումն է՝ մեկնաբանել է Ստեփանակերտը և նշել, որ Ադրբեջանը սա անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տարածել Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։
«Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր», – ասված է հաղորդագրության մեջ:
«Այս քայլին գնալու համար Ադրբեջանն արհեստականորեն օգտագործեց իր 3 զինծառայողների՝ ականի վրա պայթելու հանգամանքը, որն Ադրբեջանը երեկ մատուցում էր որպես «Հայաստանի իրականացրած ահաբեկչություն»», – ֆեյսբուքում գրել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ Բաքուն մեղադրել էր հայկական կողմին Լեռնային Ղարաբաղ «ռազմական բեռի տեղափոխման համար», «առանց համաձայնեցնելու անցակետ տեղադրելու», ինչպես նաև ականներ տեղադրելու համար՝ նշելով, որ դրա հետևանքով երեկ ադրբեջանական բեռնատար է պայթել։ Հայկական կողմը բազմիցս է հերքել Արցախ զենք և զինամթերք տեղափոխելու հայտարարությունները։ Կեսգիշերին էլ հերքել էր ականներ տեղադրելու մասին հայտարարությունը։
Ըստ Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության՝ վերջին հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը՝ հող նախապատրաստել Արցախի դեմ հնարավոր սադրանքների համար:
Ղարաբաղի ԱԽ-ն դիմում է հատկապես Ռուսաստանին
Ղարաբաղի Անվտանգության խորհուրդն այսօր հրատապ նիստ էր հրավիրել։
Նիստից հետո հայտարարվեց, որ ԱԽ-ն դիմել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
«Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները», – ասված է խորհրդի հայտարարության մեջ։
«Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով», – ընդգծել է ԱԽ-ն։
խոսում է Երևանը
Անցակետ տեղադրելու Ադրբեջանի քայլը չի կարելի համարել հերթական սադրանք, այն իրապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ ավելի ուշ հայտարարել է պաշտոնական Երևանը։
Արդեն 133 օր տևող շրջափակումը և ադրբեջանական անցակետի տեղադրումը, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախն ամբողջությամբ հայաթափելու ադրբեջանական քաղաքականության հետևողական իրագործմանը։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը կոչ է արել Ռուսաստանին ի վերջո կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
հայերին չեն թողնում մոտենալ
«Այս պահին ադրբեջանցիներն ու ռուս խաղաղապահները բանակցում են հենց այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձում են անցակետ տեղադրել», – «Ազատության» հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Ղուլունցն այսօր եղել է Արցախ-Հայաստան սահմանագծում՝ Հակարիի կամրջի մոտ, բայց ռուս խաղաղապահները թույլ չեն տվել, որ առաջ գնան։
«Հենց այդ նույն հատվածում են ուզում դնել, որտեղ ռուսների անցակետն է։ Հենց կամրջի մոտից չեն թողնում, որ հայ պատվիրակությունից, ժողովրդից ոչ մեկը մոտենա։ Դրանից այն կողմ հիմա իրենք բանակցում են։ Հենց նոր կամրջի վրա է կատարվում այդ ամենը, 11-12 խ-ից հետո Արցախ տանող ճանապարհը փակվել է։ Ճանապարհը փակելով՝ շրջափակվել են Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն գյուղերը։ Մարդիկ այնպիսի պայմաններում են հայտնվել, ինչպես Արցախի ժողովուրդը», – նշել է Տեղի համայնքապետը։
Հեռվից նկատելի է, որ ադրբեջանցիներն այնտեղ աշխատանքներ են կատարում, բայց կտեղադրեն անցակետը, թե ոչ՝ բանակցություններից հետո կերևա։