Home / Բանակ / Սահմանային սպանությունները սկսել են հրմշտոցից. պաշտոնական

Սահմանային սպանությունները սկսել են հրմշտոցից. պաշտոնական

Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ուժերը Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում պարբերաբար բանակցում են, «տեղակայման ճշգրտումներ են իրականացնում»՝ հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Նմանատիպ մի ճշգրտման բերումով է տեղի ունեցել միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների», – մեկնաբանելով ապրիլի 11-ի բախումները՝ նշել է Պապիկյանը:

Տեղի հատվածում երեկ տեղի ունեցած «միջադեպի» հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 6 վիրավոր ունի։ Ադրբեջանը հաղորդել է 3 զոհերի մասին։

Հայաստանի ՊՆ-ն տեղի ունեցածը «ադրբեջանական սադրանք» է որակել։ Երևանը տեսանյութ է հրապարկել, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, հետո՝ հեռանում և սկսում կրակել։

«Խնդրո առարկա հատվածի մասին արդեն հայտարարություն է եղել, պատճառները հայտնի են՝ ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր և ինչպես եղավ, որ մարտի 29-ին տեղի ունեցան հայտնի միջադեպերը, որի շարունակությունը սա է»,- խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում նշել է պաշտպանության նախարարը։

Դեռևս մարտի վերջին Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու երկայնքով տեղակայվելիս ադրբեջանցիները 5 կետերում, այդ թվում՝ Տեղ գյուղի հատվածում, առաջ են եկել և դիրքավորվել Հայաստանի տարածքում՝ սահմանից մի քանի հարյուր մետր այս կողմ։ Մինչ այդ այս հատվածը վերահսկվում էր ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։ Տեղի բնակիչները պատմում են, որ ռուս զինծառայողները հետ են քաշվել դիրքերից, ինչից անմիջապես հետո այնտեղ են տեղակայվել ադրբեջանական զորքերը․ այս մասով պաշտոնական հաղորդագրություններում ոչինչ չի նշվում։ Արդյոք հայկական կողմը իմացել է խաղաղապահների հեռանալու մասին՝ հայտնի չէ։

Ապրիլի սկզբից, ըստ պաշտոնական աղբյուրների, կողմերը բանակցում են, որ հարթեն «քարտեզների տարընթերցման» հետևանքով ի հայտ եկած խնդիրները։ Ըստ Երևանի, իրավիճակն այս ընթացքում «Էականորեն բարելավվել է»։ Տեղ գյուղի մոտակայքից, սակայն, ադրբեջանցիները առ այսօր չեն հեռացել։

Պապիկյանը պարզաբանել է՝ քանի որ «այնտեղ որոշակի անճշտություններ կային», Հայաստանի ԶՈՒ-ն «ժամանակավորապես, մինչև խնդրի վերջնական ճշտումը տեղակայվել է այս տեղամասում»։ «Վերջին մեկ շաբաթվա, 10 օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե՛ հակառակ կողմի, թե՛ յուրային [սահմանապահ] ուժերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են», սրա բերումով է, որ «ունենանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են և խնդիրներ չկան»։

Նախօրեին «ճշգրտումներն» ավարտվել են զինված բախումներով։

գիտեին

Երեկվա ադրբեջանական սադրանքը կանխատեսելի էր՝ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա այն իրավիճակային դեպքերից էր, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարություններ եմ տվել և այլն։ Բայց, իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Ինձ համար միանշանակ է, որ պետք է հետաքննենք, թե ինչ և ինչի համար է տեղի ունեցել», – նշել է Փաշինյանը։

«Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել են ուխտադրույժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա։ Բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ։ Այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, այդ սցենարի շրջանակում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է», – հայտարարել է Հայաստանի ղեկավարը։

Այդ ձախողմանը, ըստ Փաշինյանի, պետք է հետևեն «որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ»։

ծանր, ծայրահեղ ծանր

Տեղ գյուղի հայկական դիրքում՝ ադրբեջանական կրակոցից, երեկ զոհվել են սպա Արթուր Սահակյանը, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, հատուկ ջոկատային Նարեկ Սարգսյանը։

Վիրավոր 6 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր։

Երեկ վիրավորվել է նաև հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ «Կորպուսի հրամանատարը տեղափոխվել է Երևան, վիրահատված է, նրա կյանքին վտանգ չի սպառնում», – տեղեկացրել է ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը։

Տեղ գյուղում այսօր իրավիճակը հանդարտ է, այնտեղ են իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներ։