թարմացում — Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին, նոր երթուղին ապրիլի 1-ից կանցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով (միայն ՀՀ տարածքով), հաղորդում է ԱԱԾ-ն.
«Համաձայն նախօրեին ձեռբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին պետք է տեղակայվեն վերոհիշյալ հատվածի երկայնքով: Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը»:
13։00 — Դեռ երեկ Հայաստանը տեղեկացրել էր ադրբեջանական կողմին, որ պայմանավորվածության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր ճանապարհը Կոռնիձորի կամրջից հետո շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, Կառավարության այսօրվա նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոր երթուղու պահպանությունը ստանձնելու են Հայաստանի սահմանապահ զորքերը։
Ադրբեջանական լրատվամիջոցներում, ըստ նրա, քիչ առաջ հայտնված տեղեկություններով փորձ է արվում տեղի ունեցածը ներկայացնել որպես «մի հերթական բլոկբաստեր»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված» ադրբեջանական զինուժը հսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ (Աղավնո) գյուղերի միջև ընկած տարածքը։
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ Ադրբեջանի զինուժը գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։
«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են», – պարզաբանել էր Ղարաբաղի ներքին գործերի նախարարությունը:
Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է և, «հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»: «Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»։
Փաշինյանը հիշեցրել է 2022-ի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնության մասին, որի արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ։ Քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող ճանապարհը այն ժամանակ ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը Կոռնիձորի կամրջով մտնում էր Հայաստանի տարածք, ապա՝ նորից Ադրբեջանի տարածք, ապա՝ նորից Հայաստանի տարածք։ Այժմ այդ ճանապարհը կանցնի միայն Հայաստանի տարածքով։
տե՛ս Հայաստան-Արցախ գրունտային այլընտրանքի մասին
«Հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա պահպանությունն, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։
Նույն դիրքերից՝ Հայաստանի պետական սահմանի երկայնքով, Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու, ըստ պլանի, և փոխարենը տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։
Մենք առաջարկել ենք, որ նույնը տեղի ունենա նաև Ադրբեջանի կողմից։ Հույս ունեմ, որ այս գործընթացը կընթանա առանց սադրանքների», – հավելել է վարչապետը։
տե՛ս Հայաստանը տանուլ է տալիս նաև խաղաղությունը
Հայաստանը Ղարաբաղում բանակ չունի
Մարտի 25-ին ադրբեջանական զորքերը խախտել են հրադադարի ռեժիմը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Շուշի-Լիսագոր հատվածում։ Ռուսական կողմը մանրամասնել է՝ Ադրբեջանը հատել է շփման գիծը Շուշիի շրջանում և զբաղեցրել Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք գտնվող բարձունքը։
Բաքուն պատճառաբանել է, թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռներ ու անձնակազմ է տեղափոխվում, այդ իսկ պատճառով իրենք «անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել» Լաչինի ճանապարհից դեպի հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար։ Հայաստանը այս պնդումները բազմիցս հերքել է։
տե՛ս Զորքը առաջ է գալիս, խաղաղապահներն անզոր են, հայերին Բաքու են կանչում
Կառավարության այսօրվա նիստին վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց՝ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։
Այս փաստը ստուգելու համար նա կրկին առաջարկեց Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել՝ շեշտելով, որ այս առաջարկը հենց Ադրբեջանն է մերժել 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ։ «Առաջարկը ուժի մեջ է», – վերահաստատեց Հայաստանի ղեկավարը։
Լեռնային Ղարաբաղում գործում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, և դա հանրահայտ փաստ է՝ հավելել է Փաշինյանը։ Պաշտպանության բանակի գործունեությունը, ըստ նրա, պետք է դիտարկել հետևյալ կոնտեքստում՝ «Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում», Լաչինի միջանցքը արդեն 100 օրից ավել փակ է, ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը դադարեցված են, Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է։
Ի հեճուկս բոլոր դժվարությունների Հայաստանի կառավարությունը, ըստ նրա, անհօգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին․ «Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում»։