Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործընթաց է սկսել՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը․ «Մենք դատի ենք տվել Հայաստանին՝ Ադրբեջանում շրջակա միջավայրին հասցված հսկայական վնասի համար»։
«Ղարաբաղում կան ոսկու և այլ հանքավայրեր։ Ընդհանուր առմամբ, Ղարաբաղը հարուստ է բնական պաշարներով։ ․․․151 հանքավայրերից 52-ը շահագործվել է բացառապես 1993 թվականից մինչև 2020 թվական։ ․․․Դրանք թալանվել են ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների, ընկերությունների կողմից», – հայտարարել է Բայրամովը։
2021 թվականի նոյեմբերից, ըստ Բայրամովի, Ադրբեջանը գրավոր բանակցություններ է վարել Ղարաբաղում օգտակար հանածոների հանքավայրերի, այդ թվում՝ ոսկու և պղնձամոլիբդենային հանքերի շուրջ։ Թե ովքեր են մասնակցել այդ բանակցություններին՝ ադրբեջանցի պաշտոնյան չի մանրամասնել։
«Վերջին երկու ամիսների ընթացքում ինտենսիվ բանակցություններ էին ընթանում։ Դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հստակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել։ Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչներն այդ հանքավայրերում պետք է մոնիթորինգ անեին։ Դրան խանգարել են մի խումբ սադրիչներ։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, երբ մենք քննարկում էինք այս խնդրի հանգուցալուծման ուղիները, ես կրկին հիշեցրեցի՝ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանն այս հարցի վերաբերյալ հստակ ապացույցներ է հրապարակել։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին՝ Ադրբեջանը պարտավորվում է երաշխավորել քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երթևեկությունը։ Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորություններ ունի բացառապես այս երեք կատեգորիաների տեղաշարժի մասով»։
Լաչինի միջանցքում վրանավորված պետակտիվիստների գործողությունները ադրբեջանցի պաշտոնյան արդարացի ջղայնություն է անվանել և հայտարարել, որ նրանք ճանապարհը չեն արգելափակել և հումանիտար աղետ ստեղծելու մտադրություն չունեն։
Բայրամովը խոսել է նաև միջանցքով իբր զինծառայողների ռոտացիա կազմակերպելու և զինամթերք, ականներ փոխադրելու մասին․ հայկական կողմը այս մեղադրանքները կտրականապես հերքում է։
Արդեն ավելի քան 40 օր է՝ Ղարաբաղը շրջափակված է։ Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի երթևեկելի մասում Ադրբեջանական ճանբար է․ պաբերաբար ավտոբուսներով նոր մարդկանց են բերում։ Ճամբարի երկու կողմերում ռուսական փակ անցակետեր են։ Ղարաբաղյան և հայաստանյան մեքենաների համար ճանապարհը փակ է։ Ռուս խաղաղապահները մարդկանց հետ են շրջում՝ պատճառաբանելով, որ ի վիճակի չեն ապահովել նրանց անվտանգությունը։
Լաչինի միջանցքում վրանավորված ադրբեջանցիները (պետական աշխատողներ, պետֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների, երիտասարդական և սպորտային միությունների ներկայացուցիչները) պնդում են, թե այսկերպ պայքարում են «ընդերքի ապօրինի շահագործման դեմ»։ Չնայած Ղարաբաղի իշխանությունները արդեն իսկ դադարեցրել են հանքարդյունահանումը, ճանապարհը այդպես էլ չի բացվել։
տե՛ս Միջանցք փակելը նաև ոսկու մասին է
Ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում` պետական «Արմենպրես» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին», – ասել է նախարարը՝ հավելելով, որ այժմ ադրբեջանական կողմն իր այդ գործողությունները պատճառաբանում է ականների տեղափոխմամբ: Միրզոյանը դա մտացածին է անվանել:
Հայաստանն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել՝ շարունակել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
«Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից», – ասել է նախարար Միրզոյանը:
Վերջին շրջանում Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակումը սկսել է հիմնավորել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ «զինամթերքի, մասնավորապես ականների տեղափոխմամբ»: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրենց է փոխանցել դրա վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք ուսումնասիրում են:
Հայկական կողմը արդեն շաբաթներ շարունակ ահազանգում է, թե բնապահպանությունը պատճառաբանությունները զուտ պատրվակ են, որ քողարկուն են Արցախը հայաթափելու Ադրբեջանի քաղաքականությունը։