Ղարաբաղի մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտի հրապարակից այսօր քայլերթով հասել են Լաչինի միջանցքի արգելափակված հատված՝ հիշեցնելու ռուս խաղաղապահներին նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով ստանձնած պարտականությունների մասին։
Նախքան ռուսական անցակետ հասնելը նրանց դիմավորել է Ղարաբաղի ոստիկանությունը։
Տիգրան Պետրոսյանը՝ հայ ոստիկաններին — Հարգելի ոստիկաններ, դուք բոլորդ տեսնում եք, որ Ադրբեջանը պետական մասշտաբով պրովոկացիա է անում։ Դուք տեսնում եք, որ մեզ փորձում են հավի ճտերի նման այստեղ պահել։ Մենք ձեզ խնդրում ենք ուղղակի՝ եկեք, թեկուզ միասին, գնանք ռուսների պոստը, ռուսներից պահանջենք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի իրենց պարտականությունները կատարեն։
(անցնում է ռուսերենի)
…Այս սադրանքի նպատակը ճանապարհին [ադրբեջանական] ԿՊՊ դնելն է, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Այդ հայտարարությունը խախտում է ոչ միայն ադրբեջանական կողմը, այլև ռուսականը։ Մենք առանց կռվի հանձնել ենք Քելբաջարը, առանց կռվի հանձնել ենք Լաչինը։ Մենք զիջել ենք այդ հողերը՝ պայմանով, որ ռուսական կողմը մեզ համար անվտանգ միջանցք է ապահովելու։ Նոյեմբերի 9-ի նույն փաստաթղթում՝ 6-րդ կետում, գրված է, որ Ադրբեջանը պարտավոր է ազատ տեղաշարժ ապահովել։ Այս սադրանքը եռակողմ պայմանավորվածության խախտում է և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի կողմից։
Մենք ճտեր չենք, մենք բնակիչներ ենք։ Եվ մենք արժանապատվություն ունենք ազգային։ Մենք խնդրում ենք ձեզ բացել ճանապարհը, որպեսզի անցնենք մինչև ռուսական պոստ։ Այստեղ մարդիկ են ապրում, այս ամենը հեչ ճիշտ չի։ Մեր ղեկավարությունը, Ռուսաստանի ղեկավարությունը, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ղեկավարությունները բանակցություններ են վարում, ինչի՞ է պետք ճանապարհ փակել։
Սա պարզապես ուղղված է էթնիկ զտումների, որպեսզի ճնշելով, բլոկադայով ստիպեն մարդկանց հեռանալ այստեղից։ Սա է այն ամենն, ինչ որ հիմա անում է Ադրբեջանը։ Եվ Ռուսաստանը սրան որևէ կերպ չի խոչընդոտում։
(կրկին անցում է հայերենի)
Հարգելի ոստիկաններ, ես ձեզ խնդրում եմ՝ թույլ տվեք անցնենք։ Մեր պետությունը, մեր պետական այրերը քանի որ չեն կարողանում բացել ճանապարհը, ես ձեզ խնդրում եմ՝ առանց բախումների, թողեք․․․ այստեղ մի խումբ ժողովրդով՝ կանանցով, երեխաներով, մենք փորձում ենք բարձրանանք, ռուսին էլ մեր դժգոհությունը հայտնենք, ռուսին էլ ասենք, որ՝ բացեք, գնանք, դուք պետք է ձեր վրա վերցրած պարտականությունը կատարեք։
Ընթացքում Պետրոսյանը ցույց է տալիս նաև այն փաստաթղթերը, որոնք պահանջել է հանքերը շահագործող ընկերությունից։ Փաստաթղթերը, ըստ նրա, վկայում են, որ բնապահպանական խնդիր այնտեղ չկա։ Ստեփանակերտցի ակտիվիստը շեշտում է՝ Ղարաբաղի իշխանությունները նաև հայտարարել են, որ պատրաստ են միջազգային փորձագետների հրավիրել:
Ոստիկանը ընդհատում է նրան․
Ոստիկանն — Ժողովուրդ, մենք ևս այս հասարակության մի մաս ենք, ստեղծված իրավիճակը բոլորիս խնդիրն ա։ Էնպես չի, որ ոստիկանները ձեզ հետ համակարծիք չեն այս հարցում․․․ Բայց այստեղից այն կողմ մենք չենք կարողանալու ձեր անվտանգությունը ապահովել։ Խնդրում ենք ձեզ՝ ձեր իսկ անվտանգությունից ելնելով չգնալ այնտեղ։
Տիգրան Պետրոսյան — Պարոն փոխգնդապետ, մենք հասկանում ենք, որ դա անվտանգ չի։ Մենք հասկանում ենք, որ այնտեղ էկոլոգներ չեն՝ հատուկ ծառայություններն են, այս ամեն ինչը պրովոկացիա ա և այլն։ Բայց մենք պատրաստ ենք նույնիսկ ժերտվա [զոհ] գնալ։ Եթե թույլ կտաք՝ երեք-չորս հոգով գոնե մինչև ռուսական կողմը գնանք, գոնե մենք՝ որպես հանրություն, մեր դժգոհությունը հայտնենք․․․
Ոստիկանները տասը րոպե ժամանակ են խնդրում՝ վերադասների հետ խոսելու համար։ Ավելի ուշ թույլ են տալիս ներկաներից մի քանիսին՝ մոտ տասը տղամարդկանց և կանանց, գնալ դեպի մոտակա ռուսական անցակետ:
Անցակետ չհասած՝ նրանց դիմավորում է ռուսական խաղաղապահ զորախմբի ավագ լեյտենանտը.
Տիգրան Պետրոսյան — Մեզնից շատերը այնտեղ են մնացել։ Մենք դժգոհություններ ունենք՝ ուղղված և ռուսական հրամանատարությանը, և ադրբեջանցիներին։ Բանն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է ռուսական կողմի հստակ դիրքորոշումը, որը պարտավորվում է ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը։
Ռուս խաղաղապահ — Ես գիտեմ, հայտարարությանը ծանոթ եմ։ Եկեք կոնկրետ՝ ի՞նչ եք դուք ուզում ինձանից։
Պետրոսյանը ցույց է տալիս ղարաբաղյան հանքերի բնապահպանական չափանիշները հավաստող փաստաթղթերը և շարունակում․
— Մենք պարզապես պահանջում ենք ռուսական ղեկավարությունից, ես խնդրում եմ ձեզ՝ ուժով կամ չգիտեմ ոնց, դուք պարտավոր եք ապահովել անվտանգ ճանապարհ։ Մենք խնդրում ենք ձեզ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ։ Ապահովե՛ք մեզ համար անվտանգ ճանապարհ։
Ռուս խաղաղապահ — Այսինք՝ դուք հիմա ուզում եք այնտեղ գնա՞լ։
Տիգրան Պետրոսյան — Մենք ուզում ենք, որ դուք ապահովեք․․․
Ռուս խաղաղապահ — Հենց այս պահին բանակցություններ են ընթանում։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այնտեղ է։ Բանակցություններ են ընթանում։ Ես այստեղի հրամանատարն եմ, այլ տեղեկություն ձեզ տալ չեմ կարող։ Որևէ իմաստ չունի, որ դուք հիմա գնաք այնտեղ։ Դուք միայն կբարդացնեք իրավիճակը։
Տիգրան Պետրոսյան — Մենք հասկանում ենք։ Բայց արդեն 12-րդ օրն է՝ Լաչինի միջանցքը փակ է։ Դուք էլ մեզ հասկացեք։ Եռակողմ հայտարարության պատճառով մենք առանց կռվի հանձնել ենք Քելբաջարի և Լաչինի շրջանները, որ Ռուսաստանը ապահովի մեր անվտանգ միջանցքը։ Դուք էլ մեզ հասկացեք։ Ես ձեզ ոչ մի բանում չեմ մեղադրում․․․ Բայց կա փաստաթուղթ, որով կողմերը պարտավորվում են։ Որպես գերտերության՝ մենք ձեզ խնդրում ենք և պահանջում՝ բացեք այդ ճանապարհը․․․
Ռուս խաղաղապահ — Այս պահին բանակցություններ են ընթանում։ Այլ բան ձեզ պատասխանել չեմ կարող։
Տիգրան Պետրոսյան — Ընկեր ավագ լեյտենանտ, եկեք այսպես անենք․ քանի որ դուք այստեղ իրոք այնպիսի ռեսուրս չունեք, որ հիմա բացեք ճանապարհը, մենք ձեզ հետ հիմա չենք վիճելու։ Հիմա մենք կվերադառնանք մեզ մոտ․ այնտեղ լիքը ժողովուրդ է սպասում։ Վաղը մենք ակցիա ենք անելու՝ ճանապարհի բացման պահանջով։ Ժամը 3-ին։ Եթե մինչև վաղը ադրբեջանցիները չբացեն ճանապարհը, ակցիայից մենք՝ ժողովրդով, մեր երեխաների հետ, գալու ենք այստեղ։ Եվ հույս ունեմ, որ դուք մեզ կթողնեք անցնել։ Կգնանք, ադրբեջանցիներին մարդավարի կասենք, որ իրենք սխալ են։ Պայմանավորվեցի՞նք։
Ռուս խաղաղապահ — Ես ձեզ հետ պայմանավորվել չեմ կարող։ Իրավիճակն արդեն բացատրեցի։