Արդեն 8-րդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Պաշտոնական տվյալների համաձայն, 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի, մատակարարումները (այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիքի) խափանված են, Ստեփանակերտը անցել է խնայողական ռեժիմի։
Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները, մեծամասամբ՝ պետֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների, երիտ- և սպորտմիությունների ներկայացուցիչներ, պետական աշխատողներ, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, դեկտեմբերի 12-ից արգելափակել են Լաչինի միջանցքը։ Ներկայանում են որպես «էկոակտիվիստներ» և «լրագրողներ», վրաններ են տեղադրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երթևեկելի մասում, հոսանք են քաշել մոտակա ադրբեջանական դիրքերից, Բաքվից ավտոբուսներով պարբերաբար թարմ ուժեր են բերվում։ Երբ են այս մարդիկ հեռանալու՝ հայտնի չէ։ Ռուսական կողմը դեռ «բանակցություններ է վարում»։
պրոտեստը սա չէ
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ գնալու համար ադրբեջանցիները հատուկ թույլտվություն պետք է ստանան․ նրանք կարող են այցելել Շուշի կամ այլ բնակավայրեր միայն պետության տրամադրած ավտոբուսներով՝ ոստիկանների ուղեկցությամբ և առավելագույնը 2-3 ժամով։ Եվ զարմանալի չէ, որ ադրբեջանական ոչ իշխանամետ լրատվամիջոցների թղթակիցներին այժմ թույլ չեն տալիս հասնել Ադրբեջանի պատմության մեջ ամենախոշոր «բնապահպանական» ակցիայի վայր՝ հղվելով հենց այս կարգավորմանը։
Նավթային ավտոկրատիայում բնապահպանություն չկա։ Ալիևների ընտանիքին պատկանող տասնյակ հանքերի և նավթային արդյունաբերության դեմ բողոքի բոլոր փորձերը Ադրբեջանում կանխավ տապալված են։ Լաչինի միջանցքում հավաքված ագիտպրոպը բնապահպանական ակտիզմով երբեք աչքի չի ընկել․ պետական ֆինանսավորմամբ գործող գրպանային ՀԿ-ները և ալիևյան հիմնադրամներից սնվող միությունների ներկայացուցիչները, նրանց միացած պրոֆեսիոնալ պրոպագանդիստները և պետական աշխատողները այստեղ են հայտնվել ակնհայտորեն այլ շարժառիթներով։
Ըստ Ստեփանակերտի, «կեղծ բնապահպանական պատճառաբանությունների» իրական նպատակը «գոյաբանական սպառնալիքի ներքո Արցախից տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելն» է։ Թե ինչ զիջումների մասին է խոսքը՝ ստույգ հայտնի չէ։ Բանակցային գործընթացի լճացման ֆոնին պաշտոնական հայտարարությունները սահմանափակվում են ակնարկներով։
ոսկու կռիվ
Եվ չնայած ակնհայտ է՝ Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների առանցքը ընդերքի հարցը չէ, ընդերքի հարց, այնուամենայնիվ, կա։ Պատերազմից հետո Բաքուն առաջին անգամ չէ խոսում ղարաբաղյան հանքերի մասին՝ հայկական կողմին պարբերաբար սպառնալով միջազգային արբիտրաժով։
Ղարաբաղում հանքարդյունաբերությունը Ադրբեջանը ապօրինի է համարում․ հայկական վերահսկողության տակ գտնվող հանքերից որոշների, օրինակ՝ Զանգելանի շրջանի Վեջնալի հանքավայրի, Քելբաջարի Սոթքի, Դրմբոնի (Ղըզըլբուլաղի) ոսկու հանքի շահագործման իրավունքը Ադրբեջանը վաճառել է 2020 թվականի պատերազմից դեռ տասնամյակներ առաջ։
Զանգելանի և Քելբաջարի շրջանները 44-օրյա պատերազմից հետո անցել են Բաքվի վերահսկողության տակ։ Դրնբոնի և Կաշենի հանքը մնում են Ստեփանակերտի հսկողության ներքո՝ «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»։
Վերջիններիս մասին ադրբեջանցիները «հիշել են» դեկտեմբերի սկզբին․ մինչ այդ բնապահպանական հարցեր օրակարգում չկային, Ադրբեջանը Լաչինի միջանցքի հնարավոր արգելափակման նախապատրաստություններում շեշտը դնում էր այսպես կոչված «ականների» թեմայի վրա։
Դեկտեմբերի 3-ին միջանցքն առաջին անգամ փակվեց։ Հայտարարվեց, թե Բաքվից ժամանած պաշտոնյաները եկել են «հետաքննելու և վերահսկելու [Լեռնային Ղարաբաղում] օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։ Մոտ երեք ժամ հետո ճանապարհը բացվեց և սկսվեցին «մոնիտորինգի փորձագիտական խմբի գործունեության» շուրջ բանակցությունները։
Դեկտեմբերի 10-ին նախատեսված ադրբեջանական մոնիթորինգը տապալվեց։ Ստեփանակերտը հայտարարեց, որ ծրագիրը համաձայնեցված չի եղել Ղարաբաղի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ, [Դրմբոնի և Կաշենի] «աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից արգելափակվել է» ադրբեջանցի փորձագետների մուտքը տարածք։
Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա հղեց ռուսական կողմին։ Հաջորդ իսկ օրը՝ դեկտեմբերի 12-ին, Լաչինի միջանցքում հայտնվեցին ադրբեջանական «բնապահպանական» ուժերը։
անգլո-ամերիկյան շահեր
Դրմբոնի հանքի շահագործման իրավունքը Ադրբեջանը դեռևս 25 տարի առաջ՝ Հեյդար Ալիևի օրոք, վաճառել է ԱՄՆ Դելավերում գրանցված մի ընկերությանը:
Ադրբեջանի պետական «Азергызыл» և ամերիկյան «R.V. Investment Group Services» ընկերությունների միջև 1997 օգոստոսի 20-ին պայմանագիր է ստորագրվել Ադրբեջանի 6 հանքավայրերում ոսկու, արծաթի ու պղնձի համատեղ արդյունահանում սկսելու մասին: Դրանցից երեքը՝ Քելբաջարի Սոթքի, Զանգելանի Վեջնալին ու Դրմբոնի Ղըզըլբուլաղ հանքերը, այդ պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության նորքո:
Ամերիկյան ընկերությունը այդ ժամանակ 500 միլիոն դոլարի ներդրումներ էր խոստացել՝ հուսալով, որ հանքավայրերը առաջիկայում «կազատագրվեն»։
«R.V. Investment Group Services»-ի կառավարումը 2000-ականներից հանձնվել է Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին, որը ղեկավարում է 69-ամյա Մոհամադ Ռեզա Վազիրին՝ Իրանում ծնված գործարար, Շահի արտաքին կապերի գծով գլխավոր խորհրդական, որը Իսլամական հեղափոխությունից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Նա ընկերության ամենախոշոր բաժնետերն է։ Վազիրին նախագահում է Ադրբեջան-ԱՄՆ առևտրի պալատի տնօրենների խորհուրդը, 90-ականներից ներդրումներ է անում Ադրբեջանում։
Anglo-Asian Mining-ի երկրորդ խոշոր բաժնետերն է Ամերիկայի նախկին նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմի նախկին ղեկավար, ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Ջոն Սունունուն։ Ընկերության տնօրենների շարքում է եղել Մեծ Բրիտանիայի արդյունաբերության ու էներգետիկայի նախկին նախարար Թիմ Էգգարը:
2020 թվականի պատերազմից հետո Anglo-Asian Mining-ին է փոխանցվել է Զանգելանի շրջանում գտնվող Վեջնալիի հանքավայրը: Ընկերությունը հայտարարել է, որ հանքավայրի ռեսուրսները կվերագնահատվեն Ադրբեջանի կառավարության կողմից և հանքը կսկսվի շահագործվել։
Պատերազմից ավարտից հետո՝ անցած տարվա հունվարին, ընկերությունը թարմացրել է Ղարաբաղում գտնվող երեք հանքերի վերաբերյալ ավելի վաղ ստորագրած պայմանագրերը և ձեռք բերել Կաշենի հանքավայրի շահագործման իրավունքը։
մանդատազուրկ ռուսաստան
Հանքարդյունաբերությունը ղարաբաղյան տնտեսության առանցքային ոլորտներից է։ Ստեփանակերտից հիշեցնում են՝ ընդերքօգտագործման հարաբերություններն այստեղ սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, «Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»։
Միևնույն ժամանակ, ղարաբաղյան պաշտոնյաները շեշտում են՝ բնապահպանական պատճառաբանությունները պատրվակ են։ Ադրբեջանը, ըստ նրանց, այսկերպ փորձում է «կենսական զիջումներ» պարտադրել։ Ղարաբաղի նախագահը հայտարարում է՝ «Ստեփանակերտը միակողմանի զիջումներ չի անի»։ Ղարաբաղի պետնախարարը՝ գազամատակարարման վերականգնման մասին հայտարարելիս, հատուկ ընդգծում է՝ հայկական կողմը զիջումների չի գնացել։
Ադրբեջանի հետ բանակցություններին Ստեփանակերտը չի մասնակցում՝ պնդում է Արցախի պետնախարարը։ Բանակցությունների առարկան հայտնի չէ։ Թե ինչ զիջումների մասին է խոսքը՝ ոչ ոք չի ասում։
Հայկական կողմերը խոսում են Արցախը հայաթափելու ադրբեջանական քաղաքականության մասին։ Փորձագետները հիշեցնում են՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարծես փակուղում են, վերջին շրջանում էական առաջընթաց չկա նաև ապաշրջափակման, սահմանազատման աշխատանքներում։ Հավանական է, որ Ղարաբաղի շրջափակմամբ Ադրբեջանը ճնշում է գործադրում, մի կողմից, Հայաստանի, մյուս կողմից՝ Ռուսաստանի վրա։
Մինչ հայաստանյան օրենսդիրները Ռուսաստանին հիշեցնում են Լաչինի միջանցքի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագրով ստանձնած պարտականությունների մասին, Ղարաբաղի ազգային ժողովի իշխող խմբակցության ղեկավարը ահազանգում է՝ միջանցքը արգելափակելով Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագայում խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու և եռակողմ հայտարարությունը չեղարկելու համար։
«Մենք երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք», – հայտարարում է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ղարաբաղի արտգործնախարարն էլ արդարացնում է՝ «ՌԴ խաղաղապահ առաքելության թվաքանակը բավարար չէ», «ադրբեջանական այս թատերական ներխուժմանը դեմ հանդիման կանգնած էր ընդամենը 2-3 զինվոր», վճռական քայլերի դիմելու համար «նրանք չունեն մանդատ»։
Չնայած ադրբեջանցի «ակտիվիստների» գործողությունները ուղիղ հարված են ռուսական խաղաղապահ առաքելությանը, նրանց տեղակայման հնգամյա ժամկետի ավարտին դեռ երեք տարի մնացել է․ թվում է, թե դեռ բավական ժամանակ կա, հազիվ թե դա այսօր տեղի ունեցող գործողությունների հիմնական կամ միակ նպատակը լինի։