Home / Բանակ / Չէ որ մենք բան էինք պայմանավորվել Լաչինի մասին․ ՀՀ-ի և ԱՀ-ի արձագանքները

Չէ որ մենք բան էինք պայմանավորվել Լաչինի մասին․ ՀՀ-ի և ԱՀ-ի արձագանքները

Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, այսինքն՝ միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով, գրել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։

Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի  վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։

Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։

Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ», – գրել է Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավորը։

տե՛ս Բաքուն շարունակում է հայերի բլոկադան (թարմացվող)

Բաքուն չի ստորագրում

Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագայում խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու և եռակողմ հայտարարությունը չեղարկելու համար՝ ահազանգել է Արցախի Ազգային ժողովի իշխանական խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Այս համատեքստում Հարությունյանը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը՝ որպես միջազգային հիմնարար երաշխիք:

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածում է տեղակայվել 5 տարի ժամկետով՝ «հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: 

Բաքուն առ այսօր ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, վերջին շրջանում Ադրբեջանում նաև լայնածավալ հակաքարոզչություն է իրականացվում նրանց դեմ։

պատրվակը փոփոխական է

Արցախի իշխանությունները առաջարկել են ավելացնել խաղաղապահների թվականակը՝ Երևանում տեղի ունեցած ասուլիսին ասել է Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

1980 հոգին՝ տեղակայված շփման գծի ամբողջ երկայնքով և մատակայքերում, բավարար չէ․ «Ադրբեջանական այս թատերական ներխուժմանը դեմ հանդիման կանգնած էին ընդամենը 2-3 խաղաղապահ զինվորներ»։

Ստեփանակերտը, ըստ նրա, առաջարկել է նաև, որ ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ, ցանկալի է՝ հենց ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից․ «Դա կտար միջազգային լեգիտիմություն և հնարավորություն՝ կանխել նման սադրանքները», ինչպես, օրինակ, Կոսովոյի խաղաղապահ առաքելության դեպքում։ Մինչ այդ ռուսական խաղաղապահ զորախմբի ձեռքերը կապված են։

Բաբայանը ընդգծել է՝ այն, ինչ տեղի է ունեցել նախօրեին, 2020-ի նոյեմբերի 9-ի միջազգային պայմանավորվածության կոպտագույն խախտում։ Պատրվակն այս անգամ «բնապահպանական» է, հաջորդ անգամ կարող է այլ լինել։

Ղարաբաղի օմբուդսմենն էլ հավելել է՝ ակնհայտ է, որ մարդիկ, որոնք պաստառներով կանգնել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի մեջտեղում, «ակտիվիստներ» չեն․ նրանք ուղղորդվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից, այնտեղ են նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։

ուղիղ շփում չկա

Արցախի իշխանությունները, արցախյան կողմը շփումների մեջ է Բաքվի հետ, բնականաբար՝ ռուս խաղաղապահների միջոցով՝ նշել է Ղարաբաղի արտգործնախարարը․ «Այլ տարբերակ չկա»։

Ըստ նրա, բոլորը՝ երկրի ղեկավարից սկսած տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներով ավարտած, այնտեղ են, «զբաղվում են իրավիճակի հանգուցալուծմամբ»։