Home / Բանակ / Ադրբեջանցիները արգելափակել են Ղարաբաղի հայկական հատվածը (թարմացվող)

Ադրբեջանցիները արգելափակել են Ղարաբաղի հայկական հատվածը (թարմացվող)

23:30 13 ժամ շարունակ փակ է Ղարաբաղն աշխարհին կապող միակ ճանապարհը։

20։00 Հարյուրավոր հայեր մնացել են ճանապարհին․ այս պահին Ղարաբաղ ոչ մտնել է հնարավոր, ոչ Ղարաբաղից դուրս գալ։ Ըստ Արցախի ոստիկանության, ընդհատված է նաև Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիները (ներկայանում են որպես «բնապահպաններ») վրաններ են տեղադրել Ստեփանակերտ-Շուշի մայրուղու երթևեկելի մասում (հայտարարում են, թե «բողոքի ցույց» են անում «ընդդեմ ընդերքի ապօրինի շահագործման») և հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Վոլկովը չի գալիս։

17։00 Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Կրեմլի, Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են «Ղարաբաղին առնչվող եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը», «հատուկ ուշադրություն են դարձրել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը», «տրանսպորտալոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգմանն ուղղված նախագծերին»։ Ըստ Հայաստանի կառավարության, Փաշինյանն ու Պուտինը «քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր»:

Ավելի վաղ Պուտինը զանգել էր նաև Իլհամ Ալիևին։

16։30 Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ճանապարհը արդեն 6 ժամ է՝ փակ է։ Հարյուրավոր հայեր մնացել են ճանապարհին․ այս պահին Ղարաբաղ ոչ մտնել է հնարավոր, ոչ Ղարաբաղից դուրս գալ։

13։20 Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Լաչինի միջանցքը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, մեծ վրաններ տեղադրել։

«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ», – ասված է պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունում:

ոսկի

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը փակվել է «բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների» բողոքի ցույցի պատճառով։ Ակցիայի մասնակիցները, իբր, դժգոհ են, որ երեկ իրենց հնարավորություն չի տրվել դիտարկում անել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։ Հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Համացանցում տարածվող տեսանյութերում երևում է, որ «ցուցարարները»՝ պաստառներով մարդիկ, տարածքում՝ հենց ճանապարհին, վրաններ են տեղադրում։

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ անցնող շաբաթ տեղի ունեցած բանակցություններում համաձայնեցվել է, որ ստուգումներ են սկսելու Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։

Դեկտեմբերի 10-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր՝ «ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով խաղաղապահների հրամանատարությանը նախապես ուղղված գրությունը, այցելություն է ծրագրել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր»։

Ըստ տեղեկատվական շտաբի, ծրագիրը համաձայնեցված չի եղել Ղարաբաղի իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ, «աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը տարածք», «հավաքների վայրեր են մեկնել Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Բաքուն դիվանագիտական նոտա է հղել ռուսական կողմին։ Ըստ նրա՝ Ադրբեջանը բազմիցս դիմել է խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` պահանջելով կանխել նրանց տեղակայման վայրերում բնական ռեսուրսների «ապօրինի շահագործումը»։ Նշվում է, թե շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորներին պատասխան չի տրվել։

«Բաքուն փորձում է փակել միջանցքը»

«Բնապահպանական» թեման ի հայտ է եկել անցյալ շաբաթ, երբ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում ադրբեջանցիները՝ քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ, առաջին փակել էին Ղարաբաղը Հայաստանին կապող մայրուղին։

Միջանցքը փակելու մասին Ստեփանակերտի ահազանգներից մոտ 2 ժամ անց Բաքվից հաղորդել էին, թե մասնագետներ են ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։ Հայտարարվել էր, թե «հանածոների ապօրինի շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետաքննման և մոնիտորինգի փորձագիտական խմբի գործունեությունը» քննարկվում է խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։

Մոտ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել էր։

Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, հայկական կողմին ուղղված մեղադրանքների ֆոնին Ստեփանակերտից արդեն տևական ժամանակ է ահազանգում են՝ Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու, միջանցքը փակելու համար:

Մինչ այս հիմնականում շահարկվում էր ականների թեման․ ադրբեջանցի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում էին, թե Հայաստանը «ականներ է տեղափոխում մարդասիրական նպատակներով նախատեսված Լաչինի ճանապարհով»։ Հայկական կողմը հերքում էր։

Մեղադրանքները Ստեփանակերտը մեկնաբանում էր որպես տեղեկատվական արշավ, որը նպատակ ունի լեգիտիմացնել միջանցքը փակելու պլանները։ Հանքերի հետ կապված վերջերս ի հայտ եկան «մտահոգությունները» Ղարաբաղում համարում են այս նույն քաղաքականության մասին։

«մինի մաքսակետ»

Դեկտեմբերի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, թե Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ է տեղադրվելու։ 

Ղարաբաղի ԱԱԾ-ից հերքում էին և պարզաբանում․ «Հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել [խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ] Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու, և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Վոլկովի պնդմամբ՝ նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար»:

Ադրբեջանական կողմի հաղորդումներում ռուսական զորակազմի հրամանատարն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա «մինի մաքսակետ» կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով»։

Պուտինը զանգել է Ալիևին

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։