Home / Համայնքներ / Հոսանք չկա, նպաստ կլինի, տները չվառե՛լ․ բերձորցիները հեռանում են

Հոսանք չկա, նպաստ կլինի, տները չվառե՛լ․ բերձորցիները հեռանում են

Աղավնոյում երեկվանից հոսանք չկա, անջատել են նաև գազն ու կապի բոլոր միջոցները։

Լաչինում՝ Աղավնո, Բերձոր, Սուս համայնքներում մոտ 350 հոգի էր ապրում․ նրանց մի մասը հեռացել է, շատերը դեռ իրերն են տեղափոխում։

Լաչինի միջանցքը՝ հիշատակված երեք համայնքներով հանդերձ, մինչև օգոստոսի 25-ը անցնելու է ադրբեջանական վերահսկողության տակ։ Արցախի իշխանությունները այս մասին բնակիչներին տեղեկացրեցին օգոստոսի 5-ին՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո։

Ստեփանակերտը ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է Հայաստանի հետ կապը կազմակերպել նոր ճանապարհով, որի ադրբեջանական հատվածն արդեն պատրաստ է, իսկ հայաստանյանը դեռևս չի կառուցվել։ Երևանն ի պատասխան հիշեցրել էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, որտեղ ամրագրված էր՝ 3 տարվա ընթացքում Լաչինով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի։ 3 տարին դեռ չի լրացել, հաստատված նախագիծ էլ չկա, ուստի, ըստ հայկական կողմի, Ադրբեջանի ներկայացրած պահանջը լեգիտիմ չէ։

Չնայած այս փաստարկներին՝ Հայաստան-Արցախ երթևեկությունն այսուհետ նոր ճանապարհով է իրականացվելու, ռուս խաղաղապահները լքելու են Լաչինի արդեն նախկին միջանցքը, Բերձոր (Լաչին), Աղավնո և Սուս համայնքներն էլ, որոնք չեն մտնում «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ», անցնելու են Ադրբեջանին։

տարհանում

Արցախի կառավարությունը Աղավնոյում և Բերձորում ապրող ընտանիքներին 250 հազար դրամ է տրամադրել՝ տարհանման գործը կազմակերպելու համար։ Միայնակ ապրողներին հատկացվել է 125 հազար դրամ։ Գումարը, տեղացիների փոխանցմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է տրամադրել։

Բնակիչներն ահազանգում էին՝ բեռնատարների վարորդները իմացել են, որ մարդիկ գումար են ստացել, և սկսել են թվեր կրակել․ Բերձոր-Երևան սովորաբար մոտ 150 հազար դրամ արժեցող բեռնափոխադրումը դարձել էր 250-350 հազար:

նպաստ

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ առաջիկա ամիսներին տեղահանված ընտանիքները աջակցություն կստանան՝ ամեն շնչին 70 հազար դրամի չափով։ Աղավնոն 177 բնակիչ ուներ, Բերձորում մոտ 65 ընտանիք էր ապրում, Սուսում մի քանի ընթանիք էր մնացել․ ընդհանուր առմամբ՝ խոսվում է 300-350 բնակչի մասին։

սերտիֆիկատ

Արցախի տարածքային կառավարման նախարարը հավաստիացրել էր, որ տարհանվող ընտանիքները, որոնք նախընտրում են ապրել Արցախում, բնակարան կստանան, իսկ մինչ այդ կտեղավորվեն ժամանակավոր կացարանում։ Նույնը՝ Հայաստանի դեպքում։ Հավանաբար, ինչպես 44-օրյա պատերազմից հետո Լաչինից տեղահանվածներին, այնպես էլ նրանց պետությունը բնակարանի գնման սերտիֆիկատ կտա՝ 8-ից 12 միլիոն դրամի չափով։ Մինչ այս նախկին քաշաթաղցիները Երևանում բողոքի ցույցեր էին անում, որ տրամադրված սերտիֆիկատով բնակարան գնել հնարավոր չէ՝ շուկայական գներն ավելի բարձր են։

գազ, հոսանք և կապ էլ չկա

Արցախի իշխանությունները Աղավնոյի բնակիչներին տեղեկացրել էին, որ օգոստոսի 20-ից գազը, հոսանքն ու կապն անջատվելու են․ մինչև օգոստոսի 25-ը նախատեսում են նաև ենթակառուցվածքները տարհանել, որոնք անցնում են Լաչինի միջանցքով։ Օգոստոսի 18-ին կոմունալներն արդեն անջատված էին։ Հեռախոսակապ անգամ չկա, հավանաբար՝ աշտարակն են հանել։

տները չվառե՛լ

Ղարաբաղի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը տեղացիների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր՝ հեռանալուց առաջ տները չվառե՛ք։ 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարից հեռացողներից շատերը իրենց տները հրդեհում, նոր էին գնում։ Տները վառելու պրակտիկան տարածված էր նաև Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին։

Այժմ Աղավնոյում և Լաչինում ղարաբաղցի իրավապահներն են փորձում կանխել գույքը վնասելու փորձերը։ Երեք ընտանիք, այնուամենայնիվ, արդեն վառել է իր տունը։

ադրբեջանցի պրոպագանդիստը

Ադրբեջանական պրոպագանդիստական հաքին.ազ լրատվական կայքի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը նախօրեին ռուս խաղաղապահ ուժերի գնդապետ Զիմինի ուղեկցությամբ մտել է Բերձոր (Լաչին) և Աղավնո, «հարցազրույց» է վերցրել բնակիչներից մի քանիսից։ Նույն կայքում այսօր հրապարակվել է նրա «Անդրանիկն ու դաշնակները պատրաստվում են Ադրբեջանի հետ վերջին մարտին» վերնագրով քարոզչական հոդվածը։

Հայաստանյան ԶԼՄ-ների հետ զրույցում տեղի բնակիչները, որոնք հայտնվել էին Ֆաթուլաևի հոդվածում, նշում են, որ ադրբեջանցի լրագրողը ռուս խաղաղապահների հետ է եկել, ներկայացել է որպես միջազգային մամուլի թղթակից, անգլերեն է խոսել, մարդիկ մտածել են՝ եվրոպացի կամ ամերիկացի է։ Ասում են՝ հոդվածում աղավաղել է իրենց խոսքերը։

Հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներն ահազանգում են, որ ռուս խաղաղապահները վերջին օրերին արգելում են իրենց մուտքը Բերձոր և Աղավնո։