Հայաստանի ու Վրաստանի վարչապետները այսօր հանդիպել են «Բագրատաշեն-Սադախլո անցակետում»՝ մասնակցելու Հայաստանն ու Վրաստանն իրար կապող նոր՝ «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանը։
«Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով», – հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բացման ելույթի ժամանակ։
Կամուրջի գործարկմամբ, ըստ Վրաստանի վարչապետի, տրանսպորտի թողունակությունը կրկնապատկվում է սահմանին, բարելավվում է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների, հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար։
«Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլ այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում, որպես արևելք-արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս», – ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետը հիշել է նաև Հայաստանի ու Վրաստանի բազմադարյա բարեկամության մասին։
«Մեր հարաբերությունը ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ է, այլ նախապայման է ողջ տարածաշրջանի բարեկեցության, կայունության, անվտանգության և զարգացման համար», – ընգծել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Դեբետ գետը հատող նոր կամրջի կառուցման մասին կողմերը հայտարարել էին դեռևս 2018 թվականին, նախագծի իրականացման ժամկետները երկու անգամ երկարաձգվել են, շինարարությունը սկսվել է 2021-ի ամռանը։
Կամրջի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 6 միլիոն եվրոյի չափով վարկ էր տվել։ Վարկի կեսը պարտավորվել է մարել Երևանը, մյուս կեսը՝ Թբիլիսին։
«Բարեկամության» կամուրջը իրարից մոտ մեկ մետր հեռավորության վրա գտնվող երկու առանձին կամուրջներից է բաղկացած, յուրաքանչյուրի լայնությունը՝ 11․85 մետր։ Կամուրջի ընդհանուր լայնությունը 24․7 մետր է, երկարությունը՝ 160 մետր։
Ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանն ավելի վաղ նշել էր, որ գործածվող կամուրջը (կառուցվել է 1960-ականներին) արդեն հին է և վնասված, այն այլևս ի վիճակի չէ ապահովել երկու երկրների միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ Կողմերի որոշմամբ, հին կամուրջը կամրացվի և կօգտագործվի միայն վթարային իրավիճակներում՝ որպես այլընտրանքային ճանապարհ։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցյալ տարվա հունվար-հուլիսին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 397,9 մլն դոլար, այս տարվա հունվար-հուլիսին՝ 593,5 մլն դոլար (աճը՝ 49%)։