Home / Հայաստան / Երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել․ Նիկոլ Փաշինյան

Երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել․ Նիկոլ Փաշինյան

«Երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել և հետագա գնահատականը իհարկե կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից», – վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է երեկ Բրյուսելում կայացած Հայաստան-Ադրբեջան հանդիպումը։  

Կառավարության այսօրվա հերթական նիստի մեկնարկին Փաշինյանը պատմել է Բրյուսելում քննարկված հարցերի մասին։ 

1․Հանձնարարվել է երկու երկրների արտգործնախարարներին սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ։

«Իհարկե ինչպես նախկինում, մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներգրավածությունը և պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»։

2․Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքերը, բայց չեն հանգել իրավիճակի միասնական գնահատականի։ 

«Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է և այս հարցը ավելի շատ պետք է քննարկվի Ռուսաստանի գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք։

Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և իրադարձությունների զարգացման թատերաբեմում ՌԴ խաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին նաև խոսել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իմ հեռախոսազրույցների ընթացքում»։

3․Ստեղծվելու է Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ։ Առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է»։ 

4․Քննարկվել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրվել են որոշակի տարընթերցումներ և պայմանավորվածություն՝ շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ։ 

5․Քննարկվել են հումանիտար հարցերը։ Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը և անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը։ 

Արցախյան 2 պատերազմներից հետո Հայաստանն ունի անհետ կորած 985 անձ․ 208 հոգի 44 օրյա պատերազմից, 777 հոգի Արցախյան առաջին պատերազմից։

«Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը և պիտի առավելագույնը անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն։ Ցավոք, դա միայն մեզնից չէ կախված, բայց մենք աշխատանքի մեր մասը պիտի հետևողականորեն իրագործենք» ։ 

Եռակողմ հանդիպման արդյունքների մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արձանագրությունները կարող եք կարդալ այստեղ։