Սահմանազատման հարցում հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, նշել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը։
Վահան Հունանյանի կարծիքով՝ «հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա»․ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ հայտարարությամբ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»։
Այս պայմանավորվածությունը, ըստ խոսնակի, վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:
«Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների», – եզրափակել է Հունանյանը։
Հայկական կողմը առաջարկներ է արել․ Ադրբեջանը «նախապայմաններ» չի ուզում
Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական և (նրանց միջնորդությամբ նաև) ադրբեջանական կողմին՝ նախօրեին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հռչակված հայեցակարգից։
Ներկայացված փաթեթում նախատեսված են հանգամանալից կերպով մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա։ Շատ դետալներ իհարկե չեմ կարող բացահայտել, որովհետև քննարկման փուլում են։ Միայն կարող եմ ասել, որ խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք էդ գործընթացի համար ընդունելու մասին», – նշեց Միրզոյանը։
Ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Երևանի նախապայմանները Բաքվի համար անընդունելի են․ Բաքուն, ըստ նրա, հանդես է գալիս սահմանազատումը «անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին»։
Գրավոր առաջարկներին «ակնկալում ենք գրավոր արձագանք»
Անդրադառնալով սահմանագծման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց՝ Բաքվից գրավոր արձագանք դեռևս չեն ստացել։
«Մենք այդ առաջարկները գրավոր ենք ներկայացրել և ակնկալում ենք գրավոր արձագանք», – կառավարության այսօրվա նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարեց Գրիգորյանը։
Լրագրողի հարցին, թե զորքերի հայելային հետքաշման դեպքում վտանգ չկա՞, որ բնակավայրերը, որոնց կողքով կամ միջով է անցնում սահմանագիծը, կմնան չեզոք գոտում, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց․ – «Մեր առաջարկությունները նաև ներառում են նման իրավիճակների լուծումներ, դրա համար այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, սահմանապահ զորքերը կանգնելու են հենց բնակավայրի՝ դեպի սահմանին մոտ երկայնքով, լուծումն այդպիսինն է բնակավայրերի դեպքում»: