Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, արդյունավետ է անցել՝ այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Հանդիպման մասին թուրք գործընկերոջը պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Աշգաբատում երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Ալիևն ասաց, որ հանդիպումը շատ արդյունավետ է անցել։ Լուծվել է Արազ(Արաքս) գետի երկայնքով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցելու հարցը։ Բացի այդ՝ կա նաև մինչև Իգդիր հասնող ավտոբանի, որը արդյունավետ քայլ կլինի՝ Նախիջևանի հարցը լուծելու համար, և Հայաստանի (տարածքով) անցնելու խնդիրը՝ և մարդիկ կկարողանան երթևեկել, և բեռները՝ տեղափոպվել», – Էրդողանի խոսքերը մեջբերել է ռուսական «РИА-новости»-ն՝ հղում անելով թուրական Kanal 7-ին։
Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին՝ ըստ Էրդողանի, այս ուղղությամբ ևս դրական քայլեր են նկատվում։
«Ձևաչափի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, և եթե համաձայնեն՝ նաև Վրաստանի մասնակցությամբ, կապացուցի, որ տարածաշրջանային խաղաղություն կա։ Մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ կան դրական քայլեր», – նշել է պաշտոնյան։
Վրաստանը ավելի վաղ հայտարարել է, թե դեմ է այս ձևաչափին՝ Ռուսաստանի մասնակցության պատճառով։ Երևանը դեռ վերջնական դիրքորոշում չունի։ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը հարթակի կայացմանն աջակցում են՝ պարբերաբար շեշտելով դրա անհրաժեշտությունը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցություններից հետո հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել երեք կետերի շուրջ։ Առաջինը․ պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ մեխանիզմներ։ Երկրորդը․ որոշակի առաջընթաց են գրանցել հումանիտար հարցերի հարցում: Երրորդը․ պայմանավորվածության են հասել ճանապարհների ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ։
Առաջիկա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհայտարարեն, թե կոնկրետ ինչ պայմանավորվածության են եկել երեք երկների ղեկավարները։ Հնարավոր է, որ նաև փաստաթուղթ ստորագրվի՝ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։