Ղրղզստանում նախօրեին խորհրդարանական ընտրություններ էին։ Ըստ նախնական արդյունքների՝ առաջադրված 21 կուսակցություններից անցողիկ՝ 5 տոկոսանոց շեմը հաղթահարել են միայն 6-ը։ Առաջին երեք տեղերը զբաղեցրել են պրոկառավարական ուժերը։
Մոտ մեկ տարի առաջ Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները ավարտվեցին հերթական իշխանափոխությամբ։ Հետընտրական բողոքի ցույցերը ընդամենը մեկ գիշերվա ընթացքում վերածվեցին բախումների, ցուցարարները գրավեցին Բիշքեկի Սպիտակ տունն ու ԱԱԾ-ի շենքը։ Առավոտյան ԿԸՀ-ն հանձնվեց. ընտրությունների արդյունքներն անմիջապես զրոյացվեցին, վարչապետը հրաժարական տվեց, նախագահը՝ հեռացավ պաշտոնից։
Փողոցային ցույցերի ալիքի վրա անսպասելիորեն իշխանության եկավ (2017-ին պատանդառության մեղադրանքով դատապարտված և հենց ցույցերի ժամանակ ազատ արձակված) Սադիր Ժապարովը։ Նա անմիջապես փոխեց սահմանադրությունը՝ անցնելով կառավարման նապագահական ձևին, կրճատեց խորհրդարանի և ավելացրեց իր՝ նախագահի լիազորությունները։
Մասամբ սրանով է պայմանավորված նախօրեին կայացած ընտրությունների ցածր գրավչությունը․ քվեարկությանը, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցել է ընտրողների ընդամենը 34 տոկոսը։
150 տոկոս քվե, օտարերկրյա հաքերների հարձակում, ուղղակի տեխնիկական սխալ
Ընտրությունների օրը Ղրղզստանի ԿԸՀ-ն հրապարակել էր համամասնական կարգով քվեարկության նախնական արդյունքները։ Ստացվել էր, որ 21 կուսակցությունների օգտին տրված ձայների հանրագումարը գերազանցում է 150 տոկոսը։
Ակնառու անհամապատասխանությունը մեկնաբանել է Ղրղզստանի ԱԽ քարտուղարը: «ԿԸՀ կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, – նոյեմբերի 29-ին կայացած ճեպազրույցին հայտարարել է Մարատ Իմանկուլովը՝ հավելելով․ – Հարձակումն իրականացվել է արտասահմանից, ենթադրաբար՝ միաժամանակ 20 երկրներից»։
Վարչապետը հերքել է սա, թե՝ ուղղակի տեխնիկական սխալ է տեղի ունեցել։ Սխալի համար պատասխանատվությունն ավելի ուշ ստանձնել է ԿԸՀ նախագահը, որն այսօր հանդիպել է բողոքի ցույցի դուրս եկած ընդդիմադիրների հետ և ներողություն խնդրել։
Շեմը չհաղթահարած կուսակցություններից երեքը հայտարարել են, որ ընտրությունները կեղծվել են։ Նոյեմբերի 29-ին նրանք բողոքի ցույց էին անում ԿԸՀ շենքի մոտ։
Իշխող նախագահը քվեարկել է ընդդիմադիր բանտարկյալի օգնին (խղճահարությունից ելնելով)
Լրագրողներին հաջողվել է լուսանկարել նախագահ Սադիր Ժապարովի քվեաթերթիկը․ նախագահը այդ պահին այն գցում էր թափանցիկ քվեատուփի մեջ։
Պարզվել է, որ․․․նա քվեարկել է ընդդիմադիր էքս-պատգամավորի՝ Ռավշան Ժէենբեկովի օգտին, ով այժմ կալանավորված է։ Վերջինս առաջադրվել էր մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում։
«Կալանավորները դժբախտ են, անկախ նրանից՝ մեղավոր են, թե ոչ։ Ես խղճում եմ նրանց։ Բացի այդ՝ Ռավշան Ժէենբեկովը բանտում է, ինչպես ես 2017 թվականին։ Ես նույնպես դիմել էի՝ 2017-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու համար։ Բայց [նախկին նախագահ Ալմազբեկ] Ատամբաևը այդ ընտրություններին ինձ մասնակցել չթողեց։ Իսկ Ռավշանը մասնակցում է», – ֆեյսբուքի իր էջում պարզաբանել է նախագահ Ժապարովը։
Նախագահը անկեղծացել է նաև․ «Ինձ մոտ միտք առաջացավ, որ եթե նա հաղթի ընտրություններում, նրան ազատ կարձակեն»։
Թեկնածուներից մեկը ընտրությունների օրն անհետացել է
Նոյեմբերի 28-ին անհետացել է «Օրդո» կուսակցության ղեկավար Միրբեկ Միյարովը․ 2020-ի հոկտեմբերին սկսված հեղափոխությունից հետո նա Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչ էր նշանակվել Չույի մարզում, ավելի ուշ՝ լքել է պաշտոնը։
Հայտնի է, որ նույն օրը նա գնացել է քվեարկելու և չի վերադարձել։ Միյարովի հեռախոսն անջատված է, ընտանիքի անդամները նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունեն։
Հարազատների կարծիքով՝ քաղաքական գործիչը կարող էր ձերբակալվել Ազգային անվտանգության պետական կոմիտեի կողմից։
«Խափանված հեղաշրջում»
Ընտրություններից երկու օր առաջ Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեն հայտարարել էր, թե ՆԳՆ-ի հետ միասին խափանել է հանցագործ խմբավորման կողմից իշխանությունը բռնազավթելու պլանները։
Ըստ ուժային կառույցի՝ հետաքննության ընթացքում «անհերքելի ապացույցներ» են ստացվել «դեստրուկտիվ տրամադրված քաղաքական ուժերի» կողմից ղեկավարվող խմբավորման ապօրինի գործունեության մասին։
Մեղադրյալների ցուցակում կան նաև պատգամավորներ և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ընտրակեղծիքներ և ընտրաարդյունքներ
«Kloop»-ի դիտորդները քվեարկության օրը շուրջ 500 ընտրախախտումներ են արձանագրել։ Ոստիկանությունը հայտնել է քվեարկության օրը արձանագրված 126 խախտումների մասին՝ ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսների չարաշահում, քարոզչություն, ընտրողների ցուցակագրում և կազմակերպված տեղափոխություն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններում հաղթող է ճանաչվել պրոիշխանական «Աթա-Ժուրտ Ղրղզստան» (Իմ հայրենիք Ղրղզստան) կուսակցությունը՝ 16.85 տոկոս, երկրորդ և երորդ տեղերում պրոկառավարական «Իշենիմ»-ն (Վստահություն) ու «Ինտիմակ»-ն (Համաձայնություն) են՝ համապատասպանաբար 13․4 և 10․74 տոկոս։
Ընդդիմադիր «Ալիանսը» չորրորդ տեղում է՝ 8․12 տոկոս։ Մյուս ընդդիմադիր կուսակցությունը՝ «Բութուն Ղրղզստան»-ը (Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ադամահ Մադումարովի գլխավորությամբ) հինգերորդն է՝ 6.7 տոկոս։ Խորհրդարան է անցել նաև «Իյման Նուրու»-ն (Խղճի շող)՝ 5.98 տոկոս։