Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ղրղզստանում հեղափոխություն եղավ. 15 տարվա ընթացքում արդեն երրորդ “փողոցային” իշխանափոխությունը։ Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո մայրաքաղաք Բիշքեկի բնակիչները դուրս եկան փողոց. անժամկետ պրոտեստը մեկ գիշերվա ընթացքում վերածվեց բախումների, ցուցարարները գրավեցին Սպիտակ տունն ու տեղական ԱԱԾ-ի շենքը։ Առավոտյան ԿԸՀ-ն հանձնվեց. ընտրությունների արդյունքները անմիջապես զրոյացվեցին։ Ավելի ուշ հրաժարական տվեց երկրի վարչապետը։
Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրոյացրել է հոկտմեմբերի 5-ին կայացած խորհրդարանային ընտրությունների արդյունքները։ Նախնական արդյունքների համաձայն՝ ընտրողների մեծամասնությունը քվեարկել էր իշխանամետ «Բիրիմդիկ» և Մատրաիմովների կլանի հետ կապված «Մեկենիմ Ղրղզստան» կուսակցությունների օգտին։ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների կեղծվել են։ Նախնական տվյալների հրապարակումից անմիջապես հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, հայտնում է 24.kg-ն։
Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը հանդես է եկել երկրում իշխանության ապօրինի զավթման մասին հայտարարությամբ։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին նա հորդորել է հանգստացնել իրենց հետևորդներին և չտրվել սադրանքների։ Ժեենբեկովը հրամայել է իրավապահներին ամեն ինչ անել հնարավոր արյունահեղությունները կանխելու համար, և հայտարարել, որ ԿԸՀ-ն առաջարկել է «չեղարկել ընտրությունների արդյունքները՝ ընտրակեղծարարության դեպքերի առկայության պարագայում»։
Բիշկեկի ցույցի մասնակիցները հայտնել են ժողովրդական կառավարության ստեղծման և նոր վարչապետի նշանակման մատադրության մասին։
Հոկտեմբերի 6-ին գիշերը ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը, որում տեղակայված են նաև նախագահի աշխատակազմն ու Ազգային անվտանգության կոմիտեն։ Ակցիայի մասնակիցները կոտրել են դարպասները, մտել տարածք։ Նրանց հետ բանակցություններից հետո ազատ է արձակվել կոռուպցիայի համար 11 տարվա ազատազրկման դատապարտված նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը։ Նաև՝ նախկին վարչապետներ Սապար Իսակովը ու Ժանտորո Սատիբալդիևը։
Ականատեսների փոխանցմամբ, ցուցարարներին ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ ու ռետինե փամփուշտներ են կիրառել, ցույցերը վերածվել են բախումների։