Home / Բանտ / Լուկաշենկոն հետապնդում է Համակարգող խորհրդի անդամներին

Լուկաշենկոն հետապնդում է Համակարգող խորհրդի անդամներին

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Մինսկում քաղաքացիական հագուստով անձինք ձերբակալել են Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մաքսիմ Զնակին, գրում է Tut.by֊ը։ Նրան բերման են ենթարկել նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբում։ Այժմ այնտեղ խուզարկություն է իրականացվում։

Ներքին գործերի գլխավոր վարչությունը հայտարարում է, որ Զնակի ձերբակալության մասին տեղեկատվություն իրենք չունեն։

Այսօր Մաքսիմ Զնակը պետք է հարցադրույց տար «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, բայց վիդեոզանգն ընդհատվել է, որից հետո ռադիոկայանի պրոդյուսերը «դիմակները» (“маски”) բովանդակությամբ նամակ է ստացել Զնակից։

Վկաներին հաջողվել է նկարահանել ձերբակալության պահը։

Մաքսիմ Զնակը նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի փաստաբանն է, Համակարգող խորհրդի նախագահության անդամ։ 

Այսօր խուզարկություն է իրականացվել նաև Համակարգող խորհրդի մեկ այլ անդամ Մարիա Կոլեսնիկովայի բնակարանում։

Վերջինիս երկուշաբթի օրն առևանգել էին։ Երեկ լուրեր էին տարածվում, որ Կոլեսնիկովան, Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը փորձել են հատել Բելառուս֊Ուկրաինա սահմանը․ ինչի ժամանակ Կոլեսնիկովան ձերբակալվել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կրավցովն ու Ռոդնիկովը ստիպողաբար Ուկրաինա են գնացել, իսկ Կոլեսնիկովան սահմանի մոտ պատռել է սեփական անձնագիրը՝ անհնար դարձնելով իր բռնի տեղափոխումը։

Կոլեսնիկովան այժմ ձերբակալված է, գտնվում է Մինսկի մեկուսարանում, հայտնում է հայրը՝ Ալեքսանդր Կոլեսնիկովը․ «Քննչական կոմիտեի վարչության հետաքննական խմբի ղեկավար Վասիլյուկն ինձ զանգահարեց և տեղեկացրեց, որ Մարիան ձերբակալված է»։

Համակարգող խորհրդի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ են սկսվել։ Այս պահին ազատության մեջ և Բելառուսի տարածքում է միայն Սվետլանա Ալեքսիևիչը։ Այսօր կեսօրին նա հայտնել է, որ անհայտ անձինք փորձում են իր բնակարան ներխուժել։