Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի պրեզիդիումի անդամ Մարիա Կոլեսնիկովային և խորհրդի ևս երկու անդամներ Իվան Կրավցովին ու Անտոն Ռոդնենկովին սեպտեմբերի 8-ի գիշերը փորձել են Ուկրաինա տեղափոխել։ Սահմանապահները նշում են, որ Ուկրաինա հասել են միայն Կրավցովն ու Ռոդնենկովը։ Կոլեսնիկովան սահմանին մոտ պատռել է անձնագիրը, ինչի պատճառով նրա վտարումը չի հաջողվել։ Այժմ Մարիա Կոլեսնիկովան անազատության մեջ է։
Ընդդիմադիր գործիչներին առևանգել էին երեկ։ Պետական լրատվական գործակալությունները նրանց գտնվելու վայրի մասին հակասական տեղեկություններ էին տարածում։
Պետական հեռուստատեսության տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում Իվան Կրավցովը հայտարարում է Ուկրաինա տեղափոխվելու մասին․
«Ես որոշել եմ լքել երկրի սահմանը։ Այժմ մենք, այդ թվում՝ Մարիա Կոլեսնիկովան, կհատենք Բելառուսի սահմանը», – ասում է Կրավցովն ու անջատում տեսախցիկը։
Կոլեսնիկովայի ձերբակալության մասին առաջինը հայտնել է ԲելՏա պետական լրատվական գործակալությունը։ Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատել է Բելառուսի սահմանապահ կոմիտեն՝ առանց նշելու, որ դեռ երեկ Կոլեսնիկովան փաստացի ձերբակալված էր։ Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին լրագրողներին հայտնել է, որ սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը հատել են Ուկրաինայի հետ սահմանը։ Բիչկովսկու պնդմամբ, սահմանային անցակետում նրանց հետ էր նաև Մարիա Կոլեսնիկովան, բայց փաստաթղթային հարցերով զբաղվելուց հետո դեպի Ուկրաինայի սահման գնալու ճանապարհին Կրավցովն ու Ռոդնենկովը Կիոլեսնիկովային դուրս են նետել մեքենայից։
Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշենկոն նշել է, որ ընդդիմադիր գործիչներին ստիպում էին անցնել սահմանը․ «Մարիա Կոլեսնիկովային չկարողացան դուրս վռնդել Բելառուսից, քանի որ այդ խիզախ կինը մի բան արեց, որն անհնարին դարձրեց սահմանը հատելու գործընթացը»։
Կոլեսնիկովայի հետ կապ հաստատել դեռևս հնարավոր չէ։
Կոլեսնիկովան նախագահի ձերբակալված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչն է։ Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածության գրանցումից հետո նախագահի մեկ այլ թեկնածու Վալերի Ցեպկալոյի կնոջ՝ Վերոնիկա Ցեպկալոյի հետ համատեղ մասնակցում էր Տիխանովսկայայի նախընտրական քարոզարշավին։ Կոլեսնիկովան ընդդիմադիր Համակարգող խորհրդի անդամ էր։