Մարդու իրավունքների տուն Երեւանը, վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությամբ ներկայացված պահանջները, կրկին դատապարտում է Ամուլսարի պահպանությունն իրականացնող անձանց նկատմամբ բռնության կիրառումն ու ոտնձգությունները:
Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը «Լիդիան Արմենիա» մասնավոր հանքարյունաբերական ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի մոտ պահպանություն իրականացնող անձանց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը, ըստ որի, քաղաքացիները դաժան ծեծի են ենթարկվել, իսկ նրանցից ոմանք լուրջ վնասվածնքներով դիմել են հիվանդանոց։ Մամուլը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր միջադեպի առնչությամբ։
Ամուլսարի պահապանների ու ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցների միջեւ հերթական միջադեպը տեղի էր ունեցել 2020 թ. օգոստոսի 5-ին, որի պատճառը միջադեպի նախորդ օրը Ամուլսարի պահապանների տնակների ապամոնտաժում-հեռացումն էր ու փոխարենը՝ ընկերության տնակների տեղադրումը։ Նշվածի կապակցությամբ Մարդու իրավունքների տուն Երեւանը 07.08.2020 թ. հանդես եկավ բնապահպան-ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողությունները դադարեցնելու պահանջով։
Մարդու իրավունքների տուն Երեւանը, վերահաստատելով նշված հայտարարությամբ ներկայացված պահանջները, կրկին դատապարտում է Ամուլսարի պահպանությունն իրականացնող անձանց նկատմամբ բռնության կիրառումն ու ոտնձգությունները՝ ՀՀ ոստիկանությանը կոչ անելով.
● իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ,
● ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Ամուլսարի պահպանությունն իրականացնող անձանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։