Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող ջերմուկցիներն ավտոերթով այսօր եկել էին Երևան՝ միանալու Օպերայի մոտ հավաքված մարդկանց և համատեղ քայլերթ իրականացնելու՝ Ամուլսարի ՇՄԱԳ-ը չեղյալ համարելու պահանջով։
Ավելի քան երկու տարի դիրքերում կանգնած և ուղիղ գործողության միջոցով հանքի շահագործումը կասեցրած տեղացիները ու նրանց աջակիցները պնդում են, որ Ամուլսարի ՇՄԱԳ-ը` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը 2016-ին ապօրինություններով է անցկացվել։ Նախորդ կառավարության օրոք այն դրական եզրակացության է արժանացել զուտ կոռուպցիոն գործարքների արդյունքում, ինչը ուղղակիորեն և անուղղակիորեն փաստվում է նաև անցած տարի պետության պատվերով (400 հազար դոլարով) «Էլարդ»-ի կողմից իրականացված ուսումնասիրությամբ։
Ջերմուկցիներն ու բնապահպանները կառավարությունից հստակ դիրքորոշում են պահանջում։
Եվ ընդգծում, որ իշխանությունների հետևողական լռությունը մաշում և հարվածի տակ է դնում սեփական իրավունքների վերականգնման համար փողոց դուրս եկած ջերմուկցիներին։
«Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար՝ միայն սար», «Մենք ենք տերը մեր սարի, մենք ենք տերն Ամուլսարի» կարգախոսների ներքո քայլերթը Օպերայի մոտից Հյուսիսային պողոտայով և Աբովյան փողոցով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ՝ Կառավարության շենքի մոտ։
Կառավարության շենքի մոտ հայտնի դարձավ, որ Ամուլսարի պոստերում, որոնք համեմատաբար անպաշտպան են այսօր, երբ Ամուլսարի պահապաններից շատերը Երևանում են, «Լիդիան Արմենիայի» պահնորդական խումը նոր սադրանքների է դիմում։
Ցուցարարներից մի քանիսը կառացարության շենքի մոտ հանդես եկան կարճ ելույթներով և հերթական նամակ-դիմումը փոխանցեցին շանքից մի րոպեով դուրս եկած պաշտանյային։
Դիմում-պահանջի տեքստը․
— ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին
Երևան, Ջերմուկ, 20 օգոստոսի 2020թ․
Հարգելի պարոնայք վարչապետ և նախարար,
Կարիք չենք տեսնում կրկնել Ամուլսարի խնդրի շուրջ վերջին առնվազն ութ տարում ներկայացված փորձագիտական հիմնավորումները Հայաստանի և առավելապես Վայոց ձորի տարածաշրջանի էկոլոգիայի, անգին ջրային պաշարների, տնտեսության ներկայում ակտիվ տարբեր ճյուղերի՝ ներառյալ խաղողագործության ու գինեգործության, Ջերմուկ ջրաբուժական հայտնի առողջարանային քաղաքի, համայնքների ժողովրդագրության, Հայաստանի պետբյուջեի և միջազգային պարտավորությունների (բնապահպանական կոնվենցիաների մասով) վրա բացասական ազդեցության մասին,
Մենք հիմք ենք ընդունում ԷԼԱՐԴ և Թի-Ար-Սի միջազգային փորձագիտական ընկերությունների զեկույցը ՀՀ կառավարությանը, որը հստակ ու առանց տարընթերցումների մատնանշում է Լիդիան ընկերության Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և այլ փաստաթղթերի թերություններն ու ամփոփում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ եզրակացություն տալ, ուստի անհրաժեշտ է նոր ու գիտականորեն հիմնավորված ՇՄԱԳ,
Հիշեցնում ենք 2018թ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդունած ակտերն ու գրությունները Բնապահպանության նախարարին, որպեսզի ուժը կորցրած ճանաչվի Լիդիան ընկերությանը տրված ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը,
Պնդում ենք Ջերմուկ խոշորացված համայնքի ճնշող մեծամասնության դիրքորոշումը, որ արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը մեր տարածաշրջանում (շուրջ 2900 հոգու ստորագրությամբ և ամրագրված ավագանու որոշմամբ)։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
Ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված փորձաքննական դրական եզրակացությունը (որպես մասնագիտական ու իրավական հիմնավորում ԷԼԱՐԴ և Թի-Ար-Սի ընկերությունների փորձագիտական զեկույցը, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հիմնավորումներն ավելին, քան բավարար են)։ Որևէ այլ միջանկյալ գործողություն, որոնց հիմքով հանքարդյունաբերական այս ծրագրի կյանքը կերկարացվի, կլինի ՀՀ օրենքների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային անաչառ փորձաքննություն անցկացնելու խոստումի կոպիտ խախտում։
Մինչև խնդիրը վերջնական լուծում չստանա, այսինքն՝ մինչև ուժը կորցրած չճանաչվի Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ՇՄԱԳ-ը, բողոքի ակցիաները շարունակվելու են, նշում էին մասնակիցները։
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի