Ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի օգոստոսի 28-ի եզրակացության համաձայն կասեցվել է «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը, հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնությունը։
«Սա առաջին հերթին կարևոր էր օրինակությունը վերահաստատելու և բռի ու բռնության հակումներ ունեցող մարդկանց Ամուլսարի տարածքից հեռացնելու առումով։ Բացի այդ մեկ անգամ ևս ցցուն արտահայտվեց, թե ինչ որակի ու ինչպիսի անօրինականություններ թույլ տվող ընկերությունների հետ են համագործակցում հանք շահագործելու մտադրություններ ունեցողները։
Հանձնաժողովի ամողջական եզրակացությանը կարող եք ծանոթանալ այստեղ, որտեղ նկարագրված են այդ ընկերության թույլ տված անօրինականությունների մի մասը միայն։ Իրականում դրանք շատ ավելի լայնածավալ են ու անաչառ գնահատման դեպքում այս ընկերության լիցենզիայի գործունեությունը պետք էր ընդհանրապես կասեցնել՝ ինչպես մինչ այս առաջարկվել էր ոստիկանությունում իրականացրած վարչական վարույթի արդյունքներով», – ասված է ՀԲՃ տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ցույցերը վերսկսվել են այն բանից հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական ծառայության աշխատակիցները օգոստոսի 3-4-ի գիշերը ապամոնտաժել և հեռացրել էին դեպի սար տանող ճանապարհների տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն-տնակները՝ փոխարենը տեղադրելով իրենց տնակները։ Հանքի դեմ պայքարող տեղացիներն այս գործողությունը դիտարկում էին սադրանքների ընդհանուր շարքի մեջ․ նոր պահնորդական ընկերության ի հայտ գալուց ի վեր նրանք անընդմեջ ահազանգում էին, որ զինված պահնորդները բախումներ են հրահրում և ստեղծում լարվածության առիթներ։
Օգոստոսի 4-ից մեկնարկած ցույցերի ժամանակ «Լիդիանի» պահնորդներից մի քանիսը ձերբակալվել էին՝ ցուցարարների հետ բախում հրահրելու և ոստիկաններին չենթարկվելու համար։ Վայոց ձորի ոստիկանապետը հայտնել էր, որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հոդվածով։
Ամուլսարի պահապաններն այն ժամանակ երեք պահանջ էին առաջ քաշել․
— Հեռացնել Ջերմուկ տանող մայրուղու վրա տեղադրված՝ «Լիդիան Արմենիա»-ին պատկանող տնակները։
— Հեռացնել Ամուլսարից սադրանքներ հրահրող պահնորդներին
— Կառավարությանը՝ լիարժեք որոշում կայացնել Ամուլսարի հարցի վերաբերյալ և չեղարկել ոսկու հանքի շահագործման ՇՄԱԳ-ը:
Առաջին պահաջը բավարարվեց ցույցերի չորրորդ օրը․ Լիդիանի տնակները մայրուղու եզրից հեռացվեցին։ Երկրորդ պահանջը, փաստացի, բավարարվում է ոստիկանության այս որոշմամբ։