Այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության նոր պահնորդական ծառայությունը` «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ վերամբարձ կռունկներով տեղահանել է Ամուլսար տանող ճանապարհին՝ 1-ին և 2-րդ պոստերում բնակիչների տեղադրած տնակները։ Դրանց փոխարեն պահնորդները դրել են ընկերությանը պատկանող նոր տնակներ։
Այս մասին Ջերմուկից հայտնում են Ամուլսարի պահապանները և «Հայկական բնապահպանական Ճակատ» նախաձեռնությունը։
Նշենք, որ ի հակառակ Լիդիանի պնդումներին, Ամուլսարի պահպանների տնակները չեն գտնվում «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տարածքներում, ինչը հաստատվել է նաև Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի, Ջերմուկ համայնքի և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի անցած տարի իրականացրած չափագրումներով և դրանց արդյունքում կազմված տեղանքի քարտեզներով։
Կարելի է, այսպիսով, արձանագրել, որ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները գիշերը տեղահանել են համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում տեղադրված բնակիչներին ու բնապահպաններին պատկանող հենակետերը, ինչի իրավունքը, հակառակ իրենց պնդումներին, չեն ունեցել։ Լիդիանից մեկնաբանել հրաժարվեցին, բայցև հավաստիացրեցին, որ հանդես կգան առանձին մամուլի հաղորդագրությամբ։
https://www.facebook.com/100010197097701/videos/1227074547642437/
Վերջին ամիսիներին Հայկական բնապահպանական ճակատը և Ամուլսարի պահպանները անընդհատ ահազանգում են, որ սնանկացած ու նոր տերերի անցած Լիդիան ընկերության նոր պահնորդական ընկերությունը, ինչպես նաև կապալառու մեկ այլ ընկերություն սադրանքներ են իրականացնում Ամուլսարի պահպանության կետերում։
Իրավիճակը լարվել է հուլիսի 1-ին լուսադեմին, երբ պահնորդական ծառայության աշխատակիցները զինված ներխուժել էին բնակիչների պահակակետ, վրաերթի ենթարկել պոստերում բնակվող շան ձագերին և զինված շրջել տարածքում։ Այն ժամանակ Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության և ոստիկանության միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ նոր պահնորդային ծառայությունը կշարունակի գործել նախորդի սկզբունքներով, այսինքն՝ Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, որոնք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում՝ կտեղավորվեն որևէ հյուրանոցում և Ամուլսարի տարածքում չեն մնա: Պայմանավորվածությունը հետագայում խախտվել է։
Բնապահպանները և ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող տեղացիները բնապահպանական մոբիլիզացիա են հայտարարել։ Ամուլսարում այսօր բողոքի ցույցեր են նախատեսվում։