Home / Բնապահպանություն / Լիդիանի վարձած պահակները պատրաստվում են տարհանել Ամուլսարի պահպաններին․ ահազանգ

Լիդիանի վարձած պահակները պատրաստվում են տարհանել Ամուլսարի պահպաններին․ ահազանգ

«Լիդիան Արմենիա» ընկերության վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները՝ համապատասխան տեխնիկայով զինված, պատրաստվում են գնալ Ամուլսարի դիմադրական կետեր, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահպանների կացարանները, ահազանգում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը։

«Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ Լիդիանը իր նոր տերերով հանդերձ պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ մեր ուղարկած հարցմանն ի պատասխան Ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան Ամուլսարի պահապանների կացարանները Լիդիանի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև Ոստիկանության և Լիդիանի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում Լիդիանի հետ կապված վարույթի փաստաթղթերում:

Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան)», – ասված է ՀԲՃ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ամուլսարի պահապանների կացարաններն գտնվում են մայրուղու ճամփեզրին՝ Լիդիանի «տարածքներից» դուրս։

ՀԲՃ-ն ընդգում է՝ դրանք ոչ մի մետր չեն կարող տեղափոխվել․ «Դիմադրությունն իմաստ ունի հե՛նց այդ վայրում։ Մասնավոր ընկերությունը չի կարող հավակնել տիրանալ անգամ մայրուղիների բուֆերային հատվածներին»։