Home / Բնապահպանություն / Բրիտանիան ու ԱՄՆ-ն «ճնշում են» Հայաստանին հանքային բանավեճում

Բրիտանիան ու ԱՄՆ-ն «ճնշում են» Հայաստանին հանքային բանավեճում

Եվրամիության ներքին մի զեկույցի համաձայն, Միացյալ Թագավորության կառավարությունը ցուցարարների, օտարերկյա հանքային ընկերության և իշխանությունների միջև երկու տարի տևած փակուղային իրավիճակում ճնշել է Հայաստանի կառավարությանը։

– Հայաստանում 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո տեղի բնակիչները և ակտիվիստները սկսեցին շրջափակել երկրում 400 միլիոն դոլար արժողությամբ ոսկու հանքավայրը, որի արդյունահանմամբ պետք է զբաղվեր Ջերսիում գրանցված հանքարդյունաբերական ընկերությունը:

– Մինչ օրս տևող ճգնաժամային այսպիսի պայմաններում Լիդիան Ինթերնեշնլ (Lydian International) հանքարդյունաբերական ընկերությունը, որին մեծապես աջակցում է Միացյալ Թագավորությունը, Հայաստանի կառավարությանը սպառնաց միջազգային արբիտրաժով։

– ОpenDemocracy-ի հրապարակած հոդվածների հետքերով բրիտանական խորհրդարանի պատգամավորը քննադատություն հղեց՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչությանը՝ հանքի բացմանն աջակցելու «քաղաքական ռիսկը ստանձնելու» համար։

Եվրամիության ներքին զեկույցում, որը ОpenDemocracy-ին հասանելի է դարձրել Փաստաթղթերի հասանելիության ԵՄ կարգավորումների շնորհիվ, նշվում էր, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճնշումներ են գործադրում Հայաստանի նկատմամբ՝ ոսկու արդյունահանման վիճահարույց ծրագրի առնչությամբ։

Ամուլսարի ոսկու հանքարդյունահանումը հայաստանյան քաղաքական առաջնագծում հայտնվեց 2018-ին, երբ «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխող Հանրապետական կուսակցությունը դուրս մղվեց երկրի կառավարումից: Տեղի բնակիչները և բնապահպան ակտիվիստները սկսեցին 400 միլիոն դոլար արժողությամբ անավարտ հանքարդյունաբերական նախագծի տարածքի շրջափակումը, ինչը բրիտանա-ամերիկյան Լիդիան Ինթերնեշնլ հանքարդյունաբերական ընկերության, ընկերության միջազգային աջակիցների և Հայաստանի կառավարության միջև բախումների պատճառ դարձավ։

«Մեզ համար նշանակություն չունի՝ ովքեր են ցանկանում շահագործել հանքը: Ջերմուկում հանքարդյունաբերություն չի լինելու։ Նրանք, ովքեր փորձում են այստեղ հանք բացել, վատնում են իրենց փողերը», – վերջերս «Հրապարակ» թերթի հետ զրույցում նշել է տեղի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Գրեթե երկամյա շրջափակման արդյունքում Լիդիանին այդպես էլ չհաջողվեց մուտք գործել Ամուլսարի տարածք և ավարտին հասցնել հանքարդյունաբերական նախագծի շինարարությունը, որին, ի դեպ, աջակցում են Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ), պաշարների կորզմանն ուղղված ներդրումային հիմնադրամները, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ կառավարությունները:

Լիդիանը հանքի արգելափակումն ապօրինի է որակել և Հայաստանի կառավարությանը մեղադրել «անգործության» մեջ։ 2019 թվականի մարտին ընկերությունը Հայաստանին տեղեկացրել է բրիտանական և կանադական երկկողմ ներդրումային պայմանագրերի համաձայն միջազգային արբիտրաժի դիմելու հնարավորության մասին:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության 2019 թվականի հոկտեմբերի ներքին գրության մեջ նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ամուլսարի ոսկու նախագծի հետագա զարգացումների հետ կապված հսկայական ճնշումների է ենթարկվել», այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից:

«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հուսով են, որ Լիդիանը խտրականության չի ենթարկվի և նմանատիպ մոտեցում կկիրառվի Հայաստանում գործող այլ հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ևս», – ասվում է ԵՄ ներքին զեկույցում։

Մասնակիորեն կրճատված զեկույցը ստացել ենք Արտաքին գործողության եվրոպական ծառայությունից (EEAS)՝ ԵՄ դիվանագիտական գերատեսչությունից, որը նշել էր, որ «փաստաթղթի լրիվ հանրայնացումը կբացահայտի Երևանում ԵՄ պատվիրակության գնահատականները՝ կապված այդ նախագծի որոշակի հանգամանքների հետ, որոնք նախատեսված են միայն ներքին օգտագործման համար»:

«Այս զեկույցը հաստատում է շատերի կասկածները, որ Մեծ Բրիտանիան գործում է մի ընկերության անունից, որը ցանկանում է ոսկու վտանգավոր  հանքավայր բացել, ավելին՝ «կորպորատիվ դատարաններն» օգտագործում է, որպեսզի Հայաստանի կառավարությանը ստիպի չեզոքացնել բողոքի ակցիաները», – նշում է Global Justice Now-ի արշավների բաժնի ղեկավար Ջին Բլեյլոկը:

Lydian-ը, որը գրանցված է Ջերսիում և որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կանադայում, նշում է, որ իրենք հետևել են շրջակա միջավայրին պատճառված վնասի մեղմացման և բնության պաշտպանության բարձրագույն միջազգային ստանդարտներին, ինչպես պահանջել են ՎԶԵԲ-ը և Համաշխարհային բանկի միջազգային ֆինանսական կորպորացիան։ Վերջինս Ամուլսարի նախագծից դուրս է եկել 2017-ին:

Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանների կողմից «Հայաստանում Մեծ Բրիտանիայի ամենամեծ ներդրում» և «Մեծ Բրիտանիա-Հայաստան բիզնես համագործակցության հիանալի օրինակ» անվանված հանքավայրի հակառակորդները պնդում են, որ հնարավոր բնապահպանական վնասների վերաբերյալ իրենց մտահոգությունները հիմնավորված են:

Փաստաթուղթը չի բացահայտում պաշտոնական Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի ճնշման բնույթը Հայաստանի վրա։

«Մենք չենք ընդունում Հայաստանի կառավարության հետ Ամուլսարի ոսկու հանքավայրի հարցով մեր դեսպանատան ներգրավվածության այսպիսի որակումը», – ասել է Բրիտանիայի Արտաքին գերատեսչության խոսնակը: «Դիվանագիտական ներկայացուցչությունների գործն է հյուրընկալող կառավարությունների հետ զրուցել հարցերի լայն շրջանակում, այդ թվում՝ տնտեսվարողների անունից: Այս դեպքում Երևանում Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանի կառավարության հետ քննարկել է հանքի հարցը՝ ավելի լավ հասկանալու իրավիճակի վերաբերյալ կառավարության մոտեցումը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն էլ ասել է. «Հուսով ենք, Հայաստանի կառավարությունը և Լիդիան Ինթերնեշնլը կշարունակեն աշխատել միասին՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված փոխհամաձայնեցված, անկողմնակալ և արագ լուծման բոլոր հնարավոր տարբերակները: Ցանկանում ենք տեսնել այս հարցի պատշաճ, ըստ օրենքի լուծումը։ Օրենքի թափանցիկ և միատեսակ կիրառումը բոլոր ներդրողների նկատմամբ վստահություն կներշնչի գործող և հավանական ներդրողներին»:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն իրավիճակը մեկնաբանելուհարցմանը չի արձագանքել։

Լիդիանն էլեկտրոնային փոստով հայտնել է, որ «ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, զերծ ենք մնում մեկնաբանություներից»:

ԵՄ պատվիրակության զեկույցում նշվում է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը «պետք է կշռադատի Ամուլսարի հետ կապված ծրագրի շրջակա միջավայրի նկատառումները դրա տնտեսական օգուտների նկատմամբ, հաշվի առնելով ոլորտի «տխրահռչակորեն բացասական» բնապահպանական ցուցանիշները և այն, որ, ըստ Լիդիանի, հանքավայրի կառուցումն ավարտելուն պես նախատեսվում էր աշխատանքի ընդունել 750 մարդու, տեղական ընկերությունների միջոցով ստեղծել լրացուցիչ 3000 աշխատատեղ և տասը տարվա ընթացքում 488 միլիոն դոլար ներդրում ունենալ Հայաստանի պետական բյուջեում:

Զեկույցում նշվում է նաև այն լարված իրավիճակի մասին, որում հայտնվել են ընկերության արտասահմանյան աջակիցները Հայաստանում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Փաստաթղթում ասվում է, որ Ամուլսարի կոնֆլիկտը «քաղաքականացված է, ընդ որում՝ հեղափոխական Հայաստանի իշխանությունների հակառակորդները (նաև որոշ աջակիցներ) այս խնդրի շուրջ միավորվել, չնայաց հետապնդում են տարբեր նպատակներ»:

«Ամուլսարի հարցը եղել է Փաշինյանի կառավարության հակառակորդների կողմից շահարկվող կարևորագույն կետերից։ …Այս հակառակորդները պնդում են, որ վարչապետին չի հետաքրքրում շրջակա միջավայրի պաշտպանությունը և հարցականի տակ են դնում, թե ինչու բրիտանացիները և ամերիկացիները պետք է շահագործեն Հայաստանի բնական ռեսուրսները»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության պաշտոնական հայտարարությունները կարծես նվազ կշիռ են տալիս իր աջակցությանը Լիդիան Ինթերնեշնլին, որը նախատեսում էր դառնալ Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ նախքան 2018-ի հանրային արշավի մեկնարկը:

Միացյալ թագավորության խորհրդարանի պատգամավորի հարցին՝ արդյո՞ք Արտաքին գերատեսչությունն այս տարվա սկզբին դիմել է Հայաստանի կառավարությանը՝ Ամուլսարի հանքավայրի առնչությամբ հանդիպելու համար, Արտաքին գործերի նախարարը պատասխանել է. «Մեծ Բրիտանիայի դեսպանատան երևանյան պաշտոնյաները պարբերաբար ամենատարբեր հարցերի վերաբերյալ ներկայացուցչություններով դիմում են Հայաստանի կառավարությանը»:

Շատերը, ներառյալ՝ բրիտանացի պատգամավորը, քննադատել են Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությանը՝ Հայաստանի կառավարության հետ քննարկումների շրջանակներում Լիդիան Ինթերնեշնլին սատարելու համար։

Արձագանքելով 2019-ի օգոստոսին Ամուլսարի ծրագրի բնապահպանական վերագնահատմանը, Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կոչ են արել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Շվեդիայի դեսպանատներին հետ կանգնել Ամուլսարի հանքավայրին աջակցելու որոշումից։

«Թերևս, ավելի արդար կլիներ սա դիտարկել հենց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ Շվեդիայի համատեքստում: Արդյոք Ձեր հարևանությամբ բացահանք շահագործելու որևէ թույլտվություն կտրվե՞ր՝ հիմնվելով թերի, անճշտություններով լեցուն և կեղծված ՇՄԱԳ-ի վրա: Գիտենք, որ պատասխանը «ոչ» է, ուստի խնդրում ենք, որ նույն չափանիշը կիրառվի նաև ՀՀ քաղաքացիների և բնակիչների հանդեպ»,- ասվում է բաց նամակում:

Տեղեկատվության ազատության օրենսդրության շրջանակներում, OpenDemocracy-ի ձեռք բերածնամակագրությունը, որը վարել է Երևանում Բրիտանիայի դեսպանությունը, պարունակում է կրճատված էլեկտրոնային նամակներ, որոնք վերաբերում են ինչպես Լիդիան Ինթերնեշնլի, այնպես էլ Հայաստանի կառավարության հետ դեսպանության հանդիպումներին։ Կան նաև կրճատված նամակներ հանքի շրջափակմամբ պայմանավորված իրավիճակի շուրջ դեսպանության ներքին նամակագրությունից։ Դեսպանատան և Լիդիանի միջև շփումների ցուցակից պարզ է դառնում, որ երկու կողմերի միջև հինգ տարի շարունակ կանոնավոր շփում է եղել:

Դեսպանատան՝ Ամուլսարին վերաբերող փաստաթղթերի 2018 թվականի ցանկում կան այսպիսի վերնագրեր․ «Հնարավոր հանդիպում Հայաստանի վարչապետի հետ – պահանջվում է հրատապ խորհուրդ», «Հարցադրումներ դեսպանի համար», «Վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպում․ առանցքային կետեր», «Լիդիանի հետ հանդիպման արդյունքը»: Դեսպանատան նամակագրությունը, որը վերաբերում է Ամուլսարի նախագծին, ներառում է նաև կրճատված նամակագրություն ԵՄ առաքելության ղեկավարների՝ 2018-ի նոյեմբերին վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը 2018-ին՝ պաշտոնը ստանձնելուց հետո հանձնարարել էր ստուգումներ կատարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, նշելով, որ դեմ կլիներ Ամուլսարի նախագծին, եթե հաստատման գործընթացների ժամանակ իշխանության լիներ։

2019-ի օգոստոսին կառավարության պատվերով կատարված ուսումնասիրության հրապարակումից հետո Փաշինյանը՝ նախկին ընդդիմադիր քաղաքական գործիչ, ով ղեկավարում էր զանգվածային բողոքի ցույցերը Հայաստանի նախկին ռեժիմի դեմ, սկսեց ցուցարարներին կոչ անել դադարեցնել հանքի շրջափակման գործընթացը: Նա հայտարարեց, որ Ամուլսարի ծրագրին դիմակայելու որևէ իրավական հիմք չկա, և որ հանքը պետք է վերաբացվի:

Լիդիան Ինթերնեշնլի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի օրենսդրությամբ կառավարության կողմից պատվիրվող անկախ վերագնահատման համար հիմք չկա, իրենց հաջողվել է «բավարարել և անգամ գերազանցել շրջակա միջավայրի պահպանության և կայունության խիստ ստանդարտները»:

«Վարչապետը շատ բարդ վիճակում է, կարծում եմ», – ասում է «Թրենսփերենսի Ինթերնեշնլ Հայաստանի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

«Նա իր արժեքներն ունի․ ժողովրդավարությունը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը, իր խոստումները, որ ՀՀ քաղաքացիների ձայները կարևոր են, որ իրենք են իրենց կյանքի տերը, որ նրա կառավարությունը տարբերվում է նախորդ կոռումպացված ռեժիմից և այլն: Փաշինյանը հասարակական ուժեղ ճնշման տակ է և բարձրացրել է 2018-ի հեղափոխությունը սատարող մարդկանց սպասելիքները, իսկ այս ընթացքում նրա գործողությունները չէին համապատասխանում նրա արժեքներին և խոստումներին: ․․․Ակնհայտորեն, նա միջազգային հանրության, և մասնավորապես Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատների կողմից ուժեղ ճնշման տակ էր և վախենում էր վտանգի տակ դնել հետագա օտաերկրյա ներդրումները։ Վարչապետի համար ակնհայտորեն բարդ էր որոշում կայացնել այդպիսի իրավիճակում»։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգները աջակցում են լավ կարգավորվող արդյունահանող ոլորտի տնտեսական զարգացմանը: Մեր սեփական փորձը ցույց է տվել, որ պատասխանատու զարգացումը լավագույն միջոցն է աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական աճ ապահովելու համար, որը կարող է մարդկանց դուրս բերել  աղքատությունից ու պաշտպանել բնական ռեսուրսները»:

2019-ի դեկտեմբերին Լիդիանը դատական պաշտպանության ներքո կազմակերպական վերակազմավորման գործընթացի էր դիմել։ Սույն տարվա հունվարին ընկերությունը հանվել էր Տորոնտոյի ֆոնդային բորսայից։ Կանադական դատարանում առկա փաստաթղթերում ասվում է, որ ներկայումս «առաջ են տարվում քննարկումները հանքի հնարավոր գնորդի հետ» և շարունակում է երկխոսությունը Հայաստանի կառավարության հետ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է համաձայնության գալ Ամուլսարի տարածք մուտք գործելու վերաբերյալ»:

«Միացյալ Թագավորության դիվանագետների համար կարծես ոչ մի հիմնավոր պատճառ չկա, որ իրենց կշիռով թիկունք են կանգնել Կոլորադոյում, Կանադայում և Հայաստանում գրասենյակներ ունեցող, Ջերսիում գրանցված, վերջերս Լոնդոնում գրասենյակ հիմնած հանքարդյունաբերական կազմակերպությանը։ Պարզվում է, որ Լիդիանը նույնիսկ բանկային հաշիվ չունի Մեծ Բրիտանիայում», – նշում է Ջին Բլեյլոքը Global Justice Now կազմակերպությունից։

Թոմաս Ռոուլի
Հոդվածը գրվել է Journalismfund.eu աջակցությամբ