Հոկտեմբերի 27-ի երեկոյան Կապանի բնակիչները ահազանգել են, որ Սյունիքի մարզի Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետ է լցվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) պոչատարի հատվածում գործող Ջրախորի ՀԷԿ֊ի թունելից։ Այս մասին հոկտեմբերի 27-28-ի գիշերը ֆեյսբուքի իր էջում գրել է Կապանի բնակիչ Դավիթ Հակոբյանը։
«Հենց նոր վերադարձա Գեղի գետի գետաբերանից։ Այնտեղ էին նաև բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները։ Ջուրն այնտեղ պարզ էր։ Պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում Ջրախորի ՀԷԿ-ի թունելից։ Պարզվեց, որ ՀԷԿ-ը ԶՊՄԿ պոչատարի վթարի հետևանքով պոչանքով լցված թունելն էր մաքրում, որն էլ Ողջի գետի հերթական պղտորվելու պատճառ հանդիսացավ», – գրել է Հակոբյանը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից հաստատեցին, որ աղտոտված ջրերի արտահոսքը եղել է ՀԷԿ֊ի թունելից։
«Վթարից հետո պոչանքը նստել է հիդրոէլեկտրակայանի թունելի ու ապարատների վրա։ Լվացումներ են կատարել, որոնց պատճառով գետը աղտոտվել է։ Դեպքի վերաբերյալ 10 օրով ստուգում է բացվել․ բոլոր նյութերը ամփոփվելու են և մեղավորները կպատժվեն, եթե պարզվի։ Լաբորատոր անալիզներ են արվելու, նմուշառումներն արդեն վերցվել են։ Երևանից եկել են․․․», – epress.am-ի հետ զրույցում ասաց տարածքային բաժնի ավագ տեսուչ Ռուբեն Մկրտչայնը։
Հարցին՝ արդյոք մաքրման աշխատանքները համաձայնեցված են եղել պատասխանատու պետական մարմինների հետ, Մկրտչյանը պատասխանեց․ «Տեղյակ են պահել, բայց մինչև թույլտվություն ստանալը, իսկ թույլտվություն տալու հարցը այսօր պետք է որոշվեր, գիշերով արդեն սկսել են աշխատանքները։ Իրենք արդեն հրավիրվել են, եկել, պարզաբանում են տալիս»։
Նրա պնդմամաբ, գետը առավոտյան 12֊ի դրությամբ առաջին հայացքից ինքնամաքրված էր թվում․ «Ջուրը մաքուր հոսում էր։ Իսկ նստվածքը՝ դե էսօր արդեն, վաղը անալիզները պետք է վերցվեն, ուսումնասիրություններ արվեն»։
Հարցին՝ ինչ բնապահպանական և իրավական հետևանքներ է ունեցել հոկտեմբերի 17֊ի վթարը, Մկրտչյանը արձագանքեց հեգնանքով։
«Աղմուկ են հանում, թե ձուկ ա սատկել, էս ա եղել, էն ա եղել։ Տարբեր ժամերին օրվա մեջ տասից ավել անալիզներ են վերցվել, անձամբ ես էլ եմ վերցրել տարբեր ժամերին։ Հիմա քննարկումները կատարվում են ջրի հետ կապված։ Որ ասում են՝ ձուկ ա սատկել․․․ Ասենք, միանգամից հաջորդ օրը էնտեղ ձուկ էին բռնում։ Հիմա էլ։ Պարզ բան ա, որ պոչանքում ձուկ չէր լինի»։
Ավագ տեսուչը, ամեն դեպքում, ընդունեց, որ պոչանքի արտահոսքը շատ է եղել։ Նրա խոսքերով՝ «աջուձախ ափերին է խփել»։
«Հա, ճիշտ է, վթարը տեղի ա ունեցել, էտ անցումային տեղում ա եղել, տռուբան ճղվել ա, վթարը եղել ա։ Հիմա ժամը չեն կարում ճիշտ ասեն, այսինքն, կոնկրետ ասեն՝ ինչքան ա տևել [արտահոսքը]։ Ասում են՝ 15 րոպե։ Իմ կարծիքով՝ 15 րոպե չի եղել, որովհետև հոսքը շատ ա եղել, աջուձախ ափերին խփել ա։
Ձեր ասած քրեական գործի պահով չենք կարա հիմա ասենք։ Լաբորատոր աշխատանքները լրիվ ավարտելուց հետո կքննարկեն։ Մենք չենք մենակ, բոլորը այստեղ են՝ ոստիկանությունը և այլն։ Բոլոր նմուշները վերցվել են, լաբորատոր զննումները կատարվում են։ Եթե անցնի քանակը, բոլորը, իհարկե, կպատժվեն»։