Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ բնապաhպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին։ Հարցման նպատակն է ստանալ մի շարք տեղեկություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի և Ողջի գետի աղտոտման վերաբերյալ։
Ձեր ուշադրության ենք ներկայացնում մեր այդ հարցման բովանդակութունը․
1․ Ե՞րբ է տեսչական մարմնի Սյունիքի բաժինն իմացել վթարի մասին և ե՞րբ են ձեր աշխատակիցները եղել դեպքի վայրում։
2․ Ե՞րբ են Սյունիքի բաժնից զեկուցել տեսչական մարմնի ղեկավարությանը վթարի մասին։
3․ Ինչո՞ւ կոմբինատն ու տեսչական մարմինը չեն տեղեկացրել ԱԻՆ-ին վթարի մասին։
4․ Վթարի վերացման աշխատանքների ընթացքում և դրանց ավարտման պահին ձեր աշխատակիցներն եղե՞լ են վթարի վայրում, թե ոչ։
5․ Քանի՞ անգամ է իրականացվել ջրերի նմուշառում, ո՞ւմ կողմից, ո՞ր հատվածներից և օրվա ո՞ր ժամերին։ Ո՞ր լաբորատորիայում են իրականացվելու այդ նմուշների հետազոտությունները, ի՞նչ ֆիզիկաքիմիական ցուցանիշներ և ո՞ր քիմիական տարրերի կոնցենտրացիաներն են որոշվելու։
6․ Քանի՞ ժամ է տևել ԶՊՄԿ-ի պոչանքների հոսքը Ողջի գետում և ո՞ր ժամին է այն դադարել։
7․ Քանի՞ միլիոն լիտր պոչանք է լցվել Ողջի գետ։
8․ Ձեր հաղորդագրության մեջ գրել եք․ «Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ»։ Ի՞նչ ի նկատի ունեք կոնկրետ սա ասելով, խնդրում ենք պարզաբանել։ Կա՞ գրավոր հանձարարական, թե ինչն ու ինչպես պիտի վերացնեն։ Եթե՞ կա, ապա խնդրում ենք տրամադրել այդ հանձնարարականի պատճենը։
- Խնդրում ենք ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ամբողջական տարբերակով հասանելի դարձնել հանրությանը կամ տրամադրել մեզ։
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]
20․10․2019