Home / Բնապահպանություն / «Թաքուն սվարկա են արել, պրծել»․ Քաջարանի արտահոսքերը՝ Ողջի գետում

«Թաքուն սվարկա են արել, պրծել»․ Քաջարանի արտահոսքերը՝ Ողջի գետում

Սյունիքի մարզի Ողջի գետի աղտոտման հարցը այսօր քննարկվեց նաև կառավարությունում։

Դեռևս առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հաղորդագրություն էր տարածել, որ Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարի վնասման պատճառով կոմբինատի արտանետումները լցվել են Ողջի գետը։

«Բնապահապանության տեսչական մարմնի մարզային ներկայացուցչությունը, մարզի, դատախազության, ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչները գնացել են դեպքի վայրը՝ հասկանալու իրավիճակը․․․Այս պահին ասել չեմ կարող [թե որ ընկերության պոչամբարից է եղել արտահոսքը], բայց այնուամենայնիվ տարածքը ցույց է տալիս, որ կարող է լինել Քաջարանի պղնձամոլիբդենայինը», ֊ կառավարության այսօրվա նիստին՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին, ասաց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հաստատեց՝ ամենայն հավանականությամբ, արտահոսքի աղբյուրը Քաջարանի կոմբինատն է․ «Եթե նշված այդ տարածքը ավելի վերևի գոտում է գտնվում, այսինքն՝ մինչև կենտրոնական մասը, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են։ Ըստ նախնական տվյալների՝ արտահոսքը վերևի մասից է, ոչ թե կեսից։ Կեսից հնարավոր է նաև Կապանի նախկին Կավարտի հանքից որոշակի արտահոսքեր լինեն», – ասաց նախարարը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն տեղեկացրեց, որ, ըստ նախնական տվյալների, արտահոսքը եղել է վնասված խողովակից։ Վարչապետի հարցին՝ ինչպե՞ս պետք է ստեղծված իրավիճակին արձագանքի իրավապահ համակարգը, Դավթյանն ասաց․ «Այս պահին այնտեղ քննչական գործողություններ են իրականացվում․․․ Դեպքի վայրի զննության և մասնագետների ներկայացրած տվյալների հիման վրա կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը»։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ հայտնեց, որ արտահոսքը հայտնաբերել են տեղի փրկարարները․

«Ոչ մի աղմուկ չի եղել, թաքուն են պահել։ Չեն ասել, չեն զգուշացրել, որ այսպիսի դեպք է եղել, փոխարենը՝ արագ վերականգնման աշխատանքներ են արել։ Խողովակները արագ վերականգնել են․ սվարկա են արել, պրծել»։