Թալանված գործարանը հասավ Նալբանդյանին․ բանվորները կմնան առանց աշխատավարձի
- Հրազդանի ցեմենտի գործարանը շուտով կվերագործարկվի, բայց անձնակազմի մեծ մասը չի վերադառնա աշխատանքի։ Նախկին սեփականատերը 430 աշխատողներին հարկադիր պարապուրդի է ուղարկել 2024 թվականին։ Ընկերությունը նրանց առնվազն երկու տարվա աշխատավարձ է պարտք։ Նոր սեփականատերը նախատեսում է աշխատանքից հեռացնել հին աշխատակազմի մոտ 80 տոկոսին և կրճատել արտադրությունը։
Սնանկացած ցեմենտի գործարանը վերջերս գնել է հետհեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը։ Նրա Project Inter-Invest ՍՊԸ-ն սեպտեմբերի 2-ի աճուրդում գույքը ձեռք է բերել 11.1 միլիարդ դրամով՝ մոտավորապես 30 միլիոն դոլար։ ԱՄԻՕ բանկում գրավադրված գործարանը Նալբանդյանը գնել է նույն ԱՄԻՕ բանկից վարկ վերցնելով:
Աշխատակիցների տեղեկություններով՝ վերագործարկումից հետո հիմնարկում մոտ 40-50 մարդ է աշխատելու։ Նախկին վարչական ապարատը (հաշվապահություն, կադրերի բաժին, այլ ստորաբաժանումներ) կհեռացվի, արտադրությունը կկառավարի Նալբանդյանի թիմը Երևանից։
Կլինկերը կբերվի դրսից, կաղացվի գործարանում և կվերածվի ցեմենտի։ Նախկինում Հրազդան-ցեմենտը ոչ միայն վերամշակում էր, այլ հենց ինքն էր կլինկեր արտադրում։
.jpg)
Նարեկ Նալբանդյան
Հրազդան-ցեմենտը սկսել է «սնանկանալ» մոտ չորս տարի առաջ։
2018-ին գործարանը գնել է Հրազդան ցեմենտ քորփորեյշն ՍՊԸ-ն, որը պատկանում էր Հայբիզնեսբանկի (ներկայում՝ ԱՄԻՕ բանկ) սեփականատեր, ռուսաստանցի գործարար Վիտալի Գրիգորյանցին և Հայբիզնեսբանկի խորհրդի նախկին նախագահ, Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ղարաբաղի վարչապետի նախկին խորհրդական Արսեն Միքայելյանին:
.jpg)
ձախից՝ Վիտալի Գրիգորյանց, աջից՝ Արսեն Միքայելյան
Աշխատակիցները պնդում են, որ Գրիգորյանցն ու Միքայելյանը գործարանն ի սկզբանե տարել են սնանկացման․ ավել աշխատավարձեր են դուրս գրել, մոտ 100 միլիոն դոլարի պարտք են կուտակել և գրավադրել են այն իրենց իսկ պատկանող Հայբիզնեսբանկում։
Իրենք իրենցից վարկ են վերցրել, և այդ վարկը չմարելու հիմքով 2022-ին նախաձեռնել են սնանկացման գործընթաց։
Սնանկի կառավարիչ է նշանակվել Գրիգորյանցի և Միքայելյանի ընկեր Արամ Խաչատրյանը, որն աստիճանաբար վատթարացրել է իրավիճակը։ «Ես գիտեմ, որ սնանկի կառավարիչը պետք է նշանակվի վիճակահանությամբ, բայց այդպես չի եղել: Սնանկի կառավարիչը, իրավաբանը, բանկը և գործարանի իսկական տերերը իրար հետ փոխկապակցված են։ Այսպիսի պայմաններում ո՞նց պիտի վստահենք գործընթացին», — նշել է գործարանի աշխատողը։
Խաչատրյանն ամենասկզբից էլ գործարանը տարել է լուծարման ճանապարհով։ Աշխատակիցների տեղեկություններով, հիմնարկի հաշվին մոտ 900 միլիոն դրամ է եղել, որից 400 միլիոնի համար նույնիսկ հաշվետվություն չի ներկայացվել ՊԵԿ-ին։ Թե ինչ է եղել այդ գումարի հետ՝ ոչ ոք չգիտի։ ՊԵԿ-ը դատի է տվել սնանկի կառավարչին այս և մի շարք այլ խախտումների համար։
Կոմիտեն նաև վիճարկել է հերթականությունը, որը սահմանվել է սնանկի կառավարչի կողմից պարտքերի մարման համար։ Արամ Խաչատրյանը, մասնավորապես, որոշել է, որ աշխատողների չվճարված աշխատավարձերը առաջնահերթություն չեն, փոխարենը առաջնահերթություն է իր հոնորարը՝ 21 միլիոն դրամ։ Այդ գումարը նա ինքն իրեն վճարել է սնանկացող գործարանը վերջնական լուծարման տանելու համար։
Գործարանի պարտքը Հայբիզնեսբանկին (հիմա արդեն՝ ԱՄԻՕ-ին) կազմել է մոտ 30 միլիոն դոլար։ Հենց այդքան է նոր սեփականատեր Նարեկ Նալբանդյանը վճարել է ԱՄԻՕ-ին նույն ԱՄԻՕ-ից վերցրած վարկի միջոցով: Գործարանը, նախ, առգրավվել է բանկի կողմից, հետո աճուրդով վերավաճառվել։ Այս գործարքը փաստացի փակել է միայն բանկի առաջ ունեցած պարտքը։ Բանվորների աշխատավարձը առքուվաճառքի մեջ չի էլ հաշվարկվել։
«Ժողովրդին կանխամտածված չեն ազատել գործից։ Կարող էր, չէ՞, գործատուն երկու տարի առաջ մարդկանց ազատել գործից, ասել՝ չեմ կարողանում վճարել, ազատում եմ։ Հանելուկ է, թե ինչի չեն ազատել։ Որ պարտքը մեծանա՞ գործարանի վրա»։
Աշխատողներին շուրջ երկու տարի պահել են հարկադիր պարապուրդի մեջ, որի համար, ըստ օրենքի, պետք է վճարեն աշխատավարձի երկու երրորդը։
— Լուծարման դեպքում կառավարիչը պետք է աշխատողներին ազատի աշխատանքից։ Եթե չի ազատում, ուրեմն աշխատավարձ պետք է տա։ Ինքը ոչ էն է արել, ոչ էն է արել։ Կառավարիչների ինստիտուտն անձեռնմխելի է Հայաստանում։
— Միայն Կառավարությունը կարող է ստիպել կամ համոզել ԱՄԻՕ-ին, որ ստացած 30 միլիոն պարտքի մի մասը հատկացնի աշխատողների չվճարված աշխատավարձերին։
— Որոշ մարդիկ այս ընթացքում նոր աշխատանք են գտել, որոշները սպասել են, որ գործարանը վերաբացվի։ Հիմա գործ գտնելը հեշտ բան չի։ Մահացած մարդկանց վերջնահաշվարկն էլ չեն տվել մինչև հիմա։ Բայց կառավարիչը իր 21 մլն դրամը կարողացել է ստանալ։
Գործարանի նախկին աշխատակիցներին ասել են, թե Նարեկ Նալբանդյանը մտադիր է վճարել աշխատանքի վերադարձած 40-50 հոգու երկու տարվա պարտքը։ Ենթադրվում է, որ մյուսներին կազատեն աշխատանքից առանց վերջնահաշվարկի։
Հրազդան-ցեմենտի աշխատողները խուսափում են հրապարակային ներկայանալուց։ Նրանցից երկուսի դեմ նախկին կառավարիչը դատական գործընթաց էր սկսել լրատվամիջոցին տված հարցազրույցի պատճառով։ Գործարանում արհմիություն չկա։
***
2018 թվականի իշխանափոխությունից հետո նախկին քննիչ, գործարար Նարեկ Նալբանդյանի բիզնեսները սկսել են արագ ընդլայնվել, մասնավորապես, նախկիների «ապօրինի գույքի» ձեռքբերման շնորհիվ։
2022-ին, օրինակ, նա Project Inter-Invest-ի միջոցով գնել է պետական սեփականության անցած Գոլդեն Փելիս հյուրանոցը։ Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը պատկանում էր մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին։ 2018-ից հետո Ավետիսյանի դեմ քրեական գործ հարուցվեց, և նա որոշեց հյուրանոցը նվիրել պետությանը: Գոլդեն Փելիսը վերանվանվեց Eighty Eight։ Հետքը գրել էր, որ այն ձեռք է բերվել 5 միլիարդ դրամով՝ պայմանով, որ այդ գումարը կվճարվի 5 տարվա ընթացքում։

Նալբանդյանը և Փաշինյանը՝ Ծաղկաձորում Eighty Eight (նախկին Գոլդեն Փելիս) հյուրանոցային համալիրի բացմանը / փետրվար, 2024
Նույն շրջանում Նալբանդյանի ընտանիքը գնել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի դղյակը։ Առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է նրա կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի հետ 2.5 միլիարդ դրամով։ Գլխավոր դատախազությունը մինչ այդ արգելել էր Կադաստրի կոմիտեին որևէ գործարք կատարել առանձնատան հետ, որն իրեղեն ապացույց էր ճանաչված քրեական գործում։
2025-ի տարեվերջին Հակակոռուպցիոն դատարանը Հովիկ Աբրահամյանի կալանքը փոխարինել էր 25 միլիոնի գրավով։ Պարզվել էր, որ գրավի գումարը վճարել է Նարեկ Նալբանդյանը։ «Դեռևս ուսանողական տարիներից նա ընկերական հարաբերություն ունի [Աբրահամյանի որդի, նախկին պատգամավոր, Արտաշատի նախկին համայնքապետ] Արգամ Աբրահամյանի հետ, ինչից ելնելով՝ պատրաստակամություն է հայտնել օգնելու», — ասել էր Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը։ Արգամ Աբրահամյանին, ի դեպ, վերջերս մեղադրանք է առաջադրվել սպանություն պատվիրելու համար․ ըստ Քննչական կոմիտեի, նա հրահանգել է իր թիկնապահին գնդակահարել «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանին, որը շփվում էր իր կնոջ հետ։ Աբրահամյանն ամուսնացած է կալանավորված միլիարդատեր Գագիկ Ծառուկյանի դստեր հետ։
Նալբանդյանի բիզնեսների ցանկում արդեն ընդգրկված են 88, Ծիրան և Օազիս սուպերմարկետների ցանցերը, Շիրակ թռչնաբուծարանը, Նալբանդյան օղու գործարանը, Մասիսի և Տափերականի ալրաղացները, Եղվարդում գտնվող համակցված կերերի գործարանը, Եղվարդում բեռնատարների սպասարկման կենտրոնը, (նախկին) Գոլդեն Փելիս հյուրանոցը, Սևանի Հայրապետ հյուրանոցային համալիրը, Նոր Հաճնի Շողակն ադամանդի գործարանը, Մեղրաձորի ոսկու հանքի մի մասը։
Լրատվամիջոցները նրա անունը կապում են վարչապետի ընտանիքի, մասնավորապես՝ Աննա Հակոբյանի հետ: Առաջին տիկնոջը մեղադրում էին, օրինակ, մարզերում գործող խանութները սեփականատերերից խլելու և դրանք 88 սուպերմարկետի վերածելու մեջ։ Հակոբյանը հերքել էր և հորդորել բոյկոտել 88 ցանցը։ Նա դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հետաքննել նաև մամուլում շրջանառվող մեղադրանքների բովանդակությունը։

Փաշինյանը և Նալբանդյանը՝ Ծաղկաձորում Eighty Eight հյուրանոցային համալիրի բացմանը / փետրվար, 2024
Վերջերս Նարեկ Նալբանդյանի բիզնեսներին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը․ «Եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է: Ես հանձնարարել եմ, որ իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ ինչ-որ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան։ <․․․> Մամուլում հրապարակումներ են եղել, թե գնացել, մարզերում խանութներ են ձեռք բերել՝ ասելով, թե վարչապետի տիկնոջ հանձնարարությամբ է: Ես հանձնարարել եմ, որ հատ-հատ էդ մարդկանց հարցաքննեն, և ես չեմ բավարարվում դրանով, երկրորդ անգամ էլ, երրորդ անգամ էլ, չորրորդ անգամ էլ, ասում եմ՝ որ պահին լինի հիմնավորում, մեր արձագանքը լինելու է դաժան»:
Փաշինյանը պահանջել է, որ Նալբանդյանն անձամբ հերքի իր կապը վարչապետի ընտանիքի հետ։ Նալբանդյանը անմիջապես հերքել է։ Նրա բիզնեսներում սկսվել են հարկային ստուգումներ։