Home / Հայաստան / Դատախազությունը «Մկան» հարստություններն է ուզում․ ցանկ

Դատախազությունը «Մկան» հարստություններն է ուզում․ ցանկ

Նախկին վարչապետ, նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից (հայտնի է նաև «Մուկ» մականունով), նրա ընտանիքի անդամներից և փոխկապակցված անձանցից Դատախազությունը պահանջել է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 59 անշարժ գույք և միլիոնավոր դոլարների այլ ակտիվներ։

Բռնագանձման ենթակա 59 անշարժ գույքերից 15-ը, ըստ դատախազության, Երևան քաղաքում են գտնվում՝ մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում։ 12 գույք գտնվում է Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում, 6-ը՝ Ծաղկաձորում, 1-ը՝ Ջերմուկում, 1-ը՝ Սևանում, 6-ը՝ Դիլիջանում, 3-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ Մարմարաշեն համայնքում, 1-ը Այնթապ, ևս 1-ը՝  Արևաբույր համայնքում։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել 

— 4 ավտոմեքենա և 20 ընկերությունների բաժնետոմսեր կամ մասնակցություններ,

— շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի արժեքները՝ ընդհանուր 1 միլիարդ 628 մլն 277 հազար դրամ,

— ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունքը՝ 11 միլիոն 292 հազար 570 դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 միլիոն 117 հազար 680 եվրոյի չափով,

21 միլիարդ 202 միլիոն 67 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:

Հովիկ Աբրահամյանի ընտանիքի ունեցվածքը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս ամիսներ առաջ։ 2022-ի սեպտեմբերին Դատախազությունը հայտարարել էր, որ ուսումնասիրել է նախկին վարչապետի, ինչպես նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ունեցվածքի օրինականությունը։

Նրանց պատկանող գույքի և ակտիվների մի մասը օրինական եկամուտներով չեն հիմնավորվել՝ հայտարարել էին իրավապահները։ Աբրահամյանի և Սեդրակյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վրա կալանք էր դրվել։

Ի՞նչ կա Մոնումենտի դղյակից

Մոնումենտի առանձնատների վերաբերյալ 2018 թվականին առանձին քրեական գործ էր հարուցվել։ Դղյակն անցնում էր նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով։ 2022-ին, սակայն, քննիչն առանց Դատախազությանը տեղյակ պահելու Աբրահամյաններին հնարավորություն է տվել 5 միլիոն դոլարով վաճառել այն։ Դրանից հետո քրեական գործ է հարուցվել նաև պաշտոնական լիազորությունների չարաշահման հոդվածով։ Արդեն վաճառված առանձնատունը կալանքի տակ է դրվել, վաճառքի գործարքն արտոնած քննիչն էլ հեռացվել է գործից։ 

Իսկ թե ինչ է եղել հետո՝ ոչ ոք չգիտի։


Մոնումենտի դղյակի ննջարաններից մեկը, լուսանկարը՝ «Հետք»-ի

Ազատության պողոտա 1/6 հասցեում գտնվող այս առանձնատունը (սեփականատերը Հովիկ Աբրահամյանի որդի Արգամն էր) 2022-ին վաճառվել էր գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ 


Մոնումենտի դղյակի զուգարաններից մեկը, լուսանկարը՝ «Հետք»-ի

Ըստ «Սիվիլնեթ»-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը՝ կանխավճար։ Գումարի հիմնական մասը Նալբանդյանի կինը Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․-ի օգոստոսի 1-ը։ Սահմանված ժամկետում 2 միլիարդ 452 միլիոն դրամը չի վճարվել։


դղյակի խոհանոցներից մեկը, լուսանկարը՝ «Հետք»-ի

Ըստ «Հետք»-ի՝ 2023 թ․-ի փետրվարի 8-ին երկու քրեական գործերի տակ գտնվող գույքի առուվաճառքի պայմանագրում նոր փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ գնորդը գույքի արժեքի մեծ մասը պետք է վճարի մինչև 2024 թ․-ի ավարտը՝ նախկին 2022 թ․-ի օգոստոսի 1-ի փոխարեն։ Գործարքը ստորագրվել է և գրանցվել Կադաստրի պետական կոմիտեում։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ-ի և Գլխավոր դատախազության լուռ համաձայնությամբ։ 


դղյակի լողավազաններից մեկը, լուսանկարը՝ «Հետք»-ի