Մարտի 19-ին Էկվադորի հարավում 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են նաև հարևան Պերուում: Զոհվել է առնվազն 15 մարդ, ևս 400-ը՝ վիրավոր են, հայտնում է BBC-ն։
Զոհերից մեկը Պերուից է՝ 14-ամյա մի աղջիկ, որը մահացել է Էկվադորի հետ սահմանին գտնվող իր տանը, երբ այն փլուզվել է։ Պերուում երկրաշարժի հետևանքով զոհված այլ անձանց մասին չի հաղորդվում։
Ամենաշատը տուժել է հարավային Էլ Օրո մարզը, որտեղ առնվազն 12 մարդ է զոհվել, և բազմաթիվ շենքեր փլուզվել են, անհայտ թվով մարդիկ մնացել են փլատակների տակ, դեպքի վայրում աշխատում են փրկարարներ։ Բացի Էլ Օրոյից, երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել Մաչալայում, Կուենկայում, Մանաբիում, Մանտայում և այլ քաղաքներում։
🇪🇨 | AHORA: Machala, Ecuador: pic.twitter.com/5pW9gIzAed
— Alerta News 24 (@AlertaNews24) March 18, 2023
Մի շարք փողոցներ փակվել են փլատակների և սողանքների պատճառով, վնասվել են կրթական և առողջապահական հաստատություններ՝ հաղորդում են Էկվադորի իշխանությունները։ Էլ Օրոյի հիվանդանոցում արդեն ավելի քան 250 վիրավոր անձինք բուժօգնություն են ստացել և նրանցից գրեթե բոլորը դուրս են գրվել։
Երկրի նախագահը էկվադորցիներին խնդրել է հանգստություն պահպանել, և չխանգարել փրկարարական աշխատանքներին։ Նախագահը այցելել է Մաչալայի հիվանդանոց՝ երկրաշարժից տուժած անձանց հանդիպելու նպատակով։
Էկվադորում վերջին խոշոր երկրաշարժը տեղի էր ունեցել 2016 թվականին, երբ երկրի հյուսիսում՝ ավելի նոսր բնակեցված տարածաշրջանում, շուրջ 700 մարդ էր զոհվել և հազարավոր մարդիկ վիրավորվել էին։