Երկրաշարժից մեկ շաբաթ անց փրկվածներին գտնելու հույսերը կորում են ամեն ժամի հետ։ Միլիոնավոր մարդիկ առանց տանիքի են մնացել, և գիշերում են փողոցներում, որտեղ ջերմաստիճանը գրեթե ամեն օր զրոյից ցածր է իջնում։
ՄԱԿ-ի հաշվարկներով, աղետի շրջանում ավելի քան 800 մարդիկ սոված են մնում։ Կազմակերպությունը կոչ է արել տարածաշրջանի երկրներին ժամանակավորապես մի կողմ դնել քաղաքական անհամաձայնությունները և հեշտացնել մարդասիրական բեռնատարների և փրկարարների տեղափոխությունը սահմանով։
Թուրքիան հաղորդել է, որ պատրաստ է ևս երկու սահմանային անցակետ բացել՝ Ասադի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներ օգնություն հասցնելու նպատակով։
Սիրիայի հյուսիսային՝ Իդլիբի մարզը գտնվում է իսլամական վերահսկողության տակ և ՄԱԿ-ը դեռևս չի կարողանում Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող տարածքից մարդասիրական օգնություն ուղարկել այնտեղ։ Իսլամական իշխանությունը չի ուզում ընդունել սիրիական բեռնատարները՝ պատճառաբանությամբ, որ Ասադը ողբերգության միջոցով իր հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն չունենա, գրում է Reuters-ը՝ հղվելով իր աղբյուրին որը ընդդիմադիրներներից է։
Երկրաշարժից հետո միջազգային օգնության ճնշող մեծամասնությունը կենտրոնացվել է Թուրքիայում, մինչդեռ հարևան Սիրիայում ամեն ինչի սուր պակաս կա՝ փրկարարական սարքերից մինչև դեղամիջոցներ: BBC-ին հաջողվել է ռեպորտաժ պատրաստել Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի մարզից:
Ռեպորտաժի թարգմանությունը՝ ստորև․
— Վրաններն այնքան մոտ են Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանային պատին, որ գրեթե դիպչում են դրան ։
Սիրիական կողմում այդ վրաններում ապրողները, հավանաբար, լքել են իրանց տները արդեն տաս տարի շարունակվող քաղաքական պատերազմի պատճառով։ Չնայած, բացառված չէ, որ նրանք երկրաշարժի հետևանքով են տանիքից զրկվել։ Սիրիայում աղետները համընկնելով կուտակվում են։
Երկրաշարժը, որը սահման չի հարցնում, հարված էլ է երկու կողմերին, սակայն փրկարարները և մարդասիրական օգնությունը ստիպված են կանգ առնել սահմանային անցակետերի առաջ։ Թուրքիայի հարավում ծանր սարքավորումներով հազարավոր փրկարարներ, բժիշկներ, բուժաշխատողներ և հատուկ մասնագիտաված շներ շարունակում են ողջ մնացածների փնտրել, սակայն Սիրիայի հյուսիս-արևմուտքում նշվածներից ոչ մեկը չկա։
Ես նոր էի հատել սահմանը՝ թուրքական Անթաքիա քաղաքում չորս օր անցկացնելուց հետո։ Այնտեղ ողջ մնացածներին փրկելու և փլատակները մաքրելու գործողությունն ուղեկցվում է հնչյունների իսկական կակոֆոնիայով. գիշերը ձայնարկում են շտապ օգնության մեքենաների շչակները, տասնյակ հողափոր մեքենաների շարժիչները ոռնում են օրը 24 ժամ բետոն պոկելով։
Սիրիական Իդլիբի նահանգում հիմնականում լռություն է։
Մերձսահմանային այս գոտում տները լրիվ վերջերս են կառուցվել։ Հիմա ավելի քան 100-ը անհետացել են՝ վերածվելով սպիտակ փոշու և աղբի կույտերի, որոնց քամին տարածում է գյուղատնտեսական հողերի վրա։
<․․․>
Տեղաբնակ Աբու Ալին, որը երկրաշարժի պատճառով կորցրել է երկու երեխաներին և մնացել է անտուն, պատմում է, որ իրենք ոչ մի օգնություն չեն ստացել, և անգամ գիշերելու համար վրան չունեն։
Սիրիական քաղաքացիական պաշտպանության ուժերը, որոնք հայտնի են որպես «Սպիտակ սաղավարտներ» և գործում են ընդդիմության կողմից պահվող տարածքներում, անում են ինչ կարող են՝ քլունգներով և լինգերով: Փրկարարները, որոնց ֆինանսավորում է բրիտանական կառավարությունը, ժամանակակից սարքավորումներ չունեն:
Գնում եմ «Սպիտակ սաղավարտների» հետ հանդիպելու՝ ակնկալելով բռնացնել նրանց փրկարարական աշխատանքների ընթացքում, սակայն արդեն շատ ուշ է։ Փրկարար Իսմայիլ ալ-Աբդուլան ասում է, որ իր համբերությունը վերջացել է օգնության սպասելով և հոգնել է Սիրիայի ժողովրդի հանդեպ աշխարհի արհամարհանքից։
Միջազգային հանրության ձեռքերը արյան մեջ են՝ ասում է նա։
«Մենք դադարել ենք ողջ մնացածների փնտրելը 120 ժամ հետո։ Մենք ամբողջ ուժով փորձում էինք փրկել մեր մարդկանց, բայց չկարողացանք։ Ոչ ոք մեզ չլսեց․․․ Առաջին իսկ ժամից մենք կոչ էինք անում անհապաղ գործել, հրատապ օգնություն էինք աղերսում։ Ոչ ոք չարձագանքեց։ Մեզ ուղղակի ասում էին «մենք ձեզ հետ ենք» և ուրիշ ոչինչ։ Իսկ մենք անընդհատ կրկնում էինք, որ սարքավորումների կարիք ունենք», – պատմում է փրկարարը։
Բացառությամբ մի քանի իսպանացի բժիշկների՝ ոչ մի միջազգային օգնության խումբ Սիրիայի այս հատված չի եկել։ Թուրքիայի պաշտպանության տակ գտնվող այս փոքր անկլավը դեռևս դիմադրում է Բաշար Ասադի կառավարությանը։ Այստեղ իշխում է «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» իսլամական խմբավորումը, որը նախկինում կապված էր Ալ-Կաիդայի հետ։ Ավելի ուշ խմբավորումը խզել է այդ կապերը, սակայն պետությունների մեծամասնությունը միևնույն է ոչ մի կապ չի պահպանում իշխանության հետ։
Սիրիայում մեր գտնվելու ողջ ընթացքում մեզ ուղեկցում էին զինված մարդիկ, ովքեր չէին ցանկանում, որ իրենց նկարահանեն։
10 տարիների ընթացքում Սիրիայի քաղաքական պատերազմը վերջնական փակուղու առաջ է կանգնել․ այս շրջաններում ապրող շուրջ 1,7 միլիոն բնակիչներ շարունակում են ընդդիմանալ նախագահ Ասադի կառավարությանը։ Նրանցից շատերը ապրում էին ժամանակավոր ճամբարներում և նորակառույց ապաստարաններում, որոշները մի քանի անգամ տեղահանվել են։ Կյանքը այստեղ երկաշարժից առաջ էլ շատ ծանր է եղել։
Սիրիայի այս հատված հասնող միջազգային օգնությունը չնչին է։ Երկրաշարժից տուժածների մեծ մասին տանում են սիրիա-ամերիկյան բժշկական համայնքի կողմից աջակցվող «Բաբ ալ-Հավա» հիվանդանոց, որի վիրաբույժներից մեկը պատմում է, որ աղետից անմիջապես հետո հիվանդանոց են բերել 350 հոգու, որոնց համար ամբողջ հիվանդանոցում միայն մեկ ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտության – խմբ․) սարք կար։
Երբ հարցնում եմ նրան միջազգային օգնության մասին, գլուխը թափ է տալիս ու ծիծաղում․ «Մենք դադարել ենք դրա մասին խոսելը։ Մենք շատ ենք խնդրել, բայց ոչինչ տեղի չի ունեցել։ Սովորական իրավիճակում էլ բուժանձնակազմը չի հերիքում, իսկ հիմա պատկերացրեք՝ ինչպիսի իրավիճակ է այդպիսի երկրաշարժից հետո»։
Միջազգային հանրությունը սիրիացի ժողովրդին բազմիցս բախտի քմահաճույքին է թողել։ Մարդիկ, ում հանդիպում էի, ասում էին, որ սովոր են, որ իրենց անտեսում են։ Այնուամենայնիվ, զայրույթով են լցվում, որ օգնություն չկա և չի էլ նախատեսվում։
«Ինչպես է ստացվել, որ ԵՄ-ն ընդամենը 14 մարդասիրական օգնության բեռնատար է ուղարկել։ Մենք այստեղ ընդհանրապես ոչինչ չենք ստացել։ Մարդիկ փողոցում են», – ասում է տարածաշրջանում գտնվող Հարիմ քաղաքի բնակիչներից մեկը։
Հարիմում օտարերկրացի փրկարարներ չկան․ ավերակները փորում են հենց բնակիչները, այդ թվում՝ երեխաները։
Օրը վերջանում է, և ես վերադառնում եմ Թուրքիա։ Անցնում եմ սահմանը ու շուտով հայտնվում եմ շտապ օգնության և շինարարական տեխնիկայի մեքենաների խցանման մեջ, բառացիորեն՝ թաղվում եմ պետական և միջազգային օգնության մեջ։ Հեռախոսիս միանգամից հաղորդագրություն է գալիս թուրքական փրկարարից, որը պատմում է, որ իր թիմը փլատակների տակ 132 ժամ անցկացրած մի կնոջ է փրկել։ Իմ հետևում՝ Սիրիայում, մութն ընկնելուն պես ոչինչ չկա՝ բացի լռությունից։