Home / Բանակ / Թուրքիան ճշտվում է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ, բայց միևնույն է պատերազմելու է

Թուրքիան ճշտվում է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ, բայց միևնույն է պատերազմելու է

Անկարան Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) քրդական կազմավորումներից պահանջում է հեռանալ Հալեպի նահանգի երեք քաղաքներից՝ Մանբիջից, Քոբանիից և Թել Ռիֆաթից, հայտնում է Al Jazeera գործակալությունը՝ հղվելով թուրքական պաշտոնական աղբյուրներին։

Էրդողանն, իր հերթին, այսօր հայտարարել է, որ Թուրքիան հաստատակամ է իր սահմաններին «անվտանգության գոտի» ստեղծելու հարցում։

«Թուրքիան հաստատակամ է իր հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Մենք որևէ մեկի թույլտվության կարիքը չունենք մեր հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգությանն առնչվող քայլեր ձեռնարկելու համար, և մենք որևէ մեկին հաշվետու չենք լինելու», – ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Ակնկալվում էր, որ երեկ երեկոյան կայացած կառավարության նիստի ժամանակ թուրքական իշխանությունները կհրապարակեն Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն սկսելու պաշտոնական որոշումը։ Այնուամենայնիվ, պաշտոնական հայտարարություններ դեռևս չկան։

Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիսում և Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK-ի) սիրիական թևի դեմ։ Էրդողանը այն անվանել է հակահարձակում՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի համար, ինչի հետևանքով զոհվել էր 6 և վիրավորվել՝ 81 մարդ։ Իշխանությունները պայթյունի մեջ մեղադրել էին բոլոր քրդական խմբավորումներին, բայց նրանք հերքել էին իրենց մասնակցությունը միջադեպին՝ հիշեցնելով, որ չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը։

Էրդողանը նոր օպերացիան անվանել էր հաջողված և չէր բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային ներխուժում։ Մի քանի օր անց պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ թուրքական բանակը Սիրիայում և Իրաքում հարվածել է 471 թիրախի, ինչը, ըստ ՊՆ նախարարի, Թուրքիայի վերջին ժամանակների ամենամեծ օդային գործողությունն է և «չեզոքացրել» է (սպանել կամ վիրավորել) 254 զինյալների։ SDF-ը (Սիրիայի դեմոկրատական ուժեր) միևնույն ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան թիրախավորում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, հիվանդանոցները, դպրոցները, ինչի հետևանքով առնվազն 15 խաղաղ բնակիչ է զոհվել։

Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից «ահաբեկչական» ճանաչված PKK-ն, ըստ Էրդողանի, Սիրիայի հյուսիսում գործում է PYD (Ժողովրդավարական միություն կուսակցություն), YPG (Ազգային ինքնապաշտպանության ստորաբաժանումներ) և SDF (Սիրիայի դեմոկրատական ուժեր) անվանումների տակ։ Այնուամենայնիվ, արևմուտքը աջակցում է YPG-ին ու SDF-ին, քանի որ նրանք պայքարում են ԻԼԻՊ-ի (ISIS) դեմ։

Թուրքական բանակին ընդամենը մի քանի օր է հարկավոր՝ Սիրիայի հյուսիս ցամաքային ներխուժմանը պատրաստ լինելու համար, նախօրեին գրել է Reuters-ը՝ հղվելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերին։

«Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի ապստամբները նոյեմբերի 13-ի Ստամբուլի պայթյունից ընդամենը մի քանի օր հետո արդեն պատրաստ էին նման օպերացիայի․․․ Շատ ժամանակ չի պահանջվի օպերացիան սկսելու համար։ Դա կախված է միայն նախագահի խոսքից», – ասել է թուրք պաշտոնյան։

Մեկ այլ թուրք պաշտոնյա Reuters-ին ասել է, որ Հալեպի վերոնշյալ քաղաքների գրավումը անխուսափելի է։ 

«Մանբիջի, Քոբանի և Թել Ռիֆաթի թիրախավորումն անխուսափելի էր՝ Թուրքիայի և իր սիրիացի աջակիցների 2016-ի ներխուժումից հետո գրավված տարածքներն իրար կապելու համար», – հայտնել է պաշտոնյան, հավելելով, որ Անկարան իր ռազմական գործունեության առնչությամբ կապի մեջ է եղել թե՛ Մոսկվայի և թե՛ Վաշինգտոնի հետ։

Ավելի վաղ նորություն էր տարածվել, որ Վաշինգտոնն առաջարկում է Անկարային դուրս բերել քուրդ զինյալներին Սիրիայի հյուսիսից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ առանց թուրքական զինված ուժերի ցամաքային օպերացիայի։ Այս մասին գրել է Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով մոտ է կառավարական շրջանակներին։

«Իմանալով նախագահ Էրդողանի վճռականությունը՝ ամերիկացիները միջոցներ են ձեռնարկել այս հարցը առանց օպերացիայի լուծելու համար: ԱՄՆ շտաբի պետ Միլլին բանակցություններ է վարել Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ։ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքին։ Ի՞նչ են նշանակում այս հանդիպումները այն ժամանակ, երբ ցամաքային օպերացիան անխուսափելի է։ Այս բանակցությունները բնական են, որովհետև Քոբանիում կան նաև ամերիկացի զինվորներ։ Տարածաշրջանը գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ։ Ամերիկացիներն առաջարկում են դուրս հանել քուրդ զինյալներին 30 կիլոմետր հեռավորության վրա՝ առանց Թուրքիայի կողմից ցամաքային օպերացիայի անհրաժեշտության», – գրել է սյունակագիրը։

Սելվին նաև ուշադրություն է հրավիրել Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների բանակցությունների վրա։

«Հուլուսի Աքարը բանակցություններ է վարել նաև ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ: Դա նշանակում է, որ ցամաքային գործողությունն անխուսափելի է, քանի որ մեզ տված խոստումները մինչ այժմ չեն կատարվել», – գրել է Սելվին։

Թուրքիան 1992 թվականից ի վեր 8 ռազմական օպերացիա է իրականացրել Իրաքի Քուրդիստանում։ Առաջին անգամը չէ նաև, երբ թուրքական զինված ուժերը օպերացիա են իրականացնում Սիրիայի քրդական ուժերի դեմ։ 1984 թվականից սկսած թուրք-քրդական հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 60 հազար մարդ։

Հարկ է նշել, որ Թուրքիայի ռազմական օպերացիաները գրեթե միշտ համընկնում են նախընտրական գործընթացների, գնաճի ու ճգնաժամերի հետ։ Տես՝ Ինչու է էրդողանական Թուրքիան հորինում «քրդական» վտանգը։