Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի բժշկական ասոցիացիայի նախագահին այն բանից հետո, երբ նա կոչ է արել հետաքննել քիմիական զենքի կիրառումը Իրաքի քրդական շրջաններում։
Բժիշկ Սեբնեմ Քորուր Ֆինչանջին պահանջել էր անկախ հետաքննություն անցկացնել Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ:
Քրդամետ լրատվամիջոցների հետ զրույցում Ֆինչանջին ասել էր, որ ինքը «նայել և ուսումնասիրել է քիմիական զենքի ենթադրյալ զոհերի սոցիալական ցանցերի լուսանկարները» և կոչ արել «արդյունավետ հետաքննություն» իրականացնել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան մեղադրել էր Թուրքիայի զինված ուժերին զրպարտելու և «ահաբեկչական կազմակերպության լեզվով խոսելով» իր երկրին վիրավորելու մեջ։
Անկարայի գլխավոր դատախազության խոսքերով՝ 63-ամյա կինը ձերբակալվել է «ահաբեկչական քարոզչություն» տարածելու մեղադրանքով՝ հակաահաբեկչական ոստիկանության կողմից սկսված հետաքննության շրջանակներում: Իշխանությունները նաև խնդրել են դատարանին հեռացնել Ֆինչանջին Թուրքիայի բժիշկների միության նախագահի պաշտոնից։
Բժշկի կալանավորումից մեկ օր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Թուրքիայի մի շարք քաղաքներում և ձերբակալել քրդամետ լրատվամիջոցների հետ աշխատող 11 լրագրողների: Ըստ ոստիկանության՝ լրագրողներին բերման են ենթարկել «հանրությանը ատելության և թշնամանքի դրդող բովանդակության համար»:
Անցյալ շաբաթ քուրդ զինյալները հրապարակել էին 17 անուններից ու լուսանկարներից բաղկացած մարդկանց ցուցակ, ովքեր զոհվել են թունավոր գազից Հյուսիսային Իրաքում։
Թուրք պաշտոնյաները կտրականապես հերքել էին այն պնդումները, թե թուրքական զինուժը քիմիական զենք է կիրառել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն հայտարարել էր, որ երկրի «զինանոցում չկա քիմիական զենք»։
Ֆինչանջին, որը դատաբժշկական փորձագետ և առաջատար իրավապաշտպան ակտիվիստ է Թուրքիայում, իր կարիերայի մեծ մասն անցկացրել է տարբեր հաստատություններում խոշտանգումների փաստագրման վրա:
Թուրքիայի բժիշկների ասոցիացիան հայտարարել է, որ Ֆինչանջին «լինչի արշավի» զոհ է դարձել: Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը, որտեղ Ֆինչանջին նույնպես նախագահ է եղել, կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան:
Հիշեցնենք՝ ապրիլին Թուրքիան հերթական «հատուկ օպերացիան» է սկսել Իրաքի հյուսիսում։ Պարբերաբար գնդակոծվում են նաև Սիրիայի հյուսիսարևելյան տարածքները։ Թուրքական բանակը գրոհում է թե՛ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) պարտիզանների դիրքերը և թե՛ բնակավայրերը, որտեղ, ըստ նրանց, կան պարտիզանական ուժեր։
PKK-ի անդամներին և համակիրներին թուրքական պետությունը վաղուց ահաբեկիչ է հռչակել․ երկարամյա պատերազմը, որ ծավալվում է Իրաքում և Սիրիայում, պաշտոնական Անկարան և նրան երկրորդող միջազգային մամուլը հաճախ ներկայացնում են որպես «հակաահաբեկչական» գործողություն։ Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները գրեթե չեն լուսաբանվում․ չկան ստույգ տեղեկություններ ո՛չ զոհերի, ո՛չ էլ ռազմական գործողությունների մասին։
Տես նաև՝ Քուրդիստանի «անհետաքրքիր» պատերազմը․ օրագիր