Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու քուրդ մարտիկների, հաղորդում է քրդական Firatnews լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին (HPG)։ Մեղադրանքներին արձագանքել է Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և Արդարադատության նախարարությունը։
քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր
«Ընկերներ Լեհենգը (Աթիլլա Չիչեք) և Ալիշերը (Հուսեյին Յըլդրըմ) 2021 թվականի օգոստոսին Հայաստանի հետ սահմանային գոտում հանդիպել են հայկական պետության ուժերին և ողջախոհություն ցուցաբերել՝ բացասական իրավիճակից խուսափելու համար։ Այնուամենայնիվ, նրանց բերման են ենթարկել, կալանավորել ու մեղադրանք առաջադրել։
Մեր ընկերները իրավական պայքար են մղել և 2022 թվականի փետրվարի 23-ին կանգնել Հայաստանի Վերաքննիչ դատարանի առաջ, որը որոշեց նրանց ազատ արձակել։ Համաձայն միջազգային ու Հայաստանի օրենքի՝ նրանք պետք է ազատ արձակվեին։ Փոխարենը, նրանք առևանգվեցին և կալանավորվեցին հայկական հետախուզության կողմից։ Թեև նրանց խոստացել էին ազատ արձակել ձեռնարկված գործողությունների հետո, մոտ մեկ ամիս առաջ նրանց արտահանձնեցին Հայաստանից Թուրքիա։
Հայաստանի համար խայտառակություն է ցեղասպան թուրքական պետությանը հանձնել քուրդ հեղափոխականների, ովքեր պայքարում են իրենց ժողովրդի գոյության և ազատության համար, կարեկցում են բոլոր ճնշված ժողովուրդների ցավը», – ասվում է HPG-ի հայտարարության մեջ։
Թուրքական լրատվամիջոցները այս իրադարձությունը ներկայացրել են որպես Թուրքիայի ազգային հետախուզական գործակալության (MIT) հաջողված օպերացիա։
«Ակնհայտ է, որ սեղանի շուրջ կեղծ սցենարներով ստեղծված MIT-ի հաջողության պատմությունները չեն համապատասխանում իրականությանը։ Քուրդիստանի և Թուրքիայի ժողովուրդները չպետք է հավատան MIT-ի այս ստերին», – ընգծում է HPG-ն։
Քուրդիստանի ժողովրդավարական համայնքների միությունը (KCK), իր հերթին, դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։
«Քուրդիստանի Ազատության Պայքարը ոչ միայն կռվում է քուրդ ժողովրդի, այլ նաև տարածաշրջանի ժողովուրդների, մասնավորապես՝ հայ ժողովրդի, ազատության և ազատագրման համար։ <…>
<…> Որպես Քրդական Ազատության Շարժում, մենք կոչ ենք անում Փաշինյանի կառավարությանը անհապաղ հրաժարվել ցեղասպան, գաղութատեր թուրքական պետության հետ իր համագործակցային հարաբերություններից և ներողություն խնդրել հայ և քուրդ ժողովուրդներից այս միջադեպի համար», – ասվում է KCK-ի հայտարարության մեջ։
Երևանի արձագանքը
Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հերքել է քուրդ զինյալներին հանձնելու առնչվող մեղադրանքները։
«Հաշվի առնելով ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ԱԱԾ հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորելու Ծառայությանը», – ասված է ԱԱԾ-ի հայտարարության մեջ։
Ծառայությունը ընդգծել է՝ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։
Ի լրումն ԱԱԾ հաղորդագրության՝ Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ ինքն է իրավասու դատապարտյալին փոխանցել քաղաքացիության երկիր՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով։
«Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ անձանց Թուրքիային փոխանցում չի իրականացվել։ Ավելին՝ նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել», – հայտարարել է նախարարությունը։
HPG-ն, որի անդամ են արտահանձնված քրդերը, Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ռազմական թևն է։ PKK-ն մարքսիստական շարժում է, որը 1980-ականներից ի վեր պայքարում է քրդերի քաղաքական իրավունքների համար։ PKK-ն «ահաբեկչական կազմակերպություն» է ճանաչվել ոչ միայն Թուրքիայի, այլև ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Եվրամիության կողմից:
Թուրքիայի 84 միլիոնանոց բնակչության գրեթե 20%-ը քուրդ է, որոշ քրդեր զբաղեցնում են կարևոր պաշտոններ Թուրքիայի քաղաքականության և հասարակության մեջ՝ իհարկե թուրքական պետության կողմից խտրականության ու ճնշումների ենթարկվելով: 1923 թվականից՝ Թուրքիայի նոր պետության հիմնադրումից ի վեր, քրդերը էթնիկ զտումների ու ջարդերի զոհ են դարձել։
Տարածված լինելով Թուրքիայիում, Սիրիայում, Իրաքում և Իրանում՝ քրդերը ենթարկվել են ծանր հալածանքների, մարգինալացվել և դարձել ցեղասպանության զոհ: Քրդական տարբեր խմբեր տասնամյակների ընթացքում առաջ են քաշել քրդական ինքնավարության և պետականության հարցը, որոշները՝ օրինակ PKK-ն՝ զենքի միջոցով: