Home / Բանակ / Շվեդիան արդեն 4 քրդերի է հանձնել Թուրքիային․ քուրդ պատգամավոր

Շվեդիան արդեն 4 քրդերի է հանձնել Թուրքիային․ քուրդ պատգամավոր

««Ահաբեկիչների» արտահանձնման գործընթացը սկսված է։ Շվեդիան Թուրքիային է հանձնել արդեն 4 քրդերի», – ասել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, PJAK (The Kurdistan free life party) քրդական ձախական կազմակերպության նախկին անդամ Ամինա Կակաբավեն Rudaw լրատվականի հետ հարցազրույցում։ 

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ ՆԱՏՕ անդամ բոլոր 30 երկրները ստորագրեցին դաշինքին միանալու մասին Ֆինլանդիայի և Շվեդիայի արձանագրությունը։ 

Դեպի ՆԱՏՕ նրանց ճանապարհին խոչընդոտում էր Թուրքիան, որը դժգոհ էր իր դեմ կիրառված զենքի էմբարգոյից (2019թ․-ին Սիրիայի վրա հարձակումից հետո) և նրանից, որ քրդերը, որոնց Անկարան ահաբեկիչներ է հռչակել, ապաստան են գտել սկանդինավյան երկրներում։ Խոսքը քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մասին է՝ մարքսիստական շարժում, որը 1980-ականներից ի վեր պայքարում է քրդերի քաղաքական իրավունքների համար։ 

Թուրքիան, ի վերջո, աջակցեց Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալուն՝ իհարկե որոշ պայմանների դիմաց։ Շվեդիան և Ֆինլանդիան, ի թիվս այլի, խոստացել են օգնել ոչնչացնել քրդական քաղաքական միավորները, ակտիվացնել քուրդ ակտիվիստների արտահանձնման աշխատանքները և վերացնել թուրքական զենքի նկատմամբ մինչ այդ սահմանված էմբարգոն։

Ծագումով քուրդ, շվեդ պատգամավորի հարցազրույցի առանցքային հատվածները ստորև՝

Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 28-ին լրագրողներին հայտարարեց. «Այժմ այս առնչությամբ կան խոստումներ։ Օրինակ՝ Շվեդիան մեզ 73 ահաբեկիչ է ուղարկելու։ Այս պահին նրանցից (ահաբեկիչներից – խմբ․) երեք-չորս հոգի ուղարկել են։ Բայց դա մեզ համար բավարար չէ»: Բնականաբար, մեր արդարադատության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, ԱԱԾ-ն ուշադիր հետևելու են գործընթացին։ Սա է մեր պահանջը։ Եթե այն կատարվի՝ խնդիր չկա, հակառակ դեպքում՝ մենք  կշարունակենք անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ մեր համապատասխան կառույցների ու գերատեսչությունների միջոցով։

— Մեծամասնությունը, ում Թուրքիան «ահաբեկիչներ» է անվանում, քրդական, հեղափոխական ու քաղաքական ակտիվիստներ էին, ովքեր ստիպված էին փախչել Թուրքիայից, Սիրիայից ու Իրանից՝ իրենց քաղաքական գործունեության (Թուրքիան նաև պնդում է, որ նրանք PKK-ի իրանական մասնաճյուղի՝ PJAK-ի, անդամներ են) համար։ Բայց շվեդական ոստիկանությունը նրանց ահաբեկիչներ չի համարում։

— [«Ահաբեկիչների»] ցուցակում կան նույնիսկ թուրքեր, որոնցից 4-ը՝ լրագրող։ Նրանցից մեկը գրում էր հայերի ցեղասպանության մասին, իսկ մյուսները՝ հոդվածներ Էրդողանի դեմ։ Էրդողանի ցանկի համաձայն՝ ես էլ եմ ահաբեկիչ։ 

— Ես դեմ եմ, որ Շվեդիայի կառավարությունը կատարի Թուրքիայի ցանկությունները, և ես որոշակի ճնշում եմ գործադրել մեր կառավարության վրա։ Ցուցակում ընդգրկված մարդիկ կռվել են ԻԼԻՊ-ի (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) դեմ՝ աշխարհը փրկելու համար, և նրանք եկել են Շվեդիա՝ վախենալով սպանվել, խոշտանգվել և բանտարկվել ԻԼԻՊ-ի բանտում:

— Օրենքն այստեղ նույնը չէ, ինչ Մերձավոր Արևելքում, և գտնվում է դատական մարմնի, ոչ թե քաղաքական գործիչների ձեռքում: Իմ խնդիրը դեռևս ապաստան չստացած և մեղադրվող մարդկանց իրավունքները պաշտպանելն է։ Ես նամակներ էի ուղարկել Amnesty International-ին և Human Rights Watch-ին՝ այս հարցը իրենց օրակարգում դնելու համար:

— Շվեդիայի օրենքները չեն փոխվել։ Ամեն ինչ օրենքով է։ Բայց ճանապարհին շատ վտանգներ կան։ Այսօր դա Թուրքիայի հարցն է, վաղը՝ Իրանինը։ Ես ժամանակին ծառայում էի իրանական Քուրդիստանում փեշմերգա (Իրաքի բանակը և քրդական աշխարհազորային ջոկատները) աշխարհազորայինների շարքերում: Իտալիայում և շատ այլ երկրներում երթեր էին անցկացվում՝ ի աջակցություն մեզ, բայց շվեդական կառավառությունը լռում էր։ Մենք փորձում ենք այնպես անել, որ Թուրքիայի պահանջների պատճառով թույլ չտանք մարդու իրավունքների խախտումներ։ Որովհետև մենք գիտենք, ինչ է Թուրքիան, ինչպիսի ճնշումների է ենթարկում մարդկանց․ թե՛ թուրքերին, թե՛ այլ՝ այստեղ ապրող մարդկանց։

— Ես չեմ հավատում Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարությանը այն մասին, որ «արտահանձնված մարդիկ ոչ մի կապ չունեն [Էրդողանի] ցուցակի հետ»։ Եթե դա այդպես է, ապա ինչու նրանք չէին փոխանցվել ավելի շուտ։ Նախարարությունը պետք է հայտարարի արտահանձնված մարդկանց անունները։

— Թուրքիան նաև հայցել է ԴԱԻՇ-ի երկու էմիրների վերադարձը, սակայն շվեդական կառավարությունը, լրագրողները և հասարակությունը իրենց ձայնը բարձրացրեցին՝ կանխելու նրանց տեղափոխումը։ Ես զարմանում եմ՝ ինչու նրանց հետ չուղարկեցին։ Նրանք մինչ այդ էլ նստած էին թուրքական բանտերում։ 

Քրդական հարցը տարիներ շարունակ Շվեդիայի և Թուրքիայի միջև կռվախնձոր էր: Քրդական սփյուռքը Շվեդիայում մեծ է (100-150 հազար հոգի), լավ ինտեգրված և քաղաքականապես ակտիվ: Ներկայումս Շվեդիայի խորհրդարանում 6 քուրդ պատգամավոր կա։