Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր 30 երկրները ստորագրել են ՆԱՏՕ-ին միանալու մասին Ֆինլանդիայի և Շվեդիայի արձանագրությունը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ սա «իսկապես պատմական պահ է»։
Արձանագրության ստորագրումը նշանակում է, որ 2 երկրներն էլ կկարողանան մասնակցել ՆԱՏՕ-ի նիստերին և ավելի մեծ հասանելիություն ձեռք բերել հետախուզական տեղեկատվությանը, սակայն միանալու ժամանակահատվածում նրանք չեն ապահովվի դաշինքի հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածով (իր անդամ պետությունների անվտանգության և անկախության պաշտպանության ապահովումը քաղաքական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ռազմական միջոցներով)։
Այնուամենայնիվ, ավելի վաղ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի մյուս անդամները երաշխավորել էին Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը դաշինք մտնելու ժամանակահատվածում։
Ֆինլանդիան և Շվեդիան կդառնան դաշինքի լիիրավ անդամներ, երբ այս արձանագրությունը վավերացվի բոլոր մասնակից երկրների խորհրդարանների կողմից։ Այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ խնդիր չի տեսնում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության մեջ, սակայն նախազգուշացրել է երկու երկրներին խուսափել Ռուսաստանի համար սպառնալիքներ ստեղծելուց և խոստացել հայելային ձևով արձագանքել ի պատասխան նման սպառնալիքների։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան որոշել էին հրաժարվել տասնամյակներով շարունակվող չեզոքության քաղաքականությունից և Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին՝ դիմել էին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Դեպի ՆԱՏՕ նրանց ճանապարհին խոչընդոտում էր Թուրքիան, որը դժգոհ էր իր դեմ կիրառված զենքի էմբարգոյից (2019թ․-ին Սիրիայի վրա հարձակումից հետո) և նրանից, որ քրդերը, որոնց Անկարան ահաբեկիչներ է հռչակել, ապաստան են գտել սկանդինավյան երկրներում։ Խոսքը քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մասին է՝ մարքսիստական շարժում, որը 1980-ականներից ի վեր պայքարում է քրդերի քաղաքական իրավունքների համար։
Թուրքիան, ի վերջո, աջակցեց Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալուն՝ իհարկե որոշ պայմանների դիմաց։ Շվեդիան և Ֆինլանդիան, ի թիվս այլի, խոստացել են, որ կօգնեն ոչնչացնել քրդական քաղաքական միավորները, կակտիվացնեն քուրդ ակտիվիստների արտահանձնման աշխատանքները և կվերացնեն թուրքական զենքի նկատմամբ մինչ այդ սահմանված էմբարգոն։